Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՆՑ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ՇՐՋԵՔ՝ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՁԵԶ ԹԻԿՆԱՊԱՀ»

Դեկտեմբեր 18,1998 00:00
Grigori Sargsyan

Վերջերս ասել էր մի ծերունի Ռոբերտ Քոչարյանին։ Նա էլ առաջարկել էր բանակցել նախագահի անվտանգության ծառայության ղեկավար, ՆԳ եւ ԱԱ 10-րդ վարչության պետ Գրիգորի Սարգսյանի հետ։ Վերջինս առայժմ հանրահայտությամբ զիջում է իր նախորդին։ Սա Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների ղեկավարի առաջին հարցազրույցն է։

Ծանոթանա՞նք

Մայոր Գրիգորի Սարգսյանը 42 տարեկան է, մեկ տղա եւ երկու աղջիկ ունի։ Ստեփանակերտից Երեւան փոխադրվելու ժամանակ տեւական շրջան ընտանիքից անջատ էր. «Ցավ էր՝ նրանք Ղարաբաղում, ես՝ այստեղ… Մինչեւ այս օգոստոսի 15-ին ընտանիքս էլ տեղափոխվեց Երեւան»։

Ղարաբաղում աշխատել էր մարզային գործկոմում, ոստիկանության համակարգում, բանակում զբաղվել էր գերիների հարցերով։ Այս առնչությամբ՝ անձնապես ծանոթ էր «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամներին։ Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի թիկնապահներից էր Գրիգորի Սարգսյանը։ Իսկ արդեն ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունն ուրիշ անձինք էին ապահովում, բայց ծառայությունը ստեղծվեց նաեւ Գրիգորի Սարգսյանի ջանքերով։ Եվ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց առաջ հենց նրան Ռոբերտ Քոչարյանը որոշեց վստահել իր անձնական անվտանգության ապահովման գործը։ «Երեւի արդեն անձնական մտերմությո՞ւն կար» հարցիս խուսափողական պատասխան տվեց. «Դե, երեւի։ Գուցե համակրանքը շահել էինք, որ ամեն ինչ մոռացած՝ նվիրվել էինք միայն Ղարաբաղի խնդրին»։

Ի դեպ, Ղարաբաղից Քոչարյանի հետ Երեւան փոխադրվեց միայն պրն Սարգսյանը, եւ նախագահի անվտանգության ծառայությունում այժմ էլ նրանից բացի ԼՂՀ այլ քաղաքացիներ չկան։

Ամենադժվար շրջանը

«Դա նախկին նախագահի հրաժարականին հաջորդած շրջանն էր»,- այսպես պատասխանեց Գրիգորի Սարգսյանը մեր հարցին, թե երբ էր իր համար անձնապես եւ պաշտոնի բերումով ավելի դժվար եղել Հայաստանում։ «Չնայած հնարավոր էին սադրանքներ եւ փորձեր էլ եղան՝ այնուամենայնիվ, կտրականապես հրաժարվում էր, որ գիշերը պետական ամառանոցում հսկեինք, որտեղ մուտքը բաց էր, նախկին նախագահի թիկնապահներն ու տարբեր մարդիկ ազատ ներսուդուրս էին անում։ Ամեն ինչ հնարավոր էր, բայց հանգիստ անցավ»։

Նախորդի «քաղաքական» գնահատականը

Նախկին նախագահի եւ բարձրաստիճան հյուրերի պահպանության վարչության պետ Ռոմեն Ղազարյանի (գեներալ Բուդոյի) հետ ծանոթ է եղել. «Նրա հետ որեւէ խնդիր չեմ ունեցել։ Հարգում էի, շատ լավ, կարգին տղա էր՝ սիրտը պարզ, անկեղծ։ Իսկ վերջին դեպքերը… Ես գիտեմ, որ դա նրա խելքի բանը չէր»։

