Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԵԼԱՔՍ», ԱՍԵԼ Է ԹԵ՝ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱԼ

Դեկտեմբեր 18,1998 00:00
cov

Կարծում եմ, կհամաձայնեք, որ ճանապարհորդել բոլորն են սիրում, համենայնդեպս՝ շատ-շատերը։ Բոլորս էլ մեր երազներում փայփայում ենք այս կամ այն երկիր երբեւէ ճանապարհորդելու հնարավորությունը։ Մի մասը նախընտրում է ճանապարհորդության դասական ձեւը. արեւմտյան որեւէ երկիր բարձրաստիճան հյուրանոցով, մյուս մասը՝ նավագնացությունը, երրորդները՝ ասենք, ձիարշավը, չորրորդները՝ վայրի հանգիստն ու էկզոտիկ վայրերը։ Անձամբ ես երազում եմ երբեւէ հանգստանալ Թաիթիում՝ անցնելով Գոգենի հետքերով։

Հայաստանը տուրիզմի երկիր դարձնելու գաղափարը գնալով ավելի հաճախակի է հնչում։ Թե ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը (նրան է տրված տուրիզմի խնդիրների կարգավորումը) ինչպես կգայթակղի արտասահմանցի տուրիստներին՝ դեռեւս անհայտ է։ Սակայն փաստ է, որ տուրիզմի հայ սիրահարները եւս փորձում են հետ չմնալ արտերկրի իրենց «գործընկերներից»։ Ներկայումս Հայաստանում գործում են բազմաթիվ տուրիստական ֆիրմաներ. մոտավոր հաշվարկներով ամեն տարի հանրապետությունից 5-10 հազար մարդ է մեկնում տուրիստական նպատակներով։

Իհարկե, քիչ չեն նաեւ առեւտրական նպատակներով մեկնողները, նրանց համար ճամփորդությունը շատ հստակ է. մեկնել այսինչ երկիր, առեւտուր անել եւ վերադառնալ (կամ չվերադառնալ)։ Ինչ վերաբերում է հատկապես տուրիզմի սիրահարներին՝ չեմ կարծում, թե նրանց համար ապահովված է կողմնորոշվելու հնարավորությունը։ Մեզ մոտ շատ թույլ պատկերացում կա տուրիզմի ձեւերի մասին, լավագույն դեպքում տուրիզմ ասվածը մեզ պատկերանում է որեւէ եվրոպական երկրի հյուրանոցում հյուրընկալվելը։ Մեր հանրապետությունում առաջարկվող տուրիզմի հնարավոր ձեւերին ծանոթանալու նպատակով «Ռելաքս» տուրիստական ֆիրմայի միջոցով յուրաքանչյուր ուրբաթ կգործի «Ճանապարհորդություն» խորագիրը։

Այս հրապարակման մեջ կփորձենք տալ «Ռելաքս» ֆիրմայի ընդհանուր նկարագիրն ու նրա կողմից առաջարկվող տուրիզմի ձեւերի տեսականին։ «Ռելաքս» ֆիրմայի հիմնական գործընկերը Դուբայի նույնանուն ֆիրման է։ Նրա հետ գործարար հարաբերություններ հաստատելուց հետո որոշվեց Հայաստանում բացել «Ռելաքս» տուրիստական ֆիրման։ Դուբայի հետ համագործակցությունը նպատակ ունի խթանել Դուբայի, ինչպես նաեւ Արեւելքի երկրների հետ տուրիստական գործունեությունը։ Արեւելքում գործընկեր ունենալը կդյուրացնի նաեւ օդային չվերթների ընդունված կարգը (այսինքն՝ Երեւան-Մոսկվա-Արեւմուտքի որեւէ երկիր չվերթի կողքին կառաջարկվի նաեւ այլընտրանքային Երեւան-Դուբայ-Արեւմուտք կամ Արեւելք)։ Դուբայի գործընկերոջ շնորհիվ տեղի «Ռելաքս» ֆիրման տուրիստական ճանապարհորդություններ է առաջարկում Թաիլանդ, Հնդկաստան, Սինգապուր, Հարավային Աֆրիկայի որոշ երկրներ։ Իսկ եթե դուք շքեղ տուրիզմի սիրահար եք, «Ռելաքսը» ձեզ հնարավորություն կտա հանգստանալ Հնդկական օվկիանոսի ափերը ողողող եռանկյունու Մալդիվյան, Սեյշելյան կղզիների ու Մավրիկիի հանգստավայրերում։ Արեւելյան գործընկերոջ շնորհիվ «Ռելաքսը» իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում գործարար այցերը համատեղել հանգստի հետ, ասել է թե՝ օգտակարը հաճելիի հետ։ Իհարկե, մենք ավելի հակված ենք հանգստանալ կամ ավելի ճիշտ՝ երբեւէ ընկնել Եվրոպա. մեր այդ ցանկությունն իրականություն դարձնելը եւս խնդիր չի «Ռելաքսի» համար, ընդ որում՝ նույնիսկ առաջարկվում են Եվրոպայի այն երկրները, որտեղ Հայաստանի Հանրապետության դեսպանատներ չկան։

