Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ «ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Դեկտեմբեր 16,1