Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՀ-Ը ՀՈՍԱՆՔԸ ԹԱՆԿԱՑՐԵՑ, ԵՀ-Ն՝ ՀԱՑԸ

Դեկտեմբեր 18,1998 00:00
evramiutyun

Երեկ Եվրոպական համայնքի (ԵՀ) եւ Հայաստանի 4-րդ համատեղ հանձնաժողովի նիստից հետո ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Եվրահամայնքի պատվիրակության ղեկավար Ֆրանսուա Լամորոն հանդիպեցին լրագրողների հետ։

Սա հանձնաժողովի վերջին հանդիպումն է, քանի որ 14 երկիր արդեն վավերացրել են (15-րդի էլ հույսը կա) Գործընկերության եւ Համագործակցության համաձայնագիրը (ԳՀՀ)։ Սա նշանակում է, որ տնտեսական, առեւտրային եւ ֆինանսականից բացի, կլինեն նաեւ քաղաքական երկխոսություններ։ Պրն Օսկանյանի բնորոշմամբ, համագործակցությունը «նոր ծիր կմտնի»։ Սակայն այն, ինչպես ասաց Ֆրանսուա Լամորոն, Հայաստանի առջեւ նոր պարտավորություններ կդնի՝ մասնավորապես օրենսդրական դաշտի ներդաշնակեցում Եվրահամայնքի հետ։

Եվրամիությունն այսուհետեւ էլ Հայաստանին կցուցաբերի ֆինանսական օգնություն՝ 25 մլն եվրո վարկ եւ եւս 25 մլն դրամաշնորհ։ Պրն Լամորոն հայտնեց, որ ներդրումների ճանապարհին եղած խոչընդոտների շուրջ «օգտակար քննարկումներ» են եղել։ Խոսվել է նաեւ Ռուսաստանի ճգնաժամի՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությունների մասին։

Բաքվի կոնֆերանսում Հայաստանի առաջարկությունները՝ ՏՐԱՍԵԿԱ-ի առնչությամբ, Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել եւ դրա համաձայն պատրաստել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթգծի վերականգնման ծրագիր։ «Խոսքը մնում է երկու կողմերին», ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում ֆինանսավորվելու է մի նոր նախաձեռնություն՝ կովկասյան երկաթգծերի երկայնքով անցնող օպտիկական մանրաթելային հեռահաղորդակցությունը։

Եվրահամայնքը որոշել է նպաստել նաեւ «սեյսմավտանգ գոտում հնաոճ ատոմակայանի» մինչեւ 2004 թ. փակմանը։ Իր խոսքի վերջում Ֆրանսուա Լամորոն հայտնեց, որ իրենք «հաճելիորեն զարմացած են» մեր ղեկավարության, մասնավորապես ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի «բարձր պատրաստվածությամբ»։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ պրն Լամորոն հայտնեց, որ Մեծամորի ատոմակայանի փակմանն օժանդակելուն զուգահեռ, իրենք կդիտարկեն էլեկտրաէներգիայի մատակարարման այլընտրանքային աղբյուրների ֆինանսավորման հնարավորությունները։ Եվ ոչ միայն իրենք, այլեւ Հայաստանի եւ միջազգային այլ կազմակերպությունները։ Իսկ «այլընտրանքների» բնույթը՝ ջերմային, մազութով, գազով, թե միջուկային, յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում։ Պրն Լամորոն ատոմակայանի փակման որոշումը «քաջարի» որակեց։ «Առավոտին» հետաքրքրում էր, թե արդյո՞ք ցուցաբերվող ֆինանսական օգնությունների պարագայում դրանց օգտագործման եղանակների պարտադրանք կա Եվրամիության կողմից եւ թե ինչու էր պրն Լամորոն «հաճելիորեն զարմացել» մեր ղեկավարների պատրաստվածությունից։ Եվրամիության պատվիրակության ղեկավարը պատասխանեց նախ երկրորդ հարցին։

«Մենք ցանկանում ենք՝ այն երկրների հետ, որ մեզ հետ կապված են Գործընկերության եւ Համագործակցության համաձայնագրով, հաստատվի ուղղակի անկեղծ եւ հստակ երկխոսություն, որը կհանգի կոնկրետ արդյունքների։ Եվ ես չեմ փորձում որեւէ համեմատություն կատարել ո՛չ այլ երկրների հետ, ո՛չ անցյալի, պարզապես ուզում եմ ասել, որ այսօրվա հենց այս երկխոսությունը համապատասխանում է անմիջապես այն չափանիշներին, որոնցից մենք օգտվում ենք»։

Իսկ որոշակի պայմաններ ֆինանսական օգնություն ստացող երկրներին թելադրում են՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքների կատարման տեսանկյունից։ Կոնկրետ ծրագիրն էլ՝ առանց հիմնավորման, ֆինանսական աջակցություն չի ստանա, եւ եթե հանձնաժողովը համաձայն չի լինում որեւէ կոնկրետ ծրագրի հետ, դադարեցնում է ֆինանսավորումը։ Նման դեպքեր այլ երկրների հետ եղել են, Հայաստանի հետ՝ դեռ ոչ։ Լրագրողներին տրամադրած մամուլի հաղորդագրության մեջ սննդի ապահովության ծրագրի օժանդակությամբ գյուղատնտեսության բնագավառում բարեփոխումների առաջընթացի ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների շարքում նշվում է. «1999-ի մարտից ի վեր ցորենի արժեքը կորոշվի նախքան առաքման իրականացումը կատարվող քննությամբ։ Նախքան այս նոր համակարգի ներդրումը՝ մաքսային արժեքը կորոշվի ըստ համաշխարհային գների»։

Արդյո՞ք «ըստ համաշխարհային գների» արտահայտությունը կարող է նշանակել, որ Հայաստանը ՄԱՀ-ի պարտադրած՝ էլեկտրաէներգիայի սակագնի «շորշոփից» դեռ չբուժված՝ մարտից կսկսի «կռիվ տալ» հացի գնի հետ։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031