Ցավոք, ամուսնալուծությունն այսօր ոչ մեկին չզարմացնող, առավել եւս՝ չսարսափեցնող երեւույթ է դարձել։ Ու չնայած հայ հասարակությունն այդ, եւ ոչ միայն այդ, առումով քայլ առ քայլ գնում է դեպի արեւմտյան ստանդարտները, այնուամենայնիվ, մեր ամուսնալուծված զույգերի մեջ շատ հազվադեպ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր միմյանց նկատմամբ ատելություն, «թույն ու թարախ» չեն շնչում, ովքեր բաժանոււմից հետո էլ կարող են նորմալ հարաբերություններ պահպանել, հանգիստ զրուցել, երեխաներին չլարել («չսրսկել») միմյանց դեմ, չպղտորել նախկին ամուսնու (կնոջ) կյանքը, եւ այլն, եւ այլն, եւ այլն…
Չգիտեմ ով՝ ինչպես, անձամբ ես անընդունելի եմ համարում, որ մեկմեկու խելագարի պես սիրած, փայփայած մարդիկ կյանքի, ճակատագրի դաժան խաղի արդյունքում, բարիկադի տարբեր կողմերում հայտնվելուն պես, դադարում են մարդավայել վերաբերվել միմյանց՝ հայհոյանքներ, հանկարծակի հանդիպումների ժամանակ անգամ մի «բարեւ, ինչպե՞ս ես»-ի չարժանացնել, երեխաների համար մշտապես մղվող պատերազմներ եւ այլն…
Հաճախ հանգամանքների (ֆինանսներ, հարս-սկեսուր կամ փեսա-զոքանչ ավանդական հարաբերություններ, խանդ եւ այլն…) բերումով, ամուսնալուծվում են մարդիկ, որ դեռ չեն հասցրել միմյանց ատել, չեն դադարել սիրել միմյանց։ Նրանք, գոնե, կարո՞ղ են, չէ, նորմալ հարաբերություններ պահպանել, եւ այս դեպքում երեխան կարող է դառնալ այդ նորմալ հարաբերությունների երաշխիքը, եթե, իհարկե, ծնողներն այնքան գիտակից են, որ իրենց սեփականատիրական, եսասիրական նկրտումներում երեխային չեն դարձնում հաղթաթուղթ՝ ուղղված մյուսի դեմ։
Այնուամենայնիվ, ամուսնալուծությունը ցավագին պրոցես է։ Եվ նույնիսկ, երբ ամեն ինչ արդեն հետեւում է, եւ արդեն «նախկին» դարձած զույգը սկսել է նոր կյանք (կինն իր համար, տղամարդն՝ իր), առիթները, երբ կրկին վերապրում ես այդ ցավը, քիչ չեն…
Կարդացեք նաև
Զորօրինակ, «նախկին» կինը հանկարծ իմանում է, որ իր «նախկինը» որոշել է կրկին ամուսնանալ։ Թվում է, թե հիմա, երբ ամուսնալուծությունը վաղուց անցյալ է դարձել, եւ կյանքն ընթանում է իր հունով, նրա ամուսնության լուրը քեզ ամենեւին չպիտի հուզեր։ Բայց արի ու տես, որ այդպես չէ։ Նրա նոր ամուսնությունը քեզ թվում է դավաճանություն, սկսում ես խանդել, կատաղությունից տեղդ չես գտնում։ Ինչո՞ւ։ Այս հարցը, կարծում եմ, շատ կանանց առջեւ է հառնել հասակով մեկ։ Անգամ այն դեպքում, երբ դու 100 տոկոսով վստահ ես, որ ոչ մի գնով չես ցանկանա վերամիավորվել նրա հետ, երբ գիտես, որ նրա կողքին քեզ նորից պիտի զգաս անլիարժեք, դժբախտ ու միայնակ, եւ որ հիմա, երբ ազատ ես, ինքնուրույն ես տնօրինում կյանքդ, շատ ավելի երջանիկ ես, միեւնույն է, նրան մեկ ուրիշի հետ տեսնելով՝ դու տառապում ես։
