Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան կոկտեյլ կոնյունկտուրայի սիրահարների համար

Դեկտեմբեր 18,1998 00:00
karabaxh

Հայաստանում, լավ է, մարդիկ վերջապես հասկացան, որ աշխարհում չեն քնում-արթնանում՝ մտքներում միայն Ղարաբաղի հարցը, թե ինչ լուծում տան: Կամ Հայաստանում քաղաքականության ասպարեզ են մտնում մարդիկ, որոնք դա հասկանում էին:

Երկու դեպքում էլ արդյունքը դրական է: Սակայն այդ մտքերն արտահայտելու համար, պարզվեց, իշխանափոխություն է անհրաժեշտ: Դրանից հետո պարզվեց, որ Հայաստանի վրա երբեք ոչ ոք ճնշում չի բանեցրել Ղարաբաղի հարցով, ավելին, բոլոր նախադրյալները կային եւ կան Ղարաբաղի խնդիրը «ստանդարտ կոնֆլիկտաբանությունից» հանելու եւ ստեղծելու ամուր եւ անկախ պետություն:

Պարզվեց նաեւ, ավելի շուտ հաստատվեց քաղաքագետներից մեկի այն պնդումը, թե Հայաստանի իշխանությունների միակ ընդդիմությունը Ղարաբաղի խնդիրն է լինելու: Եւ այնքանով, որքանով աշխարհը հանդուրժում է Ղարաբաղի պետության գոյությունը, չի օգնելու այն իշխանությանը, որը չի ընդունում այս իրողությունը: Հենց այդ պատճառով ՀՀ նախկին նախագահը զրկվեց թե Ռուսաստանի, թե Արեւմուտքի աջակցությունից, որի արդյունքում հրաժարական տվեց: Ո՞րն է սակայն խնդրի էությունը: 90-ականների սկզբից, ԼՂՀ իշխանությունների եւ ժողովրդի կամքին հակառակ, Ղարաբաղի հարցը Հայաստանի իշխանությունների ջանքերով միջազգայնացվեց այն տրամաբանությամբ, որ Ղարաբաղը ոչնչով չի տարբերվում, ասենք, Բոսնիայից, եւ պետք է լուծումը գտնվի միջազգային ստանդարտներով: Դրա դիմաց ակնկալվում էին միջազգային ֆինանսական աջակցություն՝ վարկեր եւ ներդրումներ, ինչպես նաեւ Հայաստանի շրջափակման վերացում: Հասարակության մեջ արմատավորվեց վատ ապրելու պատճառահետեւանքային կապը՝ պատերազմ-շրջափակում-անցման շրջան: Մարդկանց համար դժվար էր, իհարկե, այդքան ակնհայտ, տրամաբանական իրավիճակից բարձրանալ, հասկանալ, որ դա ոչ միայն մասամբ, այլեւ ամբողջությամբ կեղծ է: Հենց պատերազմի եւ շրջափակման շահարկումով կատարվեց այն ամենը, ինչն այսօր հայտնի է բոլորին:

Հետագայում, սակայն, նույնպես պարզ դարձավ, որ եթե կա շրջափակում, դա բոլորովին այլ քաղաքական ենթատեքստ ունի՝ Վրաստան-Աբխազիա հակամարտություն, Անդրկովկասում ռուսական ներկայության ապահովում, քրդական խնդիր (սա առանձին խոսակցության նյութ է), եւ այլն: Եւ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն էլ կապված է ոչ այնքան Ղարաբաղյան խնդրի, որքան ավելի խոշոր՝ ԱՄՆ-Եվրոպա հակամարտության հետ: Այս մասին, լավ է, արդեն գրում է արտասահմանյան մամուլը, եւ հայ ընթերցողը եւ հեռուստադիտողը, որ հակված է չհավատալ սեփական լրատվամիջոցներին, հնարավորություն ունի ընկալելու իրականությունը:

Նույն այդ լրատվամիջոցները վերջերս հաղորդեցին, որ նավթային քաղաքականությունն աշխարհում որեւէ առաջնայնություն չունի եւ ոչինչ չի որոշում: Դա նույնպիսի շահարկման նյութ է, ինչպես Ղարաբաղի հարցը կամ Մինսկի խմբի ստանդարտները: Ճիշտ է, լրատվամիջոցները երբեք էլ չեն հավակնում այն դերին, որպեսզի ցույց տան, թե որն է ելքը: Իսկ ո՞րն է ելքը:

