Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԲԵԴԸ ԿՈՒՏԻ ՀՈՎԻԿԻ ԾԻՐԱՆԸ

Դեկտեմբեր 17,1998 00:00
hovik abrahamyan

Օրերս Կրասնոյարսկի երկրամասում էր հայկական մի պատվիրակություն, որի կազմում ընդգրկված էին տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գագիկ Շահբազյանը, տարբեր նախարարությունների աշխատակիցներ։ Սակայն այս այցելությունից ամենից ավելի օգտվողը Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանն է եղել։ Հենց նրան էլ հրավիրեցինք զրույցի։

-Այցելության նպատակն էր կնքել համագործակցության համաձայնագիր, որով հիմք պետք է դրվի հայաստանցի գործարարների՝ Կրասնոյարսկի երկրամասում գործունեություն ծավալելու համաձայնեցված գործընթացին։ Այցն ուներ գործնական նպատակ, եւ այս առումով պետք է ասել, որ կնքված պայմանագրերն էլ համապատասխան բովանդակություն ունեցան։ Հայկական պատվիրակությանը արտակարգ ջերմությամբ ընդունեց գեներալ Լեբեդը։ Ընդունելության հետ կապված բոլոր մանրուքները հաշվի էին առնված. այն կազմակերպված էր բարձր մակարդակով։ Կազմակերպված էր գործարար հանդիպում մեր պաշտոնական պատվիրակության եւ տեղի ձեռներեց շրջանակների միջեւ։ Այցելել ենք տարբեր գործարաններ, եղել ենք ալյումինի գործարանում, առեւտրի մեծ կենտրոններում, բազաներում եւ այլն։

Մենք համաձայնագրեր կնքեցինք մի քանի ոլորտներում Կրասնոյարսկի երկրամասի եւ Արարատի մարզի միջեւ նորովի համագործակցելու վերաբերյալ։ Ստորագրված պայմանագրում ընդգրկված են տնտեսական, առեւտրի, կապի, արդյունաբերության, ֆինանսների բնագավառները։ Նահանգապետ Լեբեդը մեզ փոխանցեց երկրամասի տարածքում արտադրվող բոլոր արտադրատեսակների ցուցակը՝ ըստ առկա գների, եւ մեզնից էլ պահանջեցին ապրանքներ, որոնք մենք ունենք եւ որոնք մեծ պահանջարկ են վայելում Կրասնոյարսկի երկրամասում։ Այնտեղ շատ մեծ համբավ ունի նախկինում անընդհատ Կրասնոյարսկ արտահանված կոշիկը, տրիկոտաժը, որի մասին ժողովուրդն անգամ հիշողություն պահպանել էր։ Հայկական կոնյակի եւ գինու մեծ պահանջարկ եւս կա Կրասնոյարսկի երկրամասում։ Մեզնից մեծ քանակությամբ գինու եւ կոնյակի հումք են խնդրել երկրամասի ամենամեծ մասնագիտացված գործարանների ղեկավարները։ Նրանք մտադիր են շշալցումը կազմակերպել իրենց մոտ։ Բայց դա հետագայում։ Առայժմ պայմանավորվել ենք միայն, որպեսզի փոխադարձորեն միմյանց առաքենք պատրաստի արտադրանքներ։ Նահանգապետ Լեբեդը մեզ առաջարկեց հունվարին արդեն, եթե մենք, իհարկե, պատրաստ լինենք, ընդունենք Կրասնոյարսկի երկրամասի ձեռնարկությունների տնօրենների մի մեծ խմբի, որոնք Հայաստանում ծանոթանալով առկա հնարավորություններին, իրենց ոլորտների վերաբերյալ կոնկրետ պայմանագրեր կկնքեն։ Կարծում եմ, որ մենք շատ անելիք ունենք, մանավանդ Կրասնոյարսկի երկրամասի շուկան ուսումնասիրելու առումով։ Այնտեղ կա էժան ապրանք, որ կարելի է ներկրել Հայաստան։

-Մի՞թե, այդ ի՞նչն է, որ մինչեւ հիմա չէր բերվում։

-Ասենք՝ ցորենը։ Տեղում հացահատիկի այդ տեսակի տոննան ընդամենը 50-60 դոլար արժե։ Եթե նույնիսկ ճանապարհածախսն էլ գումարենք ու այդ ցորենը ներկրենք Հայաստան, մեծ օգուտ կարող ենք տալ ժողովրդին՝ իջեցնելով հացի գինը։ Մեր առաջիկա անելիքներից մեկն այն պետք է լինի, որ մի մեծ խմբաքանակ կոշիկ ուղարկենք Կրասնոյարսկ։ Պետք է նաեւ նախապատրաստվենք Կրասնոյարսկի երկրամասի գործարարների այցելությանը Հայաստան։ Նրանք պետք է հստակ պատկերացում ունենան, որպեսզի որեւէ հնարավորություն բաց չթողնենք։ Եթե մենք կնքված պայմանագրերից կարողանանք ճիշտ օգտվել, համոզված եմ՝ Կրասնոյարսկի երկրամասը, նահանգապետի գլխավորությամբ, մեծ օգնություն կարող է ցուցաբերել հայ ժողովրդին։ Նրանց մեջ ես այդ ցանկությունը տեսա։ Մենք պետք է ավելի առաջ գնանք՝ հիմնականում շեշտադրելով արդյունաբերության զարգացման կարեւորությունը։ Ես համագործակցության մեծ հեռանկարներ եմ տեսնում նաեւ գյուղատնտեսության ոլորտում։

-Իսկ ի՞նչ երաշխիք, որ ձեր այցելությունը կունենա գործնական շարունակություն եւ զուտ ճանաչողական շրջագայություն չի դառնա մի քանի պետական բարձրաստիճան պաշտոնյայի համար։

-Մի քանի գործարանների համար ես արդեն պայմանագրեր ինձ հետ բերել եմ։ Օրինակ, գինու եւ կոնյակի վերաբերյալ. նրանք սպասում են, որպեսզի մենք այստեղից ուղարկենք պայմանագրերի մեր տարբերակները։ Դրանից հետո կլուծվի ակցիզային պիտակների հարցը, ու նրանք կգան Հայաստանից տանելու այդ խմիչքատեսակների խմբաքանակները։ Նրանք մեզանից կոշիկների եւ տրիկոտաժի նմուշներ են խնդրել, որոնք մենք մոտ օրերս կուղարկենք։ Ինձ թվում է, այս երեք ոլորտներում արդեն գործը տեղից շարժվել է։

-Իսկ եթե չհաջողեք, հրաժարական կտա՞ք մարզպետի պաշտոնից։

-Ինձ թվում է, հրաժարականի հարց չի առաջանա։ Այցելությունը նպատակային է եղել, մենք գնացել ենք համագործակցելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար, ինչին հասել ենք։ Ասեմ նաեւ, որ Արարատի մարզը համագործակցում է Սվերդլովսկի մարզի, նահանգապետ Ռոսելի հետ, ուր եւս գինի ու կոնյակ, մրգեղեն ենք ուղարկել։ Ավելացնեմ նաեւ, որ Կրասնոյարսկի երկրամասում եւս մրգեղենի մեծ պահանջարկ կա՝ խնձորի, դեղձի, խաղողի եւ ամենակարեւորը՝ ծիրանի։

Մեծ պատիվ եմ համարում ինձ համար, որ կարողացա այդպիսի մեծ մարդու՝ գեներալ Լեբեդի հետ պայմանագիր կնքել։ Նրա տնօրինած երկրամասի տարածքը ավելի քան 100 անգամ մեծ է Հայաստանից։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031