Ինչո՞ւ։ Եվ, այնուամենայնիվ, եթե ձեր համատեղ՝ «այլեւս միասին չենք ապրելու» որոշման մեջ դուք վստահ եք, եւ համոզված եք, որ հետդարձի ճանապարհ ու ցանկություն այլեւս չկա, վերջնականապես մի կողմ թողեք բոլոր «իսկ եթե…»-ները, մի քանի օր հանգիստ մտածեք կատարվածի մասին, ճիշտ ըմբռնեք իրավիճակն ու կարգի բերեք ձեր մտքերն ու զգացմունքները, դրե՛ք վերջակետը, բոլոր ցավագին հիշողությունների, չլուծված խնդիրների ու անորոշության առջեւ ամուր փակեք ձեր սրտի եւ ուղեղի դռները, մեկ անգամ ու ընդմիշտ ձեր «վե՛րջ»-ն ասեք ու նոր տողից սկսեք ամեն ինչ։
Մինչեւ ինքներդ չհաղթահարեք ձեր հոգու խառնաշփոթը, վեր չկանգնեք ստեղծված իրավիճակից, չեք կարող սկսել նոր, ինքնուրույն, սեփական կյանքի կառուցումը։
Նախկին ամուսնու սիրավեպը ձեզ ցավ է պատճառում շատ պարզ պատճառով՝ նույնիսկ եթե ձեզ չի հաջողվել պահպանել ձեր սերը, ապա սովորույթն ու կապվածությունը որոշ ժամանակ չեն մեռնում (եթե, իհարկե, ձեր համատեղ կյանքը դժոխք չի եղել)։ Ամուսնալուծությունը հաստատող փաստաթուղթը չի կարող մի հարվածով վերացնել այդ կապվածությունը, նույնիսկ եթե ձեր ընտանիքը երջանիկներից չի եղել։ Անգամ անհաջող ամուսնական միություններում քիչ չեն լինում պահեր, երբ թվում է, թե ձեր ամուսինը լավագույնն է աշխարհում։ Երջանկության այդ պահերը հավերժ մխվում են ձեր հիշողության մեջ։ Ձեզ ցավ է պատճառում այն իրողությունը, որ մարդը, ով ինչ-որ ժամանակ ձեզ համար եղել է ամենաթանկն ու մտերիմն աշխարհում, այսօր այդ երջանիկ պահերն է պարգեւելու մեկ ուրիշին, ով շուտով կզբաղեցնի ձե՛ր տեղը նրա կողքին։ Ավելի վախեցնող է այն միտքը, որ կարող է գալ մի օր, որ նրա հիշողությունից կջնջվեն ձեզ հետ անցկացրած երջանիկ պահերը, եւ դուք այլեւս չեք լինի նրա, եթե ոչ սրտի, ապա գոնե հիշողությունների թագուհին։
Ձեր նախկինի սիրավեպը, առավել եւս ամուսնանալու հեռանկարը, ձեզ ավելի է տանջում, երբ ձեր կողքին դեռ ոչ ոք չկա (հայ կանանց դեպքում գրեթե միշտ այդպես է)։ Շատ կանայք, ամուսնալուծվելուց հետո էլ, հատկապես՝ երբ իրենց հետ տանում են նաեւ երեխաներին, որոնց համար հայրը խելագարվում է, մնում են այն կարծիքին, ներքին համոզմանը, որ «մի հատ մատով կանչեմ, վազելով, սողեսող կգա…»։
