Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՆՊԱՏԱԿ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 17,1998 00:00
levon

Այն իրադարձությունները, որոնք նկարագրված են ֆրանսիական «Մոնդ դիպլոմատիկ» հեղինակավոր ամսագրի դեկտեմբերյան համարում, քաջ հայտնի են հայ ընթերցողին։ Այնուամենայնիվ, որոշ կրճատումներով արտատպելով քաղաքական հայտնի մեկնաբան Ժան Գերայի հոդվածը, կարծում ենք, որ կարող է հետաքրքրություն ներկայացնել այն հանգամանքը, որ մեզ հայտնի պատմությունները ներկայացված են արտասահմանյան դիտորդի աչքերով՝ իր յուրահատուկ շեշտադրումներով։

Հայաստանի առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի 1998 թ. փետրվարի 3-ի պարտադրված հրաժարականը, փաստորեն, ոչ մի էական տեղաշարժ չմտցրեց։

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած թիմը տարօրինակ ձեւով նմանվում է նախորդին՝ որոշ բացառություններով։ Ցանկացած մարդ, որը երազում էր կյանքը փոքր-ինչ բարելավված տեսնել, չի թաքցնում իր հուսահատությունը։ Լուրջ պառակտումները սկսում են նկատվել այն տրիումվիրատի ներսում, որը ձեւավորվել էր նախորդ նախագահի հեռանալուց հետո եւ պահպանում է իշխանության հիմքը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող բանակցությունների փակուղու ֆոնի վրա։

Երեւանի նոր իշխանությունները համաձայն չեն նրանց հետ, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը մեկնաբանում են որպես «պալատական հեղաշրջում», որպես ուժայինների կողմից իշխանության գրավում։ Նրանք պնդում են, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում։

Գահընկեց արած նախագահը իրեն կարող էր միայնակ զգալ, երբ ժողովուրդը աշխուժորեն արձագանքեց 1997 թ. սեպտեմբերի 26-ի մամլո ասուլիսին, որի ընթացքում նա համաձայնեց Մինսկի խմբի առաջարկած «խայտառակ փոխզիջմանը»՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Ահա թե ինչու նա գերադասեց հեռանալ՝ չփորձելով իշխանությունը պահպանել բռնի ուժով։

Այդպիսին չէր Լ. Տեր-Պետրոսյանի վարկածը իր հրաժարականի խոսքում, որը հրապարակվեց փետրվարի 3-ին։ Նա հայտարարեց իր հրաժարականի մասին, որի պահանջն իրեն «ներկայացվել էր հայտնի ուժերի կողմից»։ Հավանաբար, նա հակված էր խուսափել երկրում այն իրադրություններից, որոնք կարող էին սպառնալ պետության կայունությանը։ Այս որոշումը հետագայում քննադատվեց նրա մերձավոր համախոհների կողմից. «Համաձայնելով,- պնդում են վերջիններս,- նախագահը նպաստեց իշխանության փոխանցման օրինականությանը»։

«Խաղաղության կուսակցությունը պարտություն կրեց»,- հրաժարականի այս կարճ նախադասությունը շատ հատկանշական է։ Թվում է, թե Տեր-Պետրոսյանը այդպիսով մեղադրում էր իր ընդդիմախոսներին, այդ թվում՝ իր վարչապետին, պաշտպանության նախարարին եւ ներքին գործերի նախարարին, թե իրենք պատկանում են «պատերազմի կուսակցությանը»։ Այդպիսով, նա առաջին անգամ բացահայտ ասաց այն, ինչ բոլորն արդեն գիտեին. պետության էլիտայում եղած տարաձայնությունները՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ։

Սեպտեմբերի հայտնի մամլո ասուլիսի ժամանակ նախագահն արտահայտվեց հօգուտ փուլ առ փուլ կարգավորման՝ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Հենց սա է, ընդգծեց նա, ղարաբաղյան ընդհարման կարգավորման միակ միջոցը ներկա պայմաններում՝ անիրական համարելով թե՛ Ղարաբաղի լիակատար անկախությունը, թե՛ Հայաստանին միացումը։

