Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունները հավանաբար գլխի են ընկել, որ առանձին-առանձին, ինչ-որ տեղ մեկուսի գործունեություն ծավալելը, ոչ միայն խոցելի է, այլեւ աննպատակահարմար։ Երեկ ՀԺՄ-ում լրատվամիջոցների հետ նրանց համատեղ հանդիպումը գոնե այն տպավորությունն էր թողնում, թե այսուհետեւ նրանք համագործակցելու են միմյանց հետ։ Ինչպիսի՞ն է մարդու իրավունքների պաշտպանության իրական վիճակը մեզանում եւ ի՞նչ են այս ուղղությամբ անում տեղական կազմակերպությունները։ Ստորեւ ներկայացվող գնահատականները, որպես ուշացած նվեր, նվիրում եմ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 50-ամյա հոբելյանին։
Աղասի Արշակյան («Սախարովի» ֆոնդի նախագահ)– 80 դոլար ստացող դատավորը չի կարող անկախ լինել, որը գաղտնիք չէ, չգոլորշիանալու համար ծախսում է 200 դոլար… Տարեսկզբին տեղի ունեցած թավշյա հեղափոխության տարին… հիասթափության տարի էր։ Ահավասիկ «Ընտրությունների մասին» օրենքը, որը նախորդ շրջանի գողերի ընտրավազք կարելի է գնահատել…
Կարեն Զադոյան (Իրավաբանների երիտասարդական կազմակերպության նախագահ)– Մեկուկես տարի Հայաստանի բոլոր մարզերում սեմինարներ ենք կազմակերպել, անցկացրել, սակայն այդ ուղղությամբ աշխատանքները շատ փոքր արդյունքներ են տալիս (նա տեղեկացրեց, որ 220 հասարակական կազմակերպությունների հնարավորություն են տվել անվճար օգտվել իրենց պատրաստած փաստաթղթերից)։ ՀՀ քաղաքացիները օտարված են իրենց զգում պետությունից, եւ մենք պայքարում ենք ««չինովնիկական պատնեշը» (չշփոթել՝ Չինական պարսպի հետ) հաղթահարելու համար։
Միքայել Դանիելյան (Հելսինկյան ընկերակցության նախագահ)– (Տեղեկացրեց, որ իրենք մշակել են այլընտրանքային ծառայության մասին եւ փախստականների մասին օրենքի նախագծերը եւ, որ պատրաստ է տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագիծը)։ Իշխանության, երբ գալիս են ուսադիրներով, այդ պետությունը չի կարող դեմոկրատական լինել։
Կարդացեք նաև
Արտակ Գարոյան («Տանիք» կենտրոնի պատասխանատու)– Եկեք կենցաղային իրավունքների պաշտպանությունը չթերագնահատենք…
Վարուժան Անտոնյան («Ավանգարդ» հումանիտար հետազոտությունների կենտրոն)– Համագործակցել ենք միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցել ենք քաղաքական մի շարք դատավարությունների… Հրատարակել ենք մարդու իրավունքների եւ ժողովրդավարության միջազգային անթոլոգիայի երեք հատորյակը, փաստաբանական ծառայություններ ենք տրամադրել քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների մի շարք դատավարությունների ընթացքում։
Ավետիք Իշխանյան (Հելսինկյան կոմիտեի նախագահ)– Զբաղվել ենք տարբեր ոլորտներով՝ կրոնական, ազգային փոքրամասնություններ, կենցաղային։ Ստեղծել ենք երկու հասարակական կազմակերպություն՝ «Հոգեւոր Հայաստան» եւ «Զինվորի պաշտպանության կոմիտե»։ ՀՀ քաղաքացիներն անպաշտպան են դատարանի առաջ։ Հայաստանում քաղաքացիները զրկված են ընտրության իրավունքից։ Բանակում տիրող կարգերը տաբու են, եւ վախենում են սարսափազդու նախարարից։ Նախաքննական խոշտանգումները ձեռագիր են (նա կոչ արեց, որ ընդհանրապես այս տիպի հավաքները լինեն որոշակի ոլորտների համար)։
Կարինե Դանիելյան («Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ)– Մաքուր շրջապատ ունենալը նույնպես իրավունք է։ Այսօր վիճակագրությունը ճիշտ տվյալներ չի տալիս, մասնավորապես Սեւանա լճի հետ կապված. եղե՞լ է արտահոսք էներգետիկ նպատակներով, եթե ոչ, ապա ինչո՞ւ Սեւանի մակարդակը ցածր է։ Կլասիկ փախստականների թիվը հավասարվել է էկոլոգիական փախստականների թվին (Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը՝ նա զգուշացրեց, որ ՀՀ քաղաքացիների հայացքն ուղղվել է դեպի անտառները եւ ապագայում մեզ սպասվելու է անտառների ոչնչացում)։
Լեւոն Թովմասյան («Սախարովի» ֆոնդ)– Թե ինչ մասնաճյուղեր են ստեղծվել, թե կազմակերպությունները ինչքան սեմինարներ են անցկացրել, դա հարցի լուծում չէ, որովհետեւ ոչ ոք չի բարձրացնում պետության բարոյականության հարցը։ Գիտե՞ք արդյոք, որ Վարդենիսում երեք երեխա է սովից մահացել… Մենք ասում ենք՝ փողը չի հերիքում. թող արտասահմանյան երկրներ չգնան, խնայել իմանան դրամը։ Սա խոսակցություն չէ, կոնկրետ թեմաներով սեմինարներ հրավիրեք։ Մենք պետություն ենք կորցնում։
Հանդիպումը, թվում էր, թե ավարտվել էր, երբ մի դրվագով իրար «կմճտեցին» իրավապաշտպան կազմակերպությունները։ Դրվագն առնչվում էր միջազգային կազմակերպություններից ֆինանսավորվող աղանդների, կազմակերպությունների հետ, ինչի կապակցությամբ Աղասի Արշակյանն ասաց. «Ստանում են գումարներ այն կազմակերպությունները, որ ասում են՝ արվամոլների իրավունքները պետք է պաշտպանել, «Սախարովի» ֆոնդն այդպիսի գումարներ չի ստանում…»։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