Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՒՇՏԸ ՍՈՎԱԾԻՆ ՄԱՆՐ ԿԲՐԴԵ»

Դեկտեմբեր 18,1998 00:00
tnki

Բաց նամակ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանին

Պարոն մարզպետ, սկզբում, երբ նոր եկաք մեր շրջան, հույսեր ներշնչեցիք, թե վերջապես մեր շրջանի ղեկավար է դարձել մի մարդ, որն աշխատասեր է եւ գիտի աշխատող մարդկանց գինը, ուրախ է նպաստել նրանց, որպեսզի շրջանը ծաղկում ապրի։ Աշխատել եմ ինժեներ-հիդրոերկրաբան, այնուհետեւ Հոկտեմբերյանի շինանյութերի եւ իրերի կոմբինատում լեռնային վարպետից հասել եմ մինչեւ դիրեկտորի պաշտոնի։ Հինգ տարի ղեկավարել եմ Պարտիզակի շինանյութերի եւ իրերի կոմբինատը եւ այն ճգնաժամային տարիներին մեր կոմբինատում ընդհանուր վիճակն ավելի քան բավարար էր։ Բայց ի՞նչ եղավ հետո, երբ մի բախտախնդիր նախարարի անհեռատես հրամանով ինձ աշխատանքից ազատեցին։ Հիմնարկը քարուքանդ եղավ, եւ կոլեկտիվն այսօր անմխիթար վիճակի մեջ է։

Քարհանքից դուրս գալուց հետո իմ փոխարեն մեկ ուրիշը գուցե հիասթափություն ապրեր եւ հեռանար հանրապետությունից, օտարներին ծառայեցնելով իր շնորհքը, բայց ես հիմնեցի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի գործունեությունը եղավ գյուղատնտեսությունը։ Շուրջ 5-6 տարի անմշակ էին մնացել շրջանի պահուստային հողերը, որոնք ժամանակավորապես տրված էին գյուղերին, բայց գյուղխորհրդի նախագահները գրավոր նամակ էին հղել գյուղվարչությանն ու գործկոմ, հրաժարվելով այդ հողերի մշակությունից։ Հողերը կրկնակի աղակալման վտանգի տակ էին, ջուր չկար, ջրային ցանցը չէր գործում, միջոցներ չկային… Այդ անապատը, որից բոլորը հրաժարվել էին, ես վերցրի պայմանագրով եւ հասկանում էի, որ թեպետ դժվար, բայց անհնար չէ այդ անջրդի, անապատի վերածված տարածքը ծաղկեցնել։ Մեծ գումարներ էին պահանջվում, որը ես չունեի։

Գյուղսովետի նախագահները, գործկոմի նախագահն անձամբ խորհուրդ չէին տալիս ինձ մտնել այդ ծանր լծի տակ։ Նրանց քմծիծաղների դիմաց ես մեծ պարտքեր արեցի, կանգնեցրի իմ տան շինարարությունը (ընտանիքիս անդամները մինչեւ օրս նկուղում են ապրում), ամբողջ ուժս ու եռանդս ի մի հավաքեցի, արդյունքը… Ձեզ հետաքրքի՞ր է արդյունքը, պարո՛ն մարզպետ… Արդյունքը շուրջ 130 հա ցանված ու մշակված հողերն են։ Այդքան հող շրջանում ոչ ոք չի մշակել, եւ Հայաստան եկած ամերիկյան ֆերմերներին շրջագայության էին բերել հենց ի՛մ մշակած հողերը եւ հպարտությամբ ցուցադրում ու պարծենում էին… Ուրիշի աշխատանքով հպարտանալը հեշտ է։ Չէ՞ որ պետությունն ինձ նույնիսկ վարկ չտվեց։ Այդ տարիներին գործկոմում նախաձեռնել էին զոհված ազատամարտիկներին նվիրված մի հուշարձան կառուցել, որն իրենց ուժերից վեր համարելով՝ կրկին կառչեցին իմ էնտուզիազմին եւ գործին գործավարի հմտությամբ մոտենալու իմ շնորհքին. ինձ առաջարկեցին շուրջ 5 մլն դրամ արժողությամբ այդ հուշարձանի կառուցումը։ Իմ հաշվին փոխանցվել է ընդամենը 1,4 մլն դրամ (մնացածը հետագայում փոխանցելու խոստումով), որն ավելի քան քիչ էր ամբողջ շինարարությունը ավարտին հասցնելու համար։

