Լրահոս
Օրվա լրահոսը

Գուլուզադեն «իրեն շլանգի տեղ է դնում»

Դեկտեմբեր 17,1998 00:00
Aram Abrahamyan

Մեր թերթի երեկվա համարում տպագրված «Սնարք» լրատվական գործակալության հարցազրույցը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Վաֆա Գուլուզադեի հետ, կարծում եմ, սպառիչ կերպով է ներկայացնում ղարաբաղյան հարցում ադրբեջանական դիվանագիտության մոտեցումներն այս պահին:

Նախ՝ Գուլուզադեն «իրեն շլանգի տեղ է դնում», երբ ասում է, թե «ընդհանուր պետության» գաղափարը նշանակում է Ղարաբաղի փաստացի անկախություն: Նա շատ լավ գիտի, որ աշխարհի բոլոր պետություններն ընդհանուր են: Սակայն դրանք ունեն տարբեր կառուցվածքներ. ունիտար պետություն, տարբեր կարգի ինքնավարություններ ունեցող պետություն, ֆեդերացիա, կոնֆեդերացիա, ազատ ասոցիացիա: Ինքնավարությունից սկսած մինչեւ ազատ ասոցիացված անդամ Ղարաբաղին առաջարկվող բոլոր կարգավիճակները ենթադրում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանում:

Այլ հարց է, որ մենք, հայերս, չենք ուզում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանվի: Մենք ձգտում ենք, որ Արցախը անկախ լինի կամ ճանաչվի որպես Հայաստանի մարզ, ինչի մասին, ի դեպ, ունենք 1989 թվականին ընդունված պետական որոշում, որը մեր Ազգային ժողովը չեղյալ չի համարել: Եթե ուժ ու հնարավորություն ունենք, եկեք պայքարենք մեր ձգտումների իրականացման համար: Պարզապես պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել եւ արժե, հավանաբար, հստակ ձեւակերպել, թե ինչ ենք մենք ուզում, ինչ են մեզ առաջարկում եւ ինչով է մեկը մյուսից տարբերվում:

Երբ Գուլուզադեն պնդում է, թե Հայաստանը մերժել էր Մինսկի խմբի առաջարկած «փաթեթային տարբերակը», նա պարզապես ստում է: 1997 թվականի մայիսին Հայաստանն ընդունեց փաթեթային կարգավորման առաջարկը, որն, ի դեպ, հարցի լուծման տեխնոլոգիայի տեսակետից գրեթե չէր էլ տարբերվում վերջերս մեր կողմից ընդունված առաջարկներից: Պարզապես 1997 թվականի փաթեթային առաջարկներում կար «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» մեզ համար հոգեբանորեն անմարսելի հասկացությունը, որն այսօր փոխարինվել է «ընդհանուր պետություն» մարսելի, բայց անհասկանալի տերմինով: Հենց Ադրբեջանն էր, որ 1997-ի գարնանը մերժեց փաթեթային տարբերակը, ինչը եւ ստիպեց Մինսկի խմբին առաջարկել «փուլայինը»: Վերջինս նույնպես ընդունվեց Հայաստանի այն ժամանակվա ղեկավարության կողմից, ինչը նրա համար ճակատագրական հետեւանքներ ունեցավ:

Երեւի հարկ չկա հիշեցնելու, որ դիվանագիտությունն ընդհանրապես եւ թուրքական դիվանագիտությունը մասնավորապես միշտ աչքի էր ընկնում ստախոսությամբ եւ երեսպաշտությամբ: Դա հատկապես երեւում է Գուլուզադեի կեցվածքից, երբ նա պատասխանում է Ջուղայում հայերի գերեզմանները պղծելու մասին հարցին, թե՝ չգիտեմ, առաջին անգամ եմ լսում: Ինչպես կասեին ղարաբաղցիները՝ «թորքը մնում ա թորք»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031