Հայտնի է, որ նոր տնտեսական փոխհարաբերությունների արդյունքում (թե պատճառով) մեր հանրապետությունում առաջացավ մեծահարուստների խավ ու, բնականաբար, ինչպես նրանց աշխատանքը, այնպես էլ հանգիստը, էականորեն տարբերվում է սովորական մահկանացուներիցս։ Ահա այդ խավի համար էլ «Ռելաքսը» առաջարկում է «Հարուստների տուրիզմ» ծրագիրը, որով հրավիրում են այն հանգստավայրերը, ուր եզակի մարդկանց է տրվում վայելելու հաճույքը, ասենք՝ երկշաբաթյա շուրջերկրյա նավագնացությունը Էկվադորից մինչեւ Գալապոլյան կղզիներ կամ թե հարսանեկան ճանապարհորդությունն անցկացնել Անգլիայի միջին դարերի դղյակներում։ Եվրոպական երկրներից, թերեւս, ամենից շատ «Ռելաքսը» Անգլիայի հանգստավայրերն է առաջարկում. այդ երկրին է պատկանում «Բետընդբեկֆեստ» համակարգը, այն ենթադրվում է փոքր առանձնատներ՝ ննջարաններով, ուր ամեն առավոտ տնտեսուհին նախաճաշ է մատուցում։ Այս համակարգը թեպետ հյուրանոցայինից էժան է, սակայն իր պայմաններով չի զիջում նույնիսկ 5 աստղանի հյուրանոցին։

«Ռելաքսը» փորձում է բավարարել տուրիզմի ցանկացած ձեւի սիրահարներին (եթե նույնիսկ մեր մտքով չի անցնում, թե նման բան կա աշխարհում)։ Չնեղացնելով ֆրանկոֆոններին, «Ռելաքսը» առաջարկում է մասնակցել Ֆրանսիայի՝ Նիցցայի փետրվարյան ամենամյա փառատոներին։ Իսկ ինձ նման անհույս երազողներին «Ռելաքսը» խոստանում է մասնակիցը դարձնել Ռիո Դե Ժանեյրոյի հայտնի կառնավալներին, էկոտուրիզմի սիրահարներին առաջարկում է ճամփորդություն Կանադայով։ Ու սրա կողքին ամեն տեսակ ձիարշավներ, նավագնացություններ, եւ այլն։

Սակայն այս ամենը չնչին է այն հաջորդ ծրագրի համեմատ, որ կոչվում է «Թայմ շեր»։ Այստեղ հայտնի հերոսը կգոչեր. «Ներվայիններին խնդրում ենք չնայել»։ Ոչ ներվայիններին հայտնենք, որ տուրիզմի այս ձեւը նրանց համար է, ովքեր կարողանում են տարվա ընթացքում պլանավորել աշխատանքի եւ հանգստի ժամանակահատվածները։ «Թայմ շերի» շնորհիվ հնարավորություն է ընձեռվում, այսպես ասած, բաժնետերեր դառնալ օվկիանոսի ափին շքեղ առանձնատան եւ ամեն տարի հանգստանալ միեւնույն տեղում, իսկ տվյալ վայրից ձանձրանալու դեպքում առաջարկվում է փոխանակման տարբերակ։ Կոնկրետ՝ «Ռելաքսը» առաջարկում է տուրիզմի այս ձեւը վայելել ոչ թե էժանագին Կանարյան կղզիներում, այլ Անգլիայի Կոռնուոլ թերակղզում։

«Ռելաքսը» ինքն է հոգում հաճախորդի հրավերի, տրանսպորտի, տոմսի հետ կապված խնդիրները ու դրանից ավելի կարեւորում է խորհրդատվության ապահովումը (սկսած երկրի, հյուրանոցի պայմաններից, մինչեւ եղանակի տեսություն)։ Ի դեպ, «Ռելաքսը» իր ապրանքը առաջարկում է առանց հավելավճարների։ «Ռելաքսը» երեք խնդիր է դրել իր առջեւ. բավարարել սովորական տուրիստական պահանջները, առաջարկել տուրիզմի ոչ ստանդարտ ձեւեր, ձեւավորել պատկերացում նոր տուրիզմի մասին։ Մեր հաջորդ հրապարակումներում, թերեւս, կբացահայտենք վերը նշված խնդիրները։

ԼՈԻՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031