Նման տեսակետը պաշտպանություն ստանալով այն մարդուց, որն իշխանության գլուխ էր անցել «Ղարաբաղը մերն է» կոչերի պայմաններում, առաջացրեց բուռն ալեկոծում, հաճախ կոպիտ կամ հիստերիայի հասնող արտահայտություներով, մի երկրում, որտեղ «Ղարաբաղի պաշտամունքը» իսկապես հասել է պետական մակարդակի, եւ Լ. Տեր-Պետրոսյանը նույնպես վստահեցնում էր, որ ոչ մի համաձայնագիր չի ընդունվելու առանց Ղարաբաղի ժողովրդի դրական կարծիքի։

1997 թ. նախագահը վարչապետ նշանակեց Ռ. Քոչարյանին (որն այն ժամանակ Ղարաբաղի նախագահն էր)՝ մոլեգին ընդդիմությանը հանգստացնելու համար եւ այն միամիտ հույսով, որ իր հիմնական համախոհը կաջակցի նրան ճգնաժամի իրատեսական կարգավորման գործում։ Սակայն իրականում ամեն ինչ դժվար է ճշգրիտ հաշվարկել։ Պրն Քոչարյանը շարունակ կրկնում էր, որ ինքը նախագահի հետ համաձայն չէ Մինսկի խմբի առաջարկների հարցում եւ այլ խնդիրներում՝ կապված ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հետ։

Վազգեն Սարգսյանը՝ պաշտպանության նախարարը, ավելի էր առաջ անցել. 1997 թ. հոկտեմբերի 21-ին մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ նախագահի ու ժողովրդի նոր ընդհարման ժամանակ բանակը կպահպանի չեզոքություն։ Այսինքն՝ բանակն այլեւս չէր պաշտպանի պետության ղեկավարին, ինչպես դա եղավ 1996-ի սեպտեմբերին, երբ ընդդիմություն կազմակերպած խռովությունը Ազգային ժողովի շենքի առջեւ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների հետեւանք էր։

Այդ ժամանակից Երեւանի տեղյակ շրջաններում սկսում են խմորվել լուրեր հնարավոր զինվորական հեղաշրջման մասին։ Եվ այդ պահից ստեղծվում է տրիումվիրատ՝ վարչապետ Քոչարյան, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյան եւ ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյան։ Եռյակը հասավ այն բանին, որ կարողացավ նախագահին «համոզել» հրաժարվել իշխանությունից։

Վերջինս դադարեց պայքարել միայն 1998-ի հունվարի վերջին, երբ Վ. Սարգսյանը, որին Տեր-Պետրոսյանը համարում էր իր ամենահավատարիմ զինակիցը, կտրուկ շրջադարձ կատարեց։ Անցնելով Ռ. Քոչարյանի կողմը, որը սկսում էր «երկրորդ նախագահի» դերը խաղալ, Վ. Սարգսյանը նորից պնդեց իր ասածները՝ բանակի չեզոքության մասին։

Այն փաստը, որ պաշտպանության նախարարը նախապատվությունը տվեց Ռ. Քոչարյանին, մատնանշում էր նրա միջամտությունը քաղաքական գործերին։ «Թագավորակերտ» իր դերում Վ. Սարգսյանն ընտրությունը կատարեց հօգուտ վարչապետի, որպեսզի նրանից Տեր-Պետրոսյանի հաջորդացու պատրաստի։ Օրենսդրության համաձայն, Ազգային ժողովի խոսնակ Բաբկեն Արարքցյանը, որը գահընկեց նախագահի ամենամտերիմ զինակիցներից էր, ժամանակավորապես պիտի կատարեր նախագահի պարտականությունները. նրա գլխավոր գործն էր նախապատրաստել պետության նոր ղեկավարի ընտրություններ։

Տրիումվիրատի ուժգին ճնշման տակ (այն տրիումվիրատի, որ հենց նոր կարողացել էր հեռացնել նախագահին) Արարքցյանին համոզեցին հեռանալ։ Օրենսդրության մեջ նշված է, որ նման պայմաններում նախագահի պաշտոնակատար է դառնում վարչապետը, տվյալ դեպքում՝ Քոչարյանը։

