Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԿԱԶՄԻ՞

Դեկտեմբեր 17,1998 00:00
ynddimutyun

Ընտրական օրենսգրքի միասնական նախագծի կողմնակից 10 կուսակցությունները բանակցություններ են վարում։ Դրանք բավական դժվար են ընթանում եւ կուսակցությունների ներկայացուցիչները մինչ այժմ նախընտրում էին լռություն պահպանել քննարկումների մանրամասների վերաբերյալ։

Թերեւս միայն Վանո Սիրադեղյանն ու Պարույր Հայրիկյանն էին որոշ բաց ակնարկներ արել։ ՀՀՇ վարչության նախագահը առաջարկել էր ստվերային կառավարություն կազմել ու չորս տարի հետո էլ նույն կազմով մասնակցել նախագահական ընտրություններին։ Բայց արդեն այսօր մեծ կուսակցությունների նախագահները պիտի պայմանավորվեն առաջին 4 տեղերի համար։ Հաշվի էր առնվելու նաեւ կուսակցությունների վարկանիշը՝ նախորդ ընտրություններում ստացած ձայները չափանիշ ընտրելով։ Մյուս կուսակցությունների համար էլ նախասահմանվել էին նախարարների պաշտոնները։ Իսկ ԱԻՄ արտահերթ վեհաժողովում հատուկ բանաձեւ ընդունվեց, որ եթե ընտրական օրենսգրքի շուրջ ԱԺ-ում չհաջողեն համաձայնության հասնել՝ «Ազատ Հայաստան» կարգախոսով դաշինք պիտի ստեղծեն, որի անդամ կազմակերպությունները պիտի ազատ լինեն ընտրություններից հետո ԱԺ-ում իրենց պատգամավորական խմբերը ստեղծելու հարցում։

Այժմ ներկայացնենք բանակցությունների ընթացքի եւ համագործակցության՝ ընդունելի ձեւերի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններ։

ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը նշեց. «Ընտրական օրենսգիրքն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո պարզ դարձավ, որ այլեւս իմաստ չունի այդ ուղղությամբ ինչ-ինչ լուրջ քայլեր նախաձեռնել, քանզի «Երկրապահն» իր ուզածն է անցկացնելու։ Մտածում էինք, թե ինչ կարելի է անել հետագայում, եւ բազմաթիվ առաջարկներ եղան։ Վանո Սիրադեղյանի առաջարկը թերեւս ամենաարմատականն էր, որ նախապես ամեն ինչ ճշտելով է պետք ընտրությունների գնալ։ Դրանից հետո մի երկու անգամ էլ ենք հավաքվել։ Գործընթացը շարունակվում է, որոշակի արդյունքներ չկան եւ մեր առաջարկն էլ դեռ առկախ է մնում։ Այլ առաջարկներ կան, որ ուղղակի հանուն արդար ընտրությունների համագործակցենք անմիջապես ընտրությունների ժամանակ՝ առանց դաշինք կազմելու եւ իրար օգնելու։ Այս շատ թույլ միավորումն ԱԺՄ-ի առաջարկն է»։

Որքան էլ զարմանալի էր, ԱԺՄ վարչությունից «Առավոտին» հայտնեցին, որ պաշտոնապես բանակցություններ ընդհանրապես չեն ընթացել։ Եղել են զրույցներ, առաջարկներ՝ խորհրդարանում ԱԺՄ-ն ներկայացնող պատգամավորների մակարդակով, որ բավարար չէ կուսակցության դիրքորոշումը ներկայացնելու համար։

Համանման կարծիք հայտնեց նաեւ ԱԻՄ-ի խորհրդարանի (դիվանի) խոսնակ Արամ Հարությունյանը. «Միասնական նախագծի կողմնակիցների հայտարարությունից հետո ոչինչ չի արվել։ Վաղ է բանակցությունների մասին խոսելը։ Քանզի հուսանք, որ «Երկրապահը», առաջնորդվելով երկիրը, այլ ոչ իշխանությունը պահելու մտահոգությամբ՝ հաջորդ ընթերցումների ժամանակ զիջումների կգնա։ Միջանցքներում առանձին զրույցներ միշտ եղել են ու կլինեն, բայց որեւէ կուսակցության հետ դաշինք կազմելու նպատակով պաշտոնական հանդիպումներ չեն եղել։ Եվ ԱԻՄ-ը գաղափարների շուրջ է համագործակցելու՝ ոչ անձերի»։

Երբ այս մասին ասացինք ՀՀՇ փոխնախագահին՝ տարակուսեց. «Ամեն ինչ կարելի է յուրովի մեկնաբանել։ Չգիտեմ, թե արդյոք պարզ զրո՞ւյցի մակարդակ է, եթե 10 կուսակցությունների ղեկավարներ հավաքվում ու փորձում են համաձայնության հասնել։ Փաստորեն, բացի ԱԺՄ-ից եւ Դեմիրճյանի կուսակցությունից՝ բոլորն էլ առաջին դեմքերով են ներկայացել այս բանակցություններում»։

Իսկ Արամ Հարությունյանը հավելյալ նշել էր. «Լավ կլիներ, որ ՀՀՇ-ն բանակցությունների մեջ մտներ այն ժամանակ, երբ դեռ իշխանության էր եւ եթե զիջումների գնային՝ երկիրը նորմալ վիճակում ժառանգություն կթողնեին»։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Էդվարդ Եգորյանը եւս օգտագործեց հենց «բանակցություններ» բնորոշումը. «փնտրվում է ժողովրդավարության համար համատեղ պայքարի նպատակով համագործակցության բանաձեւ» (գայթակղությունը մեծ է ավելացնելու. «Գտնողին խնդրում ենք անմիջապես դիմել ՆԳ մոտակա բաժին»- Ա. Ի.)։ Փնտրտուք է, դեռ որեւէ փաստաթուղթ չկա։ Նախորդ ուրբաթ մեր վերջին հանդիպման ժամանակ «Հայրենիքի» առաջարկությամբ պայմանավորվել ենք, որ փորձելու ենք բանաձեւ մշակել՝ ազատ-արդար ընտրությունների եւ ժողովրդավարության համար մեր համագործակցության վերաբերյալ, անկախ նրանից՝ միասնական դաշի՞նք կկազմենք, մի քանի դաշինքնե՞ր կլինեն, թե՞ ընդհանրապես միավորում չի լինի»։

Միավորման որոշակի ձեւեր պարունակող առաջարկների վերաբերյալ պրն Եգորյանն ասաց. «Մեր դիրքորոշումը հետեւյալն է. ամեն ինչ պետք է քննարկել, բայց առայժմ շուտ է նման ուժեղ դաշինքի մասին խոսելը։ Սկսենք ընդհանուր համագործակցությունից»։ Ի դեպ, պրն Եգորյանը հայտնեց, որ «Մտավորական Հայաստանի» դիրքորոշումը նույնանում է «Հայրենիքի» տեսակետներին։

«Մենք ողջունում ենք ցանկացած համագործակցություն, որի նպատակը ազատ եւ արդար ընտրություններն են»,- ասաց ՌԱ(ԼԴ)Կ նախագահ Վիգեն Խաչատրյանը։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես են վերաբերվում, ասենք, ՀՀՇ-ի առաջարկին. «Ամեն մի կուսակցություն պիտի քննարկեր ու առանձին իր տեսակետը հայտներ, բայց այս հարցն ընթացք չստացավ։ Արտահերթ նստաշրջանները պատճառ դարձան, որ աշխատանքներն առժամանակ ընդհատվեն։ Իսկ ընդհանրապես, դրական ենք վերաբերվում այդ առաջարկին»։

Հայաստանի ժողովրդական կուսակցությունն այս բանակցություններում ներկայացնում է ԱԺ պատգամավոր, «Քիմռեակտիվներ» ձեռնարկության տնօրեն Վոլոդյա Բադալյանը, որը նույնպես նշեց, թե իրենք կպաշտպանեն համագործակցության ցանկացած ձեւ, որ հնարավորություն կստեղծի արդար ընտրություններ ապահովել։

«Շամիրամի» համանախագահ Շողեր Մաթեւոսյանը խոստացավ առաջիկայում բազմաթիվ հետաքրքրական մանրամասներ պատմել հանդիպումներում եւ դրանից դուրս որոշ կուսակցությունների ղեկավարների պահվածքի մասին, իսկ առայժմ սահմանափակվեց այսքանով. «Իրական ու միասնական ընդդիմություն առայժմ չի ձեւավորվել եւ, իմ կարծիքով, չի էլ ձեւավորվի»։

Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Իդա Մարտիրոսյանն ամփոփեց. «Խիստ մասնավոր խնդիր էր ընտրական օրենսգրքի շուրջ 10 կուսակցությունների համագործակցությունը եւ դժվար կլիներ ենթադրել, թե այն կշարունակվի, եւ կայուն համագործակցության կամ նախընտրական միավորման կվերաճի։ Բայց նախորդ փուլում այդ խնդիրը լուծեցինք՝ ում որ հարկն է՝ ցույց տվեցինք, որ որոշակի դեպքերում քաղաքական ուժերը կարող են միավորվել։ Եվ անկասկած, ինչպես եւ առաջին դաշինքի դեպքում էր, այս ամենից շահեց Վազգեն Մանուկյանը»։

Ինչեւէ, այս ամենը միայն սկիզբն է, մի քիչ թաքուն շրջանը։ Իսկ առայժմ՝ այս ուրբաթ 10 կուսակցությունների ներկայացուցիչները դարձյալ հանդիպելու են։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031