Այն միտքը, որ նախկին ամուսինդ քո (իրականում՝ երեխաներիդ) տրամադրության տակ է, քոնն է ընդմիշտ, ուղղակի դո՛ւ չես ուզում այլեւս նրա հետ ապրել՝ ջերմացնում է քո սիրտն ու հոգին, ներքին հանգստություն է տալիս։ Իսկ այն հայտնությունը, որ նա այլեւս քոնը չէ, ուրիշինն է, խառնում է քո բոլոր խաղաթղթերը, ներաշխարհդ, եւ հաճախ ցնցումն ավելի մեծ է լինում այդ դեպքում, քան ամուսնալուծվելիս, չէ՞ որ նրա ամուսնությունը նշանակում է ձեր հարաբերությունների վերջնական խզում։ Ահա այդ ժամանակ սկսվում են ժամանակավրեպ զղջումներն ու ափսոսանքը։ Այս դեպքում միշտ գտնվում են լացելու, զղջալու, տառապելու պատճառներ, հառնում են լավագույն հիշողությունները, իսկ ամեն վատը, ցավն ու վիրավորանքները միանգամից հետին պլան են մղվում։ Ինչպիսին ուզում է եղած լինի ամուսինը, նա ձեր կյանքում որոշակի նշանակալից դեր է ունեցել, խլել է ձեր մտածմունքների, ապրումների որոշ մասը։ Բաժանումը միանգամից չի լինում, այլ աստիճանաբար եւ, դեպի վերջնական բաժանում տանող յուրաքանչյուր աստիճանը ցավերի ու տառապանքների մի փուլ է։
Երեխաների ներկայությունն առավել ցավագին է դարձնում բաժանումը մի ուրիշ առումով եւս։ Եթե, այնուամենայնիվ, դուք այնքան հասուն եւ գիտակից եք, որ ձեր զավակին չեք զրկում հոր հետ տեսակցելու իրավունքից, ձեր «նախկինի» նոր ամուսնության դեպքում ձեր բոլոր ապրումներին ավելանում է եւս մեկը՝ մայրացուի պրոբլեմը։ Արդյո՞ք այսուհետեւ հայրն առաջվա պես կսիրի իր զավակին, արդյո՞ք այդ «տիպը» (նոր կինը) չի խանգարի երեխայի եւ հոր փոխհարաբերությունների նորմալ ընթացքին, արդյո՞ք չի փորձի գրավել երեխայի սերը եւ լարել նրան ձեր դեմ… Նման «արդյոքներին» սկիզբ ու վերջ չկա…
Նախկին ամուսնու նոր կնոջ հետ մրցակցությունը հաճախ դուրս է գալիս միայն ներքին ապրումների շրջանակներից, եւ կանայք շատ հաճախ, իրենց հատուկ գիտակցված կամ չգիտակցված «стервизм»-ով երեխաներին ներքաշում են այդ պայքարի մեջ, նրանց փխրուն ուսերին դնելով «լրտեսի», «խոսք տանող-բերողի» ծանր դերը։ Երեխայի համար այդ դերը կործանիչ է։ Նրանք առանց այդ էլ խիստ ծանր են տանում ծնողների բաժանման տխուր փաստը, հոր նոր կնոջ (շատ հազվադեպ՝ մոր նոր ամուսնու) գոյությունը, ծնողների՝ մեկը մյուսի հանդեպ սառն ու անբարյացակամ վերաբերմունքը…
Երեխան պետք է համոզված լինի, որ երկու ծնողներին էլ սիրելով ու ընդունելով, ինքը չի դավաճանում նրանցից ոչ մեկին։ Կինը, որ հաստատ որոշել է վերջնականապես բաժանվել նախկին ամուսնուց, պետք է հրաժարվի նաեւ նրա հետ կապված հիշողություններն անընդհատ թարմացնելուց եւ ուղեղում պտտեցնելուց, պետք է իր մեջ ուժ գտնի, հոգու խորքում առմիշտ հրաժեշտ տա իր «նախկինին» եւ վերագտնելով սեփական արժանապատվությունը, գիտակցելով սեփական արժեքը, սկսի նոր կյանք՝ սպասումներով, երազանքներով լի…
ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