Պարոն Հովհաննիսյանը ամբողջ դափնիները վերագրեց իրեն՝ հուշահամալիրի բացմանն անգամ ինձ չհրավիրելով։ Պարտք մնացած գումարների մասին մոռացան։ Բանավոր շնորհակալություն իսկ չեղավ։ Նոյեմբերի 21-ին մարզպետարանի բակում կազմակերպած ծառատունկը մի մեծ արարողության էիք վերածել, հեռուստատեսությունից նկարահանող խումբ բերել, իբր շա՜տ մեծ գործ եք անում, իսկ ձեր տեղակալ Մեխակ Մխիթարյանը կամերայի առջեւ ինչքան էր ջանում ցուցադրվել՝ պատրանք ստեղծելով, թե մի կարգին գործ է անում։ Ո՞ւր էր այն ժամանակ այդ Մեխակ Մխիթարյանը, որը գործկոմի նախագահ էր, բայց այդ հողերն ամայանում էին։ Նրա նախագահ եղած տարիներն էին, որ այդ հողերը անապատի վերածվեցին, թեպետ կոլտնտեսությունները ունեին ե՛ւ տեխնիկա, ե՛ւ աշխատուժ։ Մի՞թե նա չկարողացավ կազմակերպել աշխատանքներն այնպես, որ այդ հողերը մշակվեին։ Այդ ժամանակ դա նրա սուրբ պարտականությունն էր, եթե նա իրո՛ք աշխատող էր, ոչ թե թոզ փչող… Ես պիտի պայքարեմ, որ այս հողերն էլ չարժանանան քարհանքի ճակատագրին։

Ի՞նչ երաշխիք, թե մեկ կամ երկու տարի հետո մաս-մաս եղած, տարբեր տերերի բաժին հասած հողերը նորից անտեր չեն մնա։ Քանի դեռ ցանված են ու մշակված, բաժին ուզողներ շատ կգտնվեն, իսկ հետո չե՞ն հրաժարվի կրկին։ Չէ՞ որ ես այնտեղ պոմպեր եմ տեղադրել, ջրային ցանց եմ ստեղծել, ամեն ամիս ջրային ցանցը նստվածքներից մաքրելու համար մեծ ծախսեր են պահանջվում։ Արգավանդի նախկին նախագահ Իվան Աղաջանյանը, որ հիմա գյուղապետ է, այդ հողերից հրաժարվողներից առաջինն էր։ Այսօր ցանված ու պատրաստի տեսնելով՝ հողերը հետ պահանջողներից առաջինն է դարձել։ Ի՞նչն է փոխվել այդ հողերում։ Անապատը ծաղկանո՞ց է դարձել եւ ավելի գրավի՞չ։ Իսկ դուք փորձում եք խանգարել ինձ եւ ժամկետից շուտ չեղյալ հայտարարել իմ պայմանագիրը, առանց հաշվի առնելու այն մեծ հեռանկարային կապիտալ ներդրումները, որ ես արել եմ այդ հողերում եւ որ ես պետք է տասը տարվա ընթացքում հետ ստանայի, նույնիսկ շահույթներ ունենայի։ Ո՞վ պետք է կոմպենսացնի իմ ծախսերը։ Լավ կլիներ, որ այդ ծախսերի կոմպենսացիան Մեխակ Մխիթարյանի գրպանից գանձվեր, քանի որ ժամանակին նա շատ է թալանել այս շրջանը եւ այսօր ինքն է ձեզ հրահրում նման քայլերի, մինչդեռ նրա ղեկավարության օրոք են այդ հողերը ամայացել, իսկ փոխմարզպետի պաշտոն ստանալուց հետո նա ինձ կանչել էր իր մոտ եւ ուզում էր իմանալ, թե այդ հողերից ստացված եկամուտներից ես իրեն որքա՞ն բաժին կհանեմ, որպեսզի այդ հողերը ինձնից խլել չտա։

Նրա օրոք ամայացած հողերը ես ծաղկեցրել եմ, դեռ պարտքերը չեմ փակել, օգուտ չեմ տեսել, իսկ նա իմ քրտինքով ուզում է գրպանը հարստացնել եւ ձե՛զ է օգտագործում։ Ինձնից հետո քարուքանդ եղած ու ողբալի վիճակի հասած հիմնարկն այսօր ավելի վատ կացության մեջ է ընկել, քանի որ շուրջ երկու ամիս է, ինչ ձեր հրամանով դադարեցվել է էլեկտրամատակարարումն այդ հանքերին։ Ի՞նչ է, դուք չե՞ք հասկանում, որ այնտեղ աշխատողներին զրկում եք ցամաք հաց վաստակելու վերջին հույսից։ Պարտքերի տակ ընկած կոմբինատը հանվել է աճուրդի, բայց ոչ ոք չի ուզում գնել այն (եթե ծաղկուն վիճակում լիներ, գնողներ շատ կգտնվեին։ Պատրաստին՝ քաղցր է)։ Իսկ դուք, փոխանակ օգնեք եւ օժանդակեք, որ այդ հիմնարկն աշխուժանա, քարի արդյունահանումն ավելանա, ստիպում եք պարտքերի տակ կքած կոլեկտիվին ասֆալտապատել Նորավանի խճուղին, որպեսզի հետո (ցուցադրական ծառատնկման նման) նոր ընտրությունների շեմին այդ ասֆալտապատ ճանապարհը դարձնեք ձեր հեղինակության բարձրացման գլխավոր խաղաքարտերից մեկը՝ անտեղյակ ընտրողների առաջ։ Եթե այդ խճուղին ասֆալտապատվի էլ, այն կլինի քարհանքում աշխատողների քրտինքի արդյունքը, բայց ո՛չ ձեր նվաճումը։

Քարհանքի աշխատողների խնդրանքով ես արդեն որոշել եմ զբաղվել իմ նախկին հիմնարկի ճակատագրով։ Այդ քանդված հիմնարկը մեկ-երկու տարի հետո պիտի նորից ծաղկի, ես դա խոստանում եմ ձեզ։ Շատ խճուղիներ կասֆալտապատվեն, միայն թե արդեն ի լուր ամենքի պիտի ասվի, թե ո՞ւմ ջանքերն են դրանք, ո՞ր կոլեկտիվի, որպեսզի մոռացության փոշին շուտ չնստի եւ ուրիշն այդ փոշու վրա չգրի սեփական անունը՝ ի լուր անտեղյակ մեծամասնության։ Գիտեմ, այն ժամանակ նոր մարզպետներ կլինեն՝ նոր տեղակալներով եւ ջանք ու եռանդ չեն խնայի այդ ծաղկուն հիմնարկը ձեռք գցելու համար, բայց ո՞ւր են նրանք այսօր։ Գուցե Մեխակ Մխիթարյա՞նը զբաղվի այդ հանքերով եւ ոտքի կանգնեցնի, քանի դեռ ես չեմ նախաձեռնել այդ գործը։ Իր նախանձախնդիր ախորժակով նա հետո լավ վիճակով այն խլել կցանկանա։

Այսքանից հետո ես հույս ունեմ, որ դուք ողջախոհ կգտնվեք, չեք շտապի եւ անմտածված չեք գործի, որպեսզի խուսափեք սխալներից։ Չէ՞ որ դուք շուրջ երկու ամիս է, ինչ շրջելով գյուղերում, գյուղապետերի առաջին իսկ խոսքերի վրա հեշտորեն խոստանում եք, թե այդ հողերը կխլեք ինձնից ու կտրամադրեք իրենց։ Ձեր խոստումներում դուք հաճախ շռայլ եք ու անարդար իմ հասցեին։ Չէ՞ որ հողի իսկական տերը այն մշակողն է, ծաղկեցնողը։

Ձեզ կոչ եմ անում լինել անհատականություն, ո՛չ թե մեխակե դուդուկի սիրահար, քանի որ ձեր պատիվը թանկ է ավելի, քան մեխակյան անիմաստ ու անսկզբունք հաշվեհարդարը։

ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ

«Կոմպլեքս» ՍՊԸ տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031