Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՈՒՏՔԸ՝ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ

Դեկտեմբեր 18,1998 00:00
patuhan

Հիշո՞ւմ եք, ճամարտակելու կարիք չկար։ Բավական էր առաջին հանդիպած պոլիցիային հայտնել նվիրական բառերը, եւ անմիջապես մեր հոյակապ ճամփորդը հայտնվում է «հանձնման» առաջին ենթակայանում։ Այստեղից մեր նորաթուխ եվրոպացիների բառապաշարը հարստանում է տարօրինակ արտահայտություններով։

Համբուրգ։ Hauptbahnhof (երկաթուղային կենտրոնակայան)։ Գերմանական համակարգված եռուզեռ։ Աչք է ծակում արեւելյան տիպի շփոթված մարդկանց խումբը։ Թափառող աչքեր, չսափրված դեմքեր, իրերին ու երեխաներին ուշադիր հետեւող կանայք։ Նրանցով հետաքրքրված եղբայր-պոլիցայը, առանց ավելորդ հարցուփորձի, տանում է մոտակա բաժանմունքը։ Այստեղ պարտադիր լոգանքից, մատնահետքեր վերցնելուց եւ նախնական գրանցումից հետո տալիս են պարզունակ հատակագիծ, որտեղ սլաքներով նշված է ինչպես հասնել Բիբերհաուզ (հանձնման կետ)։ Որոշ կասկածելիների ուղեկցում են անձամբ՝ ճիշտ ճանապարհից չշեղվելու համար։ Հանձնման կետում ժամանակ առ ժամանակ գոյանում են հերթեր։ Դեմոգրաֆիկ պատկերը խայտաբղետ է։ Ռուսներ, ռումինացիներ, ալբանացիներ, սերբեր, աֆրիկացիներ, արաբներ։ Մի խոսքով, թեժ կետերից ու չտարրալուծված անցյալից եվրաներկա ձգտողներ։ Նախկին սովետականների քաղաքական ապաստան խնդրելու փաստարկները շարադրվում են որոշակի շաբլոնով։ Որեւէ մի գրաճանաչ ողջ խմբի համար ի վիճակի է քաղաքական փաստարկներ ստեղծագործելու։ Հանձնվելու պատճառները հաճախ հիշեցնում են ճակատային ամփոփագրեր եւ դետեկտիվ սցենարներ։ Գրանցողներն այս ամենը ընդունում են գործնական անտարբերությամբ, դույզն-ինչ չազդվելով դիլետանտական բանահյուսությունից։ Ինքնակենսագրական տեղեկություններ հաղորդելիս, հանձնվողները երեւակայության պակաս չունեն։

Պարզվում է, որ նրանցից շատերը քաղաքական գործիչներ ու մշակույթի երախտավորներ են։ Այնուամենայնիվ, շատերից մատնահետք են վերցնում, որը ամենահաստատ անձնագիրն է։ Ֆրանսիայում սրան գումարած, նշվում է նաեւ աչքերի գույնը։ Որոշ աճպարարներ հանձնվում են մի քանի անգամ՝ տարբեր տեղերում։ Փող վաստակելու յուրահատուկ ձեւ է։ Կեղծ անուններով ստացված նպաստները պատկառելի գումար են կազմում։ Մի աֆրիկացու հաջողվել էր նույն քաղաքում հանձնվել յոթ անգամ։ Բազմակի ազուլ-աստղը բացահայտվեց ութերորդ փորձին։ Վերջին անուն-ազգանունը Մայքլ Ջեքսոն էր։ Ավետյաց երկրի ամենաձգող կետերից մեկը ազատ ու անկախ հող Համբուրգն է։ Համբուրգը ամենանպաստաբերն է, քանի որ ամենաբարձր դրամական նպաստն է ապահովում։

Առաջին մուտք գործողները, հայրենիքում թողած մերձավորներին լայնորեն գովազդեցին ազատ, անկախ հողը։ «Ստե մենակ չկան չկա» կամ «նայն պրոբլեմ»։ Ու… սկսվեց արտահոսքը. ավտոբուսներով, գերդաստաններով, ախպերություններով ու թաղային փոքրամասնություններով։

Նավերում մուտք ու ելքը անցագրերով ու անձը հաստատող փաստաթղթերով է՝ անօրեն առեւտուրն ու զանազան կոնֆլիկտները կանխելու նպատակով։ Այստեղ օրը երեք անգամ փաթեթավորված սնունդ են տալիս։ Իր որակով ու բազմազանությամբ չի զիջում միջին կարգի խոհանոցների խորտիկներին։ «Փառքդ շատ, Գերմանիա, ապելսին նոր տարուց նոր տարի էինք ուտում»։ Այսպես խոսեց հոկտեմբերին ժամանածներից մեկը։

Սննդից զատ, նավաբնակներին օրվա հաշվարկով փող է տրամադրվում՝ ծխախոտի, տրանսպորտի եւ մանր-մունր ծախսերի համար։ Արեւմտյան առաջին էտապը սահմանափակվում է այս հատկանիշներով, քանի որ վստահ է իր բարձր կազմակերպվածության վրա, որին ուզած-չուզած ենթարկվում են բոլորը։

Արեւելյան ամենախոշոր հավաքատեղին Բոյցենբուրգն է։ Բոյցենբուրգը ամենահզոր ֆիլտրն է։ Նախկինում այստեղ տեղակայված էր անհաղթ ու հզոր կարմիր բանակի ստորաբաժանումներից մեկը։

Թատրոնը մեկնեց՝ դեկորները մնացին։ Զորանոցը վերածվեց փախստականների կենտրոնակայանի։ Նույն զորանոցային երկհարկանի մահճակալներն են, իսկ առաջին անհրաժեշտության պիտույքները պահվում են նույն պահարանիկներում։ Գործում է մուտք ու ելքի ռեժիմ։ Երեկոյան 10-ից հետո մուտքն արգելվում է։ Պոլիցայները անհաղորդ են թախանձանքներին, առավել եւս, երբ լեզվին չես տիրապետում։ Սկսում են կերակրել գրանցվելուց եւ մատնահետքեր վերցնելուց հետո։ Այսպես կոչված, սնունդն էլ մի բան չէ։ Սնվում են օրը երկու անգամ, ընդհանուր զորանոցային ճաշարանում, բանակային ալյումինե գդալներով, հախճապակյա պնակներով։ Մահմեդականները միայն նախաճաշում են։ Ճաշին մատուցված խոզի պաշտետներից ու նրբերշիկներից հրաժարումը ոչ մեկի վրա չի ազդում։

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համբուրգ-Բոյցենբուրգ-Վարշավա-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031