Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆԻՑ ՄԱԶ ՊՈԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Դեկտեմբեր 17,1998 00:00
verelak

Ամերիկա չենք հայտնագործում, մենք հնարամիտ ժողովուրդ ենք՝ դռնից հանեն, պատուհանի տեղը հո լավ գիտենք։ Ու միայն պատուհանի տեղը չի, որ լավ գիտենք, իմացածներս այնքան շատ է, որ կհերիքի անցումներ տանող առնվազն երեք ժողովրդի (համեստություն ունենանք ասելու, որ, իհարկե, երեք ո՛չ չին ժողովրդի)։

Ինչ էլ որ լինի, նույնիսկ Միխայիլ Զադորնովը (երգիծաբան) չի կարող պատկերացնել, թե երեւակայության ինչ թռիչքների կարող են նպաստել քիչ խեղճությունը, մի քիչ՝ ագահությունը, մի քիչ էլ այն, որ ազգիս «խասիաթ» է կոչվում։ Ժամանակին, երբ էլեկտրական հոսանք չկար (իհարկե, հարաբերականորեն), տուն չկար, որ մի տեղից «վեն մտած» չլիներ։ Իհարկե, դա բազմաթիվ մանրումեծ վթարների տեղիք էր տալիս, սակայն ոչ միայն խիստ նպաստեց «ֆազ ու նոլ» իրարից ջոկելու, «ֆազ փոխելու» գծով մեր կենցաղային իմաստնության առաջընթացին, այլեւ հայոց հնադարյան լեզուն հարստացրեց համապատասխան բառապաշարով։ Հիմա շատից-քչից լույս ունենք, բայց, դե, ձեռք է, սովորել է. «վեն» է փնտրում, որ մտնի։ Իսկ «վեն» փնտրողը, հայտնի է, որ գոնե «մազանոթ» կգտնի։

Այդ առումով մայրաքաղաքի չորս-հինգ հարկանի շենքերը ակնհայտորեն նախանձից տոչորվում են ութ, ինը, տասը եւ ավելի հարկեր ունեցող շենքերիննայելիս։ Ավելի ճիշտ՝ նախանձողը հինգհարկանիների բնակիչներն են։ Դժվար չէ հասկանալ. իրենց հինգերորդ հարկը նրանք ստիպված են «տշել» սեփական ոտքերով եւ դրա դիմաց՝ ոչ մի փոխհատուցում։ Իսկ բազմահարկերի ցածր հարկերի ժողովուրդը, ճիշտ է, ոտքով կբարձրանա իր բնակարանը, սակայն փոխարենը տանը մի քանի լամպ, կամ մեկ էլեկտրական սալիկ, կամ դրանք երկուսն էլ՝ դեռ էլեկտրական ուրիշ սարքեր էլ գումարած, հոսանք կծախսեն՝ առանց տիրոջ գրպանի տեղն իմանալու։ Մեծ էր կամուկացը՝ գրե՞լ հնարամտության այս ձեւի մասին, եւ եթե դեռեւս կան «չջոկողներ», նրանց էլ գլխի գցել, թե՞ համբերել, մինչեւ պայծառ ու անորոշ ապագա։ Երբ կհասկանանք, որ մեր արածը ամենաքիչը նույն չափով մեզ է վերադառնալու կամ առնվազն… մեր վերեւի հարեւանին։

Կենցաղային «շուստրիության» մեխանիզմը առանձնապես բարդ չէ. քեզ համար սուսիկ-փուսիկ «մտնում» ես վերելակի «վենը» (եթե նույնիսկ առաջինն էլ չես այդ ազնիվ գործում, քեզ որոշակի կենդանու տեղ ես դնում) եւ մի բավական ժամանակ ընտանեկան բյուջեի ծախսերի հոդվածներից հանում էլեկտրականության դիմաց վճարելիքը։ Ընտանեկան բյուջեիդ «կայֆը» կախված է նրանից, թե քանիսն են քեզ պես իրենց որոշակի կենդանու տեղ դրել։ Ըստ այդմ՝ վերելակի «ծախսած» էլեկտրաէներգիան որոշակի արագությամբ աճում է, հաշվիչի ցուցմունքն էլ հետը եւ, ինչպես երրորդ մասի մի բարձրահարկի «անկուշտ» վերելակի դեպքում է եղել, պարտքը հասել է, ասենք, 1700 ԱՄՆ դոլարի։ Ու ձեր կարծիքով, առաջին հարկի բնակիչները գլո՞ւխ ենa ջարդում այդ պարտքը մարելու համար։ Ոչ, ջարդում են, բայց ոչ թե գլուխ, այլ՝ ոտք ու նյարդեր՝ վերին հարկերի բնակիչները։ Այդքան պարտք շալակած վերելակը պարզապես անջատել են, անօրինական լարանցումները (մի բառով՝ «վեն») փրթել-թափել ու բնավ չեն մտահոգվել՝ պարզելու «հնարամիտներին»։ Իսկ դրանց մեջ, որպես կանոն, վերին հարկերի բնակիչները շատ քիչ են։ Նման բան 13-րդ հարկում ապրող թշնամուդ էլ չես ցանկանա, մանավանդ, եթե ինքդ ապրում ես 14-րդ հարկում։

Իհարկե, կարելի է երկար-բարակ դատողություններ անել նաեւ գողության այս տեսակի դրդապատճառների շուրջ, նորից տակնուվրա անել կառավարության ամանորյա «տոպրակը», այնտեղից հանել էլեկտրաէներգիայի սակագինը ու «վերեւների» մի երկու հարեւանի աչքը մտցնել։ Բայց արի ու տես, որ վերելակների շալակը «թռնում» են հիմնականում այն մարդիկ, ում հոսանքի վարձը մի առանձին նեղություն չի տալիս։ Պարզապես ո՞նց կլինի. սատկած էշ լինի, նալ ունենա ու էդ նալին նայող չլինի՞։ Իսկ էշը, որ սատկած էլ չեղավ, կսատկացնենք։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031