Նախկին ծառայության աշխատակիցների շուրջ 80 տոկոսն այժմ շարունակում է աշխատել։ Փորձեցինք տեղեկանալ, թե քանի թիկնապահ ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ քանիսն այժմ ունի Ռոբերտ Քոչարյանը, բայց պարզվեց, որ այդ թվերը հրապարակման ենթակա չեն։ Անվտանգության ծառայության ղեկավարը միայն ասաց, որ թվաքանակն այժմ 1/4-ով կրճատվել է։ Պակասել է նաեւ սպասարկող ավտոմեքենաների քանակը՝ 2 մեքենա տվել են Լեւոն Տեր-Պետրոսյանին, մեկն էլ՝ Սահմանադրական դատարանին։

Եթե պրն Սարգսյանը բավականաչափ համարձակ էր այժմ հետախուզման մեջ գտնվող իր նախորդի մասին դրվատանքի խոսքեր ասելիս, ապա թիկնապահների պատրաստվածության հարցերի առնչությամբ նշեց, որ դրանք նախկինում բավական բարձիթողի վիճակում են եղել։ Իսկ ես այսպիսի մի տեղեկություն ունեի, թե նախկինում նախագահի թիկնապահները ստաժավորում են անցել ԱՄՆ հատուկ ծառայություններում. «Այդպես չի։ Ամերիկայից, Եգիպտոսից, Ռուսաստանից հրահանգիչներն էին այստեղ գալիս եւ 1 ամիս պարապմունքներ անցկացնում։ Նախարարության հետ փորձի փոխանակման պայմանավորվածությունների հետեւանք էր»,- ճշտեց պրն Սարգսյանը։

Թերեւս օտարերկրյա հրահանգիչների ուսուցողական դասընթացների արդյունավետության մասին կարելի է դատել հետեւյալ խոսքերից. «Վարչությունն ընդունելով ենթադրում էի, թե ինձ առանձնապես աշխատանք չի սպասվում, բայց եթե զինվորը չի կարողանում 5 մետր քայլել, որ զեկուցի… Եթե զենքը որպես մոխրաման են օգտագործում… Սպայական կազմի հետ բավարար աշխատանք չէր տարվել։ Ուղղակի անթույլատրելի այլ բաներ էլ կային։ Նախագահի անվտանգության ծառայությունն իրավունք չուներ բաց ռադիոկապով աշխատել։ Ճիշտ է, սա թանկ հաճույք է, բայց նախեւառաջ կապի միջոցների խնդիրը կարգավորեցի»։

Գործելակերպի փոփոխություններ

Թիկնապահները, որպես կանոն, լրագրողներին թույլ չէին տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանին անգամ մոտենալ։ Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքը լրատվամիջոցների նկատմամբ շատ խիստ է տարբերվում, ու նաեւ այդ է պատճառը, որ նույն թիկնապահներն այժմ միջամտում կամ, ինչպես պրն Սարգսյանն ասաց՝ «բացատրական զրույց» են ունենում միայն այն ժամանակ, երբ տեսնում են, որ ձայնագրիչը կամ միկրոֆոնը նախագահի բերանն են արդեն մտցնում, կամ երբ փորձում են նախարարների եւ այլոց հետ մասնավոր զրույցները ձայնագրել։

«Ինքն ընդհանրապես չի սիրում, երբ շատ թիկնապահներ է տեսնում։ Մեր ամեն մի սխալ քայլը նկատում ու վատ է ընդունում»,- անվտանգության ծառայության ղեկավարը պատմում էր, թե Քոչարյանի դեմքի արտահայտությունից անմիջապես կռահում է, որ նկատողություն է ստանալու։

Եվ սա՝ այն պայմաններում, երբ նախագահի անվտանգության ծառայությունը որպես սկզբունք որդեգրել է «ձեռքերով չաշխատելը»։ Առավել եւս, որ ե՛ւ նախընտրական շրջանում, ե՛ւ այժմ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում բազմությունից։ Ասենք, «Էրեբունի-Երեւան» տոնակատարության ժամանակ, երբ այնքան մարդ կար, որ հետ ու առաջ շարժվել չէր լինում, թիկնապահներին պատվիրել էր. «Հեռու գնացեք, թողեք ժողովրդի հետ հանգիստ շփվեմ»։ Հե՞շտ է արդյոք ամբոխի մեջ նրա անվտանգությունն ապահովելը. «Շա՛տ դժվար է»,- խոստովանեց պրն Սարգսյանը։ Ի դեպ, նախընտրական հանդիպումներում հազիվ 3-4 թիկնապահներ են ուղեկցել Ռոբերտ Քոչարյանին։ «Բայց չէին քաշքշում։ Շատ-շատ՝ ձեռքից բռնում ու խնդրում էին, որ նախեւառաջ իրենց հարցը լսի։ Բացարձակ չէինք միջամտում, թէ չէ հնարավոր է, որ մյուս օրը Քոչարյանը այլեւս թույլ չտար իրեն ուղեկցել»։

Մեր հարցին ի պատասխան, թե վիրավորանքներին կամ անեծքներին չե՞ն արձագանքում, նախ ասաց, թե նման դեպքեր չեն եղել. «Գուցե ուղղակի ագրեսիվ են արտահայտվել։ Մեկ-մեկ ուղղակի խմածներ կամ հոգեկան հիվանդներ են հանդիպում։ Գյումրիում նման մի բան պատահեց, երբ ստիպված էինք ուժ գործադրել, խմած մարդ էր»։

Այս թեմայի շրջանակում եւս մի մանրամասն. ԱՊՀ պետություններ այցելելիս նախագահին դարձյալ 3-4 թիկնապահ, իսկ այլ երկրներում՝ 2 հոգի են ուղեկցում։ ԼՂՀ-ում Քոչարյանի անվտանգությանը հետեւում են միայն Արկադի Ղուկասյանի թիկնապահները։

Լիրիկական նահանջ

Այս վարչության կազմում, մասնավորապես նաեւ նախագահի նստավայրի անցագրային բաժինն է, որի ղեկավար տիկին Սաթիկը, տեղեկանալով, թե այս անգամ ինչ նպատակով եմ շենք «ներթափանցում», պատվիրեց, որ իր անունից անպայման նշեմ հետեւյալը. «Ես այստեղ վաղուց եմ աշխատում։ Արդեն 4-րդ նախագահն է (տիկին Սաթիկը նկատի ուներ նաեւ Սարկիսովին եւ Ոսկանյանին- Ա. Ի.), բայց մինչ այսօր չէր եղել անվտանգության ծառայության նման ղեկավար, որ մեզ բոլոր առումներով այդքան լավ ու հոգատար վերաբերվեր։ Որեւէ մեկի մտքով չէր անցել անցագրայինի համար նորմալ պայմաններ ապահովել, որ ստիպված չլինենք մարդկանց պայուսակները քրքրել եւ այլն։ Եվ այս ամենի համար նրան շնորհակալ ենք»։

Հարցազրույցի ընթացքում հետաքրքրվեցինք, թե արդյոք էլի թա՞նկ հաճույք էր անցագրայինի տարածքն ընդլայնելը եւ ժամանակակից տեխնիկայով հագեցնելը. «Ո՛չ, շատ ծախսեր չպահանջվեցին։ Հովանավորներ կային, մեր ընկերները մեզ օգնեցին»։ Վերջին փաստարկն արդեն դասական է, այդպե՞ս չէ։

Դառնանք բիրտ իրականությանը

Մամուլում ժամանակին բազմաթիվ հրապարակումներ էին լինում նախորդ նախագահի թիկնապահների տնտեսական եւ այլեւայլ գործունեության վերաբերյալ։ Նրանք նաեւ հուսալի «տանիքներ» էին զանազան խաղատների եւ այլնի համար. «Մի ամսվա ընթացքում այդ բոլոր հարցերը լուծեցինք։ Այժմ մենք օրինական պայմանագրով սպասարկում ենք միայն «Միդլենդ» բանկը։ Ուրիշ ոչ մի տեղ, ոչ մեկը ոչ «տանիք» է, ոչ էլ որեւէ խանութ կամ նման մի բան ունի»։ Մեր հարցին ի պատասխան, թե արդյոք կպնդի, որ ինքն էլ որեւէ հարակից տնտեսական գործունեությամբ չի զբաղվում, հոգոց հանեց. «Շա՜տ կուզեի, բայց… չկա»։

Ի դեպ, նախագահի թիկնապահները միայն մյուս տարի 100 դոլարին համարժեք դրամ աշխատավարձ կստանան։ Իսկ Գրիգորի Սարգսյանը ՆԳ եւ ԱԱ վարչության պետերի մեջ ամենացածր աշխատավարձն է ստանում՝ մոտ 80 հազար դրամ։

Լուսաբանական հարցումներ

Բավական դժգոհություններ կան այն առիթով, որ նախագահի «Մերսեդես-500»-ի անցնելուց առաջ փողոցները փակում են։ Մի թղթակից անգամ գրել էր, թե կես ժամ շարունակ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը փակում են՝ մինչեւ Ռոբերտ Քոչարյանը պետական ամառանոց կուղեւորվի։ Չնայած ակնհայտ է, որ նստավայրից մինչեւ Դեմիրճյան փողոց մեքենայով անցնելն ամենաշատը 1 րոպե պիտի տեւի։

Եվ էլի մի մասնավոր խնդիր. նախագահի նստավայրի պուրակում միշտ ավտոմատավոր զինվորներ են շրջում։ Մի՞թե նախագահի կյանքին իրական վտանգ է սպառնում, որ անհրաժեշտ կդարձներ ուժի նման վանող ցուցադրումը. «Նախագահի նստավայրին այլ շենքեր շատ մոտիկ են, ու ստիպված ենք 3-4 շրջիկ պարեկություն հաստատել,- պարզաբանեց Գրիգորի Սարգսյանը։ – Ցանկապատներն էլ շատ ցածր են։ Եղել է, որ մյուս կողմից գնդակ է ընկել, երեխաները փորձել են անցնել։ Այլ բաներ էլ են եղել։ Բայց երեւի հետագայում այս պարեկությունն էլ վերացնենք»։

Իսկ գուցե արժե մտածել ցանկապա՞տն ընդհանրապես վերացնելու մասին։

Հավարտ

«Ձեր պաշտոնը բավական բարձր եւ ազդեցիկ է։ Շա՞տ են դիմում զանազան խնդրանքներով՝ աշխատանքի տեղավորել եւ այլն»,- հարցին անկեղծ պատասխանեց. «Այո, շատ են դիմում։ Մտածում են, որ եթե նախագահի կողքին եմ՝ ամեն ինչ կարող եմ։ Բայց դեռ երբեք նախագահին ինչ-որ մեկի համար չեմ դիմել՝ ոչ Ղարաբաղում, ոչ էլ այստեղ։ Ինքս եմ հնարավորությանս սահմաններում օգնում»։

«Այնուամենայնիվ, որտե՞ղ եք Ձեզ ավելի լավ զգում, Երեւանո՞ւմ, թե՞ Ստեփանակերտում»,- հարցին նախագահի անվտանգության ծառայության ղեկավարը պատասխանեց. «Այստեղ ավելի հետաքրքիր է՝ տարբեր մարդկանց հետ ես շփվում։ Ղարաբաղում կրիմինալն էլ է ծանոթ, մնացածն էլ՝ քիչ ենք, բոլորին ճանաչում ես՝ ով ինչ կարող է անել, ումից ինչ կարելի է սպասել։ Իսկ այստեղ դեմքիդ կարող են ծիծաղել, բայց մտքներինն այլ բան է… Բայց այստեղ շատ բարեկամներ ունեմ՝ Ղարաբաղում կռված տղաներ են»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031