Դեկտեմբերի 15-ին Դավթաշենի չորրորդ թաղամասում տեղավորված դպրոցներից մեկն են ներխուժել անհայտ անձինք եւ ուսուցչական կոլեկտիվին եւ աշակերտներին խուճապի մատնել։ Անծանոթներն անհարկի իրարանցում են գցել, հայտարարելով, թե շատ շուտով երկրաշարժ է լինելու։ Ուսուցիչներն ու աշակերտները, ահավոր վախեցած, փորձել են փախչել դպրոցի շենքից։ Ավելի վախեցածները, կոտրելով դպրոցի ապակիները, դուրս են ցատկել երկրորդ հարկից։ Դպրոցը գտնվում է թաղամասի գրեթե կենտրոնում։ Շատ կարճ ժամանակում մոտ 50-60 բնակելի շենք, մանկապարտեզ, պոլիկլինիկա, խանութներ եւ այլն ունեցող հսկա թաղամասի բնակիչները հայտնվել են փողոցում։ Ավելի զգուշավորները, հեռանալով բարձրահարկերի տարածքից, պատսպարվել են Երեւան-Եղվարդ ավտոմայրուղու տարածքում։
Մարդիկ խուճապի մեջ էին, երեխաները լաց էին լինում եւ ցրտից ու ահից դողում։ Սպասումի եւ հուսահատության մի քանի ժամում տասը տարի առաջ երկրաշարժ տեսած մարդիկ կրկին վերապրեցին բոլոր սարսափները։ Շատերն իրենց հետ վերցրել էին տաք շորեր, ուտելիք եւ այլն։ Իսկ նրանք, ովքեր ընդամենը մի քանի օր առաջ էին մաքրել կամ վերանորոգել իրենց բնակարանները, մտքում եւ բարձրաձայն հրաժեշտ էին տալիս իրենց իզուր աշխատանքի արդյունքին։ Թե որքան կտեւեր այս համաժողովրդական իրարանցումը, դժվար է ասել։ Մի քանի ժամ հետո թաղի տղաներից մի քանիսը որոշեցին բարձրանալ ՍՊԱԾ (ճակատագրի հեգնանքով Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը գտնվում է թաղամասի հարեւանությամբ), պարզելու, թե ե՞րբ է վերջապես լինելու այդ չարաբաստիկ երկրաշարժը, կամ՝ լինելո՞ւ է ընդհանրապես։ Շուտով պատասխան եկավ, թե նման բան չկա եւ ոչ մի երկրաշարժի մասին խոսք լինել չի կարող։
Ովքե՞ր էին այս հանցավոր արարքի հեղինակները, ո՞ւմ էր պետք ժողովրդին իրար խառնել, սթրեսային իրավիճակ ստեղծել, այդպես էլ չիմացվեց։ Թեպետ որոշ ժամանակ անց ժողովրդի մեջ լուր տարածվեց, թե ՆԳ աշխատակիցները փնտրում են հանցագործներին։
Իմանալով լուրի մասին՝ խմբագրությունը եւս փորձեց իր ուժերով պարզել, թե ովքե՞ր էին այդ մարդիկ, ի՞նչ նպատակ ունեին, եւ որքանո՞վ էր հավաստի լուրը։ ՍՊԱԾ-ից մեզ հայտնեցին, որ այդ ինֆորմացիայի եւ աղմուկի հետ իրենք ոչ մի կապ չունեն, իրենց աշխատողներից որեւէ մեկը նման լուր չի տարածել։ Երեկ ամբողջ օրվա ընթացքում փորձեցինք կապվել Դավթաշենի միլիցիայի բաժանմունքի հետ եւ անհրաժեշտ տեղեկություն ստանալ։ Ցավոք, հնարավոր չեղավ պարզել, թե ովքե՞ր են լուրը տարածողները եւ բռնվե՞լ են նրանք արդյոք։
Կարդացեք նաև
Եղանակի վերջին օրերի ոչ ձմեռային տրամադրությունները, չափազանց տաքն ու արեւը սպասողական վիճակի մեջ են պահում արդեն աչքը վախեցած ժողովրդին։ Իսկ ՍՊԱԾ-ից մեզ հայտնեցին, որ Հայաստանի տարածքում վերջին շրջանում անսովոր տաք եղանակը կապված է Արաբական տափաստանից Հայաստան ներխուժած տաք հոսանքների հետ։ Հնարավոր երկրաշարժի մասին լուրերը հերքվեցին։
Կպարզվի՞, թե ովքեր են ստահոդ լուրեր տարածողները, չգիտեմ, սակայն պարզ է, որ եթե պարզվի էլ, ապա չկա ՀՀ որեւէ օրենք՝ վերոհիշյալ չարագործներին պատժելու համար։ Մնում է թաղով հավաքվել ու լավ «դաստիարակել» մոլագարին։ Աստված այս ժողովրդին գուշակներից, մոլագարներից եւ թուղթ ու գիր անողներից հեռու պահի։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