Այս հարցին պատասխանելը նույն իմաստն ունի, ինչ տարիներ առաջ գրելն ու ասելը, որ Ղարաբաղի շուրջ մեզ մատուցվում է այն բլեֆը, որի քողի տակ իշխանությունը զբաղված է այլ խնդիրներ լուծելով: Խաղը մինչ այսօր շարունակվում է հիմնականում ՀՀՇ-ի եւ Դաշնակցության միջեւ՝ ավանդական ձեւերով եւ փաստելով, որ այս երկու կուսակցությունները կամ չեն հասկանում իրավիճակը, կամ էլ նրանց համար կոնյունկտուրան շատ ավելի կարեւոր է, քան սեփական երկրի ճակատագիրը:

«Առավոտի» դեկտեմբերի 16-ի համարում տպագրված հարցազրույցը Ալիեւի խորհրդական Վաֆա Գուլուզադեի հետ վկայում է, որ Ադրբեջանում նույնպես կոնյունկտուրան շատ ավելի կարեւոր է համարվում, քան սեփական ժողովրդին ճշմարտությունն ասելը: Նրա խոսքից, սակայն, մի քանի մտքեր արժանի են ուշադրության: «… ինքնահռչակ Ղարաբաղի հանրապետությունն աշխարհում ոչ ոք չի ճանաչում եւ չի պատրաստվում ճանաչել, այդ թվում նաեւ Հայաստանի մերձավոր դաշնակից Ռուսաստանը»: «… Լեռնային Ղարաբաղի խնդիրը Եվրախորհրդի համար գերակա չէ: Հնարավոր է, որ այն առաջնային է Ռուսաստանի համար՝ Հայաստանում պլացդարմ ունենալու համար»: Այս մտքերը հակասության մեջ են Գուլուզադեի մյուս մտքերի հետ. այս դեպքում նա ասում է ճշմարտությունը, որովհետեւ դա Ադրբեջանի «կաշվի խնդիրն է»: Ադրբեջանը հենց դրա վրա է դնում շեշտը միջազգային հարաբերություններում, փաստելով, որ Հայաստանը հրավիրող ուժ է տարածաշրջանում, եւ Ղարաբաղի խնդիրը այն լծակն է, որը շահարկելով՝ Ռուսաստանը պահում է իր բազաները տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում: Ըստ այդմ, հայերի մեղքով տարածաշրջանը միշտ ենթակա է ապակայունացման, եւ առնվազն 4 պետություն՝ Թուրքիան, Իրանը, Վրաստանը եւ Արբեջանը հնարավորություն չունեն ազատ զարգանալու:

Կրկնենք՝ այս դեպքում Գուլուզադեն ասում է միայն ճշմարտությունը: Այն, որ միջազգային համաժողովներում Բաքուն գրեթե միշտ շահած է դուրս գալիս՝ միմիայն այս պատճառով: Բաքվում շատ լավ են հասկանում, որ Ղարաբաղը նվաճելու դեպքում իրենք կորցնելու են անկախությունը եւ նավթային հեքիաթները եւ կրկին վեր են ածվելու Ռուսաստանի գաղութի: Իրենք դա չեն ուզում: Այդ պատճառով բարձրացնում են ոչ թե Ղարաբաղի հարցը, այլ ռեգիոնալ համընդհանուր խնդիրներ:

Քիչ առաջ տրված հարցի՝ «ո՞րն է ելքը», պատասխանը թաքնված է այն բանում, թե Հայաստանը որքանով կձերբազատվի ռեգիոնում իրեն պարտադրված դերից, այն է՝ ռեգիոնալ մահակի, իմպերիայի ներկայությունը ապահովողի դերից: 1915թ. հայ քաղաքական միտքը «հիանալի» իրագործեց այդ դերը: 20-րդ դարավերջին կարելի է նաեւ նույն սխալը չկրկնել, այսինքն՝ չլինել իմպերիայի «ֆորպոստը» ռեգիոնում: Միայն դրանից հետո Ղարաբաղը կճանաչվի միջազգային հանրության կողմից, իսկ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կստանա զարգանալու: Մնացյալը, որ Հայաստանի ներքաղաքական կյանքի վեճն է՝ Ղարաբաղը տալ-չտալ, ԵԱՀԿ առաջարկներն ընդունել-չընդունել՝ կոնյունկտուրայի խնդիր է, քաղաքական գործիչների զբաղմունք՝ նախագահի խորհրդականներից սկսած ընդդիմությունով վերջացրած: Դա ժամանակը արդեն ցույց է տվել:

Սրանով, իհարկե, հարցի պատասխանը չի սպառվում:

ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031