Քաշաթաղի շրջանում բնակվում են հիմնականում Հայաստանի քաղաքացիները։ Սոցիալապես անապահով, իրավականորեն անպաշտպան, խեղճ ու կրակ մարդիկ փախչում են այդ շրջան՝ փորձելով մի կտոր հաց գտնել եւ պաշտպանվել չինովնիկների անօրինականություններից։ Իրականում պարզվում է՝ վիճակը ճիշտ հակառակն է։ Այս շրջանում չեն գործում նույնիսկ այն սակավ իրավական նորմերն ու իրավապահ մարմինները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում։ Բնակիչներն իրենց իրավունքները պաշտպանելու համար չգիտեն ում դիմել։
Արտակ Բադամյանը արդեն երկու տարի անհայտ կորել է Քաշաթաղի շրջանում։ Նրա հարազատների եւ կնոջ բոլոր փորձերը՝ գտնել Արտակին, ապարդյուն են եղել։ Արտակ Բադամյանը 1996 թ. մայիսին, ընտանիքի սոցիալական վիճակը բարելավելու ակնկալիքով, Կապանից մեկնում է Քաշաթաղի շրջանի Միջնավան գյուղ եւ աշխատում որպես ավտովերանորոգող։ Արտակի կինը՝ Մելանյա Ղազարյանը, պատմում է, որ Արտակը մինչեւ օգոստոս ամիսը կանոնավոր ստանում էր իր աշխատավարձը, եւ իրենց վիճակը զգալիորեն բարելավված էր։ Սակայն օգոստոսից Միջնավանի գավառապետ Ռոման Գյուլբանդյանը հրաժարվում է վճարել աշխատավարձը։ Այդպես, առանց աշխատավարձի, Արտակ Բադամյանն աշխատում է մինչեւ 1997 թ. փետրվարը։ Փետրվարին գյուղացիների բողոքների պատճառով գյուղ են այցելում շրջանի ղեկավարները՝ ԱԺ պատգամավոր Ալեքսան Հակոբյանը, Սարգիս Հակոբյանը եւ այլ պաշտոնյաներ։ Հրավիրվում է ժողով, որտեղ գյուղացիներն իրենց բողոքն են արտահայտում գյուղապետի գործունեության նկատմամբ։
«Իմ ամուսինն էլ իր հարցը բարձրացրեց, ասելով, որ Ռոման Գյուլբանդյանը իր հաճույքների համար հսկայական գումարներ է ծախսում, իսկ 20 հազար աշխատավարձ վճարելու համար գումար չկա։ Պաշտոնյաների դեմքերից հասկացանք, որ իրենց շատ վատ զգացին։ Ալեքսան Հակոբյանը ինչ-որ տեղ ստիպված ասաց, որ ձեր փողը կվճարվի։ Ժողովից հետո մենք վստահ էինք, որ մեր փողը կվճարվի։ Սակայն Ռոմանը մեզ ասաց, որ ում դիմել եք ժողովի ժամանակ, նրանից էլ ստացեք ձեր գումարը։ Նույն օրը նա Արտակին ազատեց աշխատանքից»,- պատմում է Մելանյա Ղազարյանը։
Մինչեւ մայիսի 1-ը Արտակն ու Մելանյան փորձում են ստանալ իրենց աշխատավարձը, սակայն՝ դարձյալ ապարդյուն։ Ուղիղ մեկ տարի անց ընտանիքը վերադառնում է Կապան։ Մայիսի 7-ին Արտակը Միջնավանի գավառապետի տեղակալ Ալբերտի հետ գնում է Միջնավան՝ վերջնականապես լուծելու իր աշխատավարձի հարցը։ Դրանից հետո Արտակը, որը երկու երեխաների հայր է, այլեւս չի վերադառնում: Միջնավանում նրան տեսել են մինչեւ մայիսի 9-ը։ 28-ամյա Արտակի որոնմամբ զբաղվում են նրա հարազատները, Մելանյա Ղազարյանին են այցելում Քաշաթաղի ոստիկանության քննիչներ Յուրա Մարգարյանը եւ Վլադիկ Մարտիրոսյանը, որոնք Մելանյային մի քանի հարցեր տալով հեռանում են։ Մելանյան կորած ամուսնուն գտնելու հույսով դիմում է Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրեն Աբրահամյանին, որը ճիշտ հակառակ ազդեցություն է ունենում։ Երկու օր հետո, գիշերվա ժամը 12-ին նրանց տուն են այցելում Քաշաթաղի շրջանի դատախազության քննիչները, որոնք Մելանյային ստիպում են իրենց հետ գնալ Քաշաթաղ։
Կարդացեք նաև
«Մելանյա, դու այնքան դոդ ես, որ դիմում ես գրում ձեր մարզպետին, իսկ մենք պատասխանատու ենք Ալեքսան Հակոբյանին»,- ասել է Քաշաթաղի դատախազը։ Մելանյային լռեցնելու համար դատախազությունում նրան մեղադրում են Միջնավանի գավառապետի տեղակալ Ալբերտի հետ կապված լինելու եւ ամուսնու կորուստը կազմակերպելու համար։ Մելանյան դիմում է հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին, սակայն պատասխանը միակն է՝ Քաշաթաղում գործը փակված է։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Այս նյութը կառուցված է քաղաքացու բողոքի վրա։ Խմբագրությունը պատրաստ է տպագրել հակառակ կողմի՝ համապատասխան պաշտոնյաների կարծիքը։