Խորհրդային տարիներին ձեւավորվել էին գյուղատնտեսական համակարգը սպասարկող 12 գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք բոլորն էլ գործում են, սակայն նրանց առանձին-առանձին գոյությունը նոր պայմաններում չէր արդարացնում։
3 մլն դոլար վարկ՝ գիտությանը
Նկատի առնելով այս հանգամանքը, գյուղնախարարության, գիտության կրթության եւ նոր տեխնոլոգիաների ներդրման դեպարտամենտը որոշեց. ելնելով այս ինստիտուտների ուղղվածությունից եւ ընդհանրությունից, խմբավորել, ինտեգրացնել դրանք գիտական կենտրոնների մեջ։ Արդեն ստեղծվել է հինգ գիտական կենտրոն, երկրագործության ու բույսերի պաշտպանության, այգեպտղագինեգործության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի, բանջարաբոստանային ու տեխնիկական մշակաբույսերի, եւ հինգերորդը, անասնաբուծության-անասնաբուժության գիտական կենտրոն։ Ո՞րն է այս կենտրոնների ստեղծման առավելությունը։
-Նախ, դրանք իրար լրացնող, իրար շաղկապված գիտություններ են։ Ամենակարեւորն այն է, որ եղած ռեսուրսները՝ ֆինանսական, նյութական միջոցներն ու գիտական ներուժը կարող ենք առավել նպատակային օգտագործել,- ասում է դեպարտամենտի պետը՝ Սամվել Ավետիսյանը,- քանի որ մեր աշխատանքի ամենակարեւոր օղակներից մեկը հետազոտական համակարգի բարեփոխումներն են, որի համար վարկային միջոցներ են տրամադրվել։
Կարդացեք նաև
Գյուղատնտեսական գիտության բարեփոխումներին ուղղված երեք միլիոն դոլարի վարկի մի մասը պիտի ծախսվի հետազոտական-կիրառական ծրագրերի իրականացման վրա։ Այս ասպարեզում եւս բարեփոխումներ են արվելու։ Մինչեւ հիմա պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերը ձեւավորվել են այս կարգով. գիտական խորհուրդները հայտ են ներկայացրել, որը փորձաքննության է ենթարկվել եւ հաստատվել։ Անկարեւոր է եղել, թե այդ հայտը որքանո՞վ է այսօրվա հիմնախնդիրներին համապատասխան։ Բարդ ու երկար ուղու առաջ թերությունն այն էր, որ հայտը հաստատվում էր հունիս ամսին, մինչդեռ գյուղատնտեսության մեջ հետազոտական աշխատանքի լավագույն ժամկետներն արդեն բաց էին թողնված։
-Այս պատճառով մենք ենք որոշելու այն առաջնային ուղղությունները, որտեղ պետք է հետազոտական աշխատանքներ կատարվեն, եւ չենք թողնելու գիտական հաստատության քմահաճույքին։ Այդ ծրագրերի գծով հայտարարելու ենք մրցույթ. դրամաշնորհ կստանա այն հաստատությունը, որ լավագույն ծրագիրը կներկայացնի։ Մենք ուզում ենք, որ այդ ծրագրերը շաղկապված լինեն գյուղացիական տնտեսությունների հետ եւ արդյունքները ներդրվեն կոնկրետ տարածքում, ոչ թե գիտահետազոտական աշխատանքն ավարտվի ու դրվի պահարանում։ Նրա արդյունքը պիտի արտադրության մեջ տա իր փոխհատուցումը։
Տոհմային հատկանիշներից զուրկ սերունդ
Առաջնահերթությունները, որոնցով պիտի զբաղվեն մեր գիտահետազոտական ինստիտուտները, այնքան շատ են, որ թվում է, բոլորն էլ առաջնահերթ են, այսինքն, բնագավառը, մեղմ ասած, բարձիթողի վիճակում է։
