Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱԴՐԻ՛Ր ՀԱՐՑԸ ԵՎ ԼՈՒԾԻ՛Ր ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ

Դեկտեմբեր 18,1998 00:00
krtutyun

Վերջին տարիներին կրթական համակարգում կատարված բոլոր փոփոխությունները, ընդունված կարգի համաձայն, բարեփոխումներ են անվանվում։ Մի բան հաստատ է. կրթական համակարգին փութաջան ազգային բնույթ են հաղորդում։ «Առավոտն» արդեն անդրադարձել է մաթեմատիկայի 2-րդ դասարանի իր բնույթով՝ ազգային, բովանդակությամբ՝ մաթեմատիկական խնդիրներից մեկին։

Սակայն այն եզակի չէ։ Դասագրքի հեղինակները (Վ. Հովհաննիսյան, Արամ Աբրահամյան եւ ուրիշներ) շատ ավելի մեծ խնդիրներ են դրել իրենց առջեւ, քան պարզապես թվաբանություն սովորեցնելը։ Թվաբանություն՝ երկրորդ դասարանցի երեխային ով ասես կսովորեցնի։ Իսկական դասատու (մեծատառով վարժապետ) նրանց չես անվանի։ Իսկական դասատուն (մեծատառով վարժապետը) նա է, ով կհաջողացնի իր հեղինակած մաթեմատիկայի դասագրքում երեխաներին ծանոթացնել կյանքի, մահվան, կյանքի մահվան, մահվան կյանքի փիլիսոփայության հետ։ Իսկական հայ դասատուն (մեծատառով ազգային վարժապետը) միմիայն նա է, ով կյանքի, մահվան (եւ այլն) փիլիսոփայությանը ազգային բնույթ կհաղորդի։ Այսօր «գործող» մաթեմատիկայի երկրորդ դասարանի դասագրքի հեղինակներին հաջողվել է լուծել այս բարդ խնդիրը։

Անհավատալի փաստն ակնհայտ կտեսնեք, եթե բացեք նշված դասագրքի, ասենք, 96 էջը եւ կարդաք 448 համարը կրող հետեւյալ խնդիրը. «Սողոմոնին (հանճարեղ Կոմիտասին) առաջին անգամ Էջմիածին են բերել 12 տարեկան հասակում։ Դրանից հետո նա ապրել է 44 տարի։ Քանի՞ տարի է ապրել Կոմիտասը»։ Չի կարելի, չէ, հայ երեխային վերցնել ու պարզապես հարցնել. ի՞նչ կանի՝ 12-ին գումարած 44։ Այդպես նա անհաղորդակից կմնա մեր ազգային արժեքներին՝ հանճարեղ Կոմիտասին, ս. Էջմիածին (մեղա, Տեր, մեղա)։ Որպեսզի հայ երեխան չկարծի, որ Կոմիտասի քիչ ապրելը կապված է նրա հայ լինելու կամ Էջմիածին տարված լինելու փաստի հետ, մի քանի էջ հետո նրանք ուրիշ խնդիրներ են հորինել։ Ավելի զիլ խնդիր. «Հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը ապրել է 92 տարի, իսկ հայ ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին՝ 83 տարի։ Առաջադրի՛ր հարցը եւ լուծի՛ր խնդիրը»։

99 էջի համար 23 խնդիրը լուծելիս հայ երեխան կհասկանա, որ Սարյանը 9 տարի ավելի է ապրել, որովհետեւ նա մեծ հայ է, իսկ Այվազովսկին ընդամենը ականավոր հայ է։ Որեւէ ցանկություն չունենալով վերլուծել ու բնութագրել հայ մաթեմատիկայի դասագրքի մեծ (ու շատ, թվով՝ վեց) հեղինակներին, հանդգնում եմ առաջարկել սեփական մի խնդիր։ Այդ խնդիրը լուծող երեխան եւս չի շեղվի մահվան փիլիսոփայական մտորումներից, կհաղորդակցվի ազգային պոեզիայի հետ։ Խնդիրը կնպաստի նաեւ ստամոքսահյութի արտադրությանը՝ նրանց մանուկ օրգանիզմում։ Առաջարկվող խնդիրը հետեւյալն է. «Երազումս մի մաքի մոտս եկավ հարցմունքի։ Աստված պահի քո բալին, ո՞նց էր քաշը իմ ձագի, եթե նրանից պատրաստել են 3 կգ խորոված, 7 կգ խաշլամա, 1 կգ ազգային քյաբաբ»։

Ընդունենք. թե՛ դասագրքի հեղինակների, թե՛ իմ առաջադրած խնդիրները լուծող երեխան, իր ինտելեկտուալ մակարդակով լրիվ ի վիճակի (եւ արժանի) կլինի աշխատել այն մասնագիտությամբ, որն այդքան քնարական ներկայացրել է պոետը։ Խոսքը «Լինեի չոբան սարերում հեռու» տողի մասին է։ Սույնով մենք հայ մանուկների մեջ առողջ հետաքրքրություն կառաջացնենք ոչխարաբուծության նկատմամբ։ Իսկ մեր անասնապահության այդ ճյուղը, մեղմ ասած, այնքան էլ ազգային ձեռքերում չէ։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հ.Գ. Եթե ՀՀ գիտության եւ կրթության նախարարությանը հաջողվել է առաջադրել հարցը եւ լուծել թիվ 23 խնդիրը՝ Մ. Սարյանի եւ Հ. Այվազովսկու մասին, ապա նախարարության համար նոր խնդիր եմ առաջարկում. «Քանի՞ տարի կմնա այս դասագիրքը»։ Կամ մեկ այլ խնդիր՝ «Քանի՞ տարի կարելի է ազգայինից խոսելով վարկաբեկել ազգային արժեքները»։ Անկեղծ ասած, նախարարության պատասխանը գոնե ինձ չի հետաքրքրում։ Հետաքրքրում է տարրական դասարանների որեւէ ուսուցչի կարծիք, որն այդ խնդիրը երեխաներին հանձնարարել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031