Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ «ՇԱՄԻՐԱՄԻՆ»

Դեկտեմբեր 17,1998 00:00
lurer

Նախագահի հետ դեկտեմբերի 11-ի հանդիպումից իր տպավորությունը հայտնելու վերաբերյալ «Առավոտի» խնդրանքին ի պատասխան՝ «Շամիրամի» համանախագահ Շողեր Մաթեւոսյանն ասաց. «Դեռ տպավորություն չի ձեւավորվել։ Բայց հետո մեր հանդիպման առիթով ԱԺ-ում նրա կողմնակիցների ակնհայտորեն ընկած տրամադրությունը տեսնելով, տրամադրությունս, անկեղծորեն, բարձրացավ։ Եվ մեզ համար հայտնություն էր, որ Քոչարյանն ինքնին ավելի հեշտ ու նորմալ, հետաքրքիր ու գործնական է, քան ներկայանում է իր շրջապատի պրիզմայով»։

ԲԱԽՇՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՉՀԱՐԳԵՑԻՆ

Մեկ շաբաթ առաջ Սանկտ-Պետերբուրգից Հայաստանի խորհրդարանականների պատվիրակությունը Երեւան է վերադարձել՝ 4 ժամ հյուընկալվելով Մոսկվայում։ Դեսպանատան աշխատակիցն ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի գլխավորած պատվիրակությանն առաջարկել է միանգամից մեկ օդանավակայանից մյուսը տեղափոխվել։ Յուրի Բախշյանը, հակառակ առաջարկի, ուղեւորվել է դեսպանատուն, ուր նրան որեւէ մեկը չի դիմավորել։ Դեսպանի ընդունարանում, ԱԺ փոխխոսնակին չճանաչելով, սառն է ընդունել նաեւ քարտուղարուհին։ Չնայած դրան, Յուրի Բախշյանը պահանջել է բացել բացակա դեսպանի աշխատասենյակը, ուր եւ անցկացրել է մի քանի ժամ։

ԲԼԵՅԱՆԸ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԶՐՊԱՐՏԻՉ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ՀՅԴ հոկտեմբերի 30-ի հանրահավաքում մեղադրված 12 անձանցից միայն Աշոտ Բլեյանն ի վերջո դատախազությանը դիմեց։ Դեկտեմբերի 16-ին գլխավոր դատախազին ուղղված դիմումի մեջ պրն Բլեյանը գրել է, թե սպասում էր, որ հրապարակավ հնչած այդ մեղադրանքների առիթով քրեական գործ է հարուցվելու, քանի որ Վահան Հովհաննիսյանն ու Աշոտ Փափազյանն իրեն զրպարտելով՝ ներկայացրել են որպես քրեական հանցագործություն կատարած անձ, բայց այլեւս սպասել չի կարող։ «Ազգի մեծահարուստների շարքը դասելու վերաբերյալ այդ հայտարարություններն այդքան անմեղ չէին,- «Առավոտին» ասաց Աշոտ Բլեյանը։- Առանձին մարդիկ երեւի հավատացին դրանց, եւ դրանով պիտի բացատրել, որ կրթահամալիրի գործադիր տնօրենի սեյֆում մարդիկ լինգերով փորձել էին փող գտնել, բայց հուսախաբ էին եղել»։

ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԿՐԱՊԱՀԸ

Աշխատանքի է նշանակվել հերթական երկրապահը։ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Արամ Բաբաջանյանը քաղաքաշինության նախարարությունում ստանձնել է վարչության պետի պաշտոն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031