-Առաջնահերթ են հացահատիկային եւ կարտոֆիլի այնպիսի տեսակների ստեղծումն ու տեղայնացումը, որոնք, բարձր բերքատվություն ապահովելուց բացի, տվյալ գոտու առանձնահատկությունից ելնելով, ավելի ռեսուրսախնայողական տեխնոլոգիա ունենան։ Սա` մեկ։ Մեր բնագավառի նեղ տեղը նաեւ տոհմային աշխատանքի բացակայությունն է, եւ մեր տոհմային անասունների սերունդները գրեթե զրկված են տոհմային հատկանիշներից, քանի որ չկա գործող արհեստական սերմնավորման համակարգը։ Պետք է վերակազմվի այդ համակարգը, որպեսզի տոհմային հատկանիշները ոչ թե այլասերվեն, այլ՝ կատարելագործվեն։
Մեր հանրապետության համար կարեւոր խնդիր է նաեւ ծիրանի եւ դեղձենու աշխարհագրության ընդլայնումն ու մայրուտ այգիների հիմնումը։ Գործող՝ Էջմիածնի ու Նալբանդյանի տնկարանային տնտեսությունների արտադրանքը շատ սահմանափակ է պահանջարկի համեմատ։ Խրախուսելի է, որ այսօր մասնավոր անձինք էլ են զբաղվում տնկանյութի արտադրությամբ, բայց պիտի լինեն մայրուտ այգիները (գենետիկական հատկանիշներով մաքուր այգիներ), որտեղից կարելի կլինի սերմ վերցնել։
Առաջնահերթությունները շատ են եւ ընդգրկում են ոլորտի բոլոր ճյուղերը, իսկ եղած գումարը սահմանափակ է, ուստի մրցույթ է սահմանվելու։ Տարվա սկզբին նախատեսվում է 6 երկարաժամկետ (չորս տարի ընդգրկումով), 6 միջին ժամկետի (2-3 տարի) եւ 6 կարճաժամկետ (1 տարի) ծրագրերի մրցույթ։
Ինտելեկտուալ ներուժը չունի տեխնիկական բազա
-Մենք այսօր փորձում ենք գիտություն անել բարոյապես ու ֆիզիկապես մաշված սարքավորումներով։ Ամբողջ աշխարհը մեր բնագավառում հետազոտություններ է կատարում գեոինժեներիայի, բիոտեխնիկայի առաջադիմական մեթոդներով։ Մինչդեռ մենք ունենք դրա իրականացման հնարավորությունը ինտելեկտուալ առումով, սակայն լաբորատոր սարքավորումների առումով՝ չունենք։ Մեր ինտելեկտուալ պոտենցիալը, փաստորեն, չունի համապատասխան տեխնիկական բազա։
Վարկային միջոցներից 200 հազար դոլար է հատկացված ժամանակակից լաբորատոր սարքերի ձեռքբերման համար, որպեսզի հնարավորություն ունենանք ինտեգրվել միջազգային գիտական կենտրոնների հետազոտական ծրագրերին։ Հիմա մենք բելգիական առանձին կենտրոնների աջակցությամբ ինվիդրո եղանակով կարտոֆիլի վիրուսազերծ տնկանյութի արտադրություն ենք ստեղծել, բայց դա շատ սահմանափակ հզորություն ունի։
-Ինտելեկտուալ ներուժի առումով ամեն ի՞նչ է իդեալական,- հարցնում եմ պրն Ավետիսյանին։
-Ես երկու տվյալ ասեմ, դուք եզրակացություն արեք։ Գյուղատնտեսության բնագավառի գիտությունների դոկտորների միջին տարիքն այսօր 66 է, թեկնածուներինը՝ 54։ Սա ահավոր բան է, ուղղակի՝ աղետ։ Մենք մտահոգված ենք, որպեսզի գիտական կենտրոնների հեղինակությունը բարձրացնենք, գիտնականների վարձատրությունը՝ եւս, որ երիտասարդները գիտական ասպարեզ մտնելու ցանկություն ունենան, եւ տեղի ունենա բնական սերնդափոխություն։
Վերջին շրջանում ակտիվացել է ասպիրանտուրա ընդունվողների հոսքը, սակայն դժվար է ճշտել. նրանք եկել են բանակի՞ց խուսափելու, թե՞ գիտությանը նվիրվելու համար։
Գ․ ՄԿՐՏՉՅԱՆ