Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ…

Դեկտեմբեր 16,1998 00:00
chopanuxi

Տարիներ առաջ Այգեստան 11, շենք 89-ը հանձնվեց շահագործման։ Շենքը չուներ բակ։ Մենք՝ բնակիչներով, որոշեցինք մաքրել շինարարությունից հետո մնացած աղբը։ Երկարատեւ եւ քրտնաջան աշխատանքից հետո վերջապես մաքրվեց այդ փոքրիկ տարածքը, որն ընկած է ճոպանուղու եւ Աճառյանի անվան դպրոցի միջնահատվածում։

Ծառեր տնկեցինք, երեխաների համար փոքրիկ լողավազան սարքեցինք. տարիներ անց դարձավ գեղեցիկ մի այգի։ Օրերից մի օր հայտնվում է ոմն Զավեն Սարգսյան, որը չափիչը ձեռքին, գողեգող ցատկելով պարսպից ներս՝ չափումներ է կատարում։ Հարցրինք ով լինելը, նա պատասխանեց, որ Արարատ Զուրաբյանն այդ տարածքն իրեն է հատկացրել։ Ի՞նչ եք մտադիր կառուցել հարցին պատասխանեց՝ կրթական օջախ։ Ամուսինս, որ ճարտարապետ է եւ երկար տարիներ քրտնաջան աշխատանք է թափել այդ տարածքը կանաչապատելու գործում, շատ զարմացավ եւ միանգամից պատասխանեց. «Այս տարածքը կրթական օջախ կառուցելու նորմերին չի համապատասխանում եւ անթույլատրելի է»։

Այդ առումով հետագայում խոսեցին շատ շնորհալի ճարտարապետներ, ինչպիսիք են Ռ. Ջուլհակյանը, Ն. Սարգսյանը, Լ. Իգիթյանը, որոնց կարծիքով այդ գողտրիկ կանաչ գոտում միայն կանաչապատումն է իսկական կառուցապատումը։ Բայց, ավաղ, այդ 30 տարվա թթենիները, բալենիները եւ մյուս պտղատու ծառերը չէին վրիպել մեր թաղապետ Արարատ Զուրաբյանի սուր աչքից։ Մի օր էլ հայտնվում են թաղապետարանի կողմից վստահված անձինք, եւ սկսվում է իսկական «բռնցքամարտը», որը բնորոշ է Զուրաբյանի աշխատաոճին։ Կանաչ գոտին բռնագրավվում է (այս բոլորը ցուցադրվել է «Լրաբերով»)։ Երկու ամիս անց Զ. Սարգսյանն իր հարուստ տեխնիկայով ներխուժում է եւ չխնայելով ոչ մի թուփ, բարբարոսաբար ոչնչացնում է մոտ 100 ծառ։ Իհարկե, ոչ մի իսկական հայ անտարբեր չէր կարող անցնել այս ողբալի տեսարանի կողքով։ Ամուսինս հարցրեց՝ արդյոք ունե՞ն թույլտվություն այդ նեղ հատվածում շինարարություն սկսելու համար։

Քանի որ ապագա կրթական օջախի տնօրեն Զ. Սարգսյանը եղել է նախկին ֆիզկուլտուրնիկ եւ Ձերժինսկու անվան դպրոցում աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ոտքի անսպասելի հարվածով ամուսնուս ծանր մարմնական վնասվածք է հասցրել, որի հետեւանքով ամուսինս տեղափոխվել է «Շտապօգնության» հիվանդանոց եւ ենթարկվել ծանր վիրահատության։ Իհարկե, ես Զ. Սարգսյանին խորհուրդ կտայի մասնակցել օլիմպիական մրցույթների, որից նա ավելի մեծ շահույթ կստանար, քան կրթական օջախներ ստեղծելով եւ քաղաքի տեսքն ապականելով։ …Իսկ հանցագործը դեռեւս շարունակում է իր «սեւ գործերը»։ Այս առիթով, Հայաստանի ճարտարապետների միությունը դիմեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Հ. Խաչատրյանին՝ ոչ նպատակահարմար համարելով այդ տարածքում կառուցապատում կատարելը, քանի որ այն կխանգարի քաղաքի գեղագիտական տեսքին։

Տարածքի բնակիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031