Արարքցյանի հեռանալն այս դեպքում ուժային ազդեցության տրամաբանական շարունակությունն էր Ազգային ժողովի ներսում, որտեղ «Հանրապետություն» միավորման այն 40 պատգամավորները, որոնք Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, բառացիորեն մի քանի ժամում փոխակերպվեցին. նրանք անցան «Երկրապահ» միավորման շարքերը, որի արարիչը ինքը՝ պաշտպանության նախարարն էր։ Այս պայմաններում նախագահական ընտրությունների արդյունքը, թվում էր, արդեն կանխատեսելի էր։

Հուսահատություն հուսահատության մեջ

Անակնկալության միակ պահը Կարեն Դեմիրճյանի՝ 70-80 թթ. Հայաստանի կոմունիստական կուսակցության նախկին պաշտոնյայի անսպասելի թեկնածությունն էր։ Նա այն ժամանակաշրջանի գործիչ է, երբ Հայաստանը ղեկավարում էր «կենտրոնի» որոշումներով, իսկ տնտեսությունը սոցիալական արդարությունից շրջվում էր դեպի «մեղմ» շուկա։

10 տարվա ընթացքում այս պերսոնաժը ջանասիրաբար աշխատում էր չզբաղվել քաղաքականությամբ՝ նվիրվելով Հայաստանում դեռ գործող փոքրաթիվ ձեռնարկություններից մեկի կառավարմանը։ Նրա անակնկալ հայտնվելը նախընտրական բեմահարթակում վեր բարձրացրեց ժողովրդի ոգեւորության պոռթկում, որը կարող էր խանգարել Ռ. Քոչարյանի գահ բարձրանալու՝ խնամքով մշակված սցենարին. էլեկտորատը համակված էր կյանքի բարելավման խելագար հույսով։

Արդյո՞ք տեղի է ունեցել կեղծիք՝ պահելու համար Քոչարյանի հաղթանակը, որը հաղթել էր 2-րդ փուլում 60% ձայներով՝ գերազանցելով 40% ընտրողների ձայներ ստացած Դեմիրճյանին։ Արտասահմանյան դիտորդներն այդ հարցին պատասխանեցին դրականորեն, նշելով սակայն, որ խախտումներն այնքան էական չէին, որպեսզի արդյունքի վրա ազդեին։ Բայց պատահական մարդիկ, ինչպես նաեւ Արեւմուտքի անկողմնակալ դիտորդների մեծ մասը համոզված են, որ հաղթանակը Դեմիրճյանի ձեռքից խլեցին՝ նախապես որոշված մարդու օգտին։

Հաջորդ հիասթափությունն ի հայտ եկավ 1998 թ. ապրիլի 20-ին, երբ ձեւավորվեց նոր կառավարության կաբինետը, որը գլխավորում է քաղաքականությունից դուրս գտնվող երիտասարդը՝ Կիրիենկոյի հայկական նմանակը։ Միակ նշանակալից փոփոխությունը ծայրահեղ ազգայնական կուսակցության՝ Դաշնակցության (այն Հայաստանում արգելված էր 1994-ի դեկտեմբերից նախագահի հրամանով) 2 ներկայացուցիչների ընդգրկումն էր կառավարության մեջ։ Այս 2 նախարարները ստացան գաղափարախոսական պորտֆելներ, ընդ որում՝ շատ ազդեցիկ՝ կրթության եւ մշակույթի։

Բացի այդ, Վահան Հովհաննիսյանը՝ այդ կուսակցության Հայաստանի կազմակերպության առաջնորդը, ազատվեց բանտից։ Նա դատապարտված էր 4 տարով՝ գործող ռեժիմի դեմ գործունեության համար։ Նրան տրվեց նախագահի խորհրդականի պաշտոն։

Գաղտնի պայքար իշխանության համար

Սեփականաշնորհման քաղաքականությանը տնտեսական բնագավառում, որը նոր տեխնոկրատներն անցկացնում են մեծ աղմուկով, առարկում է ռեւանշի ձգտող պառլամենտական ընդդիմությունը, որին գրեթե հաջողվել էր չեղյալ համարել երեւանյան կոնյակի գործարանի վաճառքը. վերջինս իբր «վաճառվել էր հայկական օրենքների խախտումներով» ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը։ Ի դեպ, պատգամավորների մեծամասնությունը կասկածի էր ենթարկել նաեւ նախագահ Քոչարյանի «հակասահմանադրական վարքը»։ Բացի այդ՝ ընտրությունների ապագա օրենքի վիճաբանությունները բացահայտեցին լուրջ տարաձայնություններ երկրապահների, որոնք կողմ էին մեծամասնական ընտրություններին, եւ մնացած պատգամավորների միջեւ, այդ թվում նաեւ Քոչարյանի կողմնակից դաշնակցականների, որոնք համամասնական համակարգի կողմից են։

1999թ. ընտրություններին սպասելով՝ իշխանության համար գաղտնի պայքարը արդեն տեղափոխվել է տրիումվիրատի մեջ, որը ներկայումս իշխում է Հայաստանում։ Դա վերաբերում է Քոչարյան – Սարգսյան (ազդեցիկ, հզոր պաշտպանության նախարար) տանդեմին։ Վերջինս օգտվում է նաեւ Ղարաբաղի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի աջակցությունից։

Սակայն ղեկավարության վերնախավում, ինչպես նաեւ պառլամենտում ընդհարումները մոտ ժամանակներս չպետք է սպառնան նախագահին։ Ազգային Ժողովում իր տրամադրության տակ մեծամասնություն ունենալով՝ Քոչարյանը չի վախենում անհանգիստ, բայց մեկուսի ընդդիմությունից, որը փորձում է վերախմբավորվել եւ կողմնորոշվել իշխանության հանդեպ։ Հայոց համազգային շարժումը, որը Լեւոն Տեր- Պետրոսյանի ղեկավարության ժամանակ եղանակ էր ստեղծում, իշխանության դեմ պայքարելու հստակ ծրագիր չի մշակել։ Նրանք նույնիսկ տարբեր ընդդիմությունների են պառակտվել, որոնց փորձում է միավորել նախկին նախագահի համախոհներից մեկը՝ Վանո Սիրադեղյանը։

Միակ ռեալ վտանգը Ղարաբաղի հարցում փակուղու մեջ հայտնվելն է։ Վերադառնալով այն մտքին, որ ժամանակին քարոզում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը… ԱՄՆ դեսպան Փիթեր Թոմսոնն իր լիազորությունների ավարտին բարեկամաբար զգուշացրեց հայերին, որ Հայաստանում տնտեսական զարգացման աճ տեղի չի ունենա, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի։ Դեռ Երեւան չեկած, նրա հաջորդ Մայք Լեմանը ընդգծեց, որ իր պետության հետաքրքրությունը «Ադրբեջանի ամբողջականությանն է ուղղված»։

Կկարողանա՞ Հայաստանի նախագահը դիմադրել Մինսկի խմբի համանախագահներին, որոնք շահագրգռված կողմերի համար բարեպատեհ են համարում կոմպրոմիսային որոշումը։ Սամվել Բաբայանի՝ Ստեփանակերտում ամենամոտ խորհրդատու Մուրադ Պետրոսյանը, որը պատմության մեջ է մտել իր ռազմատենչ հայտարարություններով, շատ վճռական է այս առիթով։ Նրա եւ ղարաբաղցիների մեծամասնության կարծիքով, Քոչարյանը թույլ քաղաքական գործիչ է, որը ստիպված է շարունակել իր նախորդի քաղաքականությունը։ «Տարբերություն առանձնապես չկա,- խոստովանում է նա,- ղեկավարելու մեթոդների, որոնք Լ. Տեր-Պետրոսյանն է առաջարկել, եւ նրա հակառակորդների գլոբալ որոշումների միջեւ։ Մեր ընտրությունը հետեւյալն է՝ կամ մենք համաձայնում ենք Ադրբեջանում ապրել, իրենց օրենքներն ընդունելով, կամ էլ՝ նորից պատերազմ ենք սկսում։ Երրորդը տրված չէ»։

Այս ծայրահեղական արտահայտությունները չընդունելով, որոնք մասամբ Սամվել Բաբայանի կարծիքն են արտահայտում, Երեւանի բանիմաց դիտորդները չեն բացառում Քոչարյանի՝ Ղարաբաղի հարցում շրջադարձ կատարելը։ Վաղ թե ուշ, ասում են նրանք, նախագահը ստիպված կլինի իր նախորդի ճանապարհով գնալ։

ԺԱՆ ԳԵՐԱ

«Մոնդ դիպլոմատիկ», դեկտեմբեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031