Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ

Դեկտեմբեր 18,1998 00:00
vrastan

1998 թ. մարտից Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակված Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին ծնվել է 1965 թվականին։ 1988-ին ավարտել է Թբիլիսիի համալսարանի դասական բանասիրության ֆակուլտետը։ Ուսումնառության ընթացքում՝ 1986-88թթ., Հայաստանում ուսումնասիրել է գրաբար, իսկ մինչ դեսպան նշանակվելն աշխատել է «Իվերիա էքսպրես» անկախ թերթի գլխավոր խմբագիր։ Երեկ, մեր նախկին գործընկեր, դեսպան Նիկոլոզիշվիլին Հայաստանի ամերիկյան համալսարանում խոսեց հայ-վրացական արդի հարաբերությունների մասին։ Քանի որ պրն Նիկոլոզիշվիլին ավելի շատ խոսեց մեր երկու ժողովուրդների պատմական անցյալի, քան ներկայի մասին, տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ արդի հարաբերություններ այնքան էլ չկան։ Եղած հարաբերություններն էլ գնալով նվազում են։ Այսպես, 1997 թվականի համեմատ ապրանքաշրջանառության ծավալները կրկնակի պակասել են։

Պրն դեսպանը ներկաներին բացատրում էր, որ քանդվում են ոչ միայն հայկական, այլեւ վրացական պատմամշակութային կառույցները։ Չպետք է պետական քաղաքականությունը շփոթել առանձին բարբարոս անհատների գործողությունների հետ։

«Ինչո՞ւ է վրացական կողմը խանգարել Աբխազիայի արտգործնախարար Շանգլի գիտական թեզի պաշտպանությանը» հարցին, պրն Նիկոլոզիշվիլին նախ ասաց, որ նոյեմբերի 20-ին Ռոբերտ Քոչարյանի Թբիլիսի կատարած այցի ժամանակ Էդուարդ Շեվարդնաձեն ասել է, որ դիսերտացիա պաշտպանելը բարի գործ է։ Վրաստանի իշխանություններն էլ չեն միջամտել եւ չեն պատրաստվում միջամտել այդ խնդրին։ Ապա նաեւ ավելացրեց, որ գիտական թեզը պետք է պաշտպանվեր Մոսկվայում, սակայն այնտեղ մերժվելուց հետո է, որ ուղարկվել է Երեւան։

Ջավախքի (Ջավախեթիա) հարցի մասին խոսելիս դեսպանն ասաց, որ ինքը համոզված է, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Վրաստանը շահագրգիռ չեն կոնֆլիկտի նոր օջախի ստեղծմամբ։ Իրավիճակը սրում են այն երկրները, որոնք դեմ են մեր երկու երկրների անկախությանն ու բարեկամությանը։ Վրացական կողմն էլ իր հերթին անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների ազգային-մշակութային պահանջների բավարարման համար։

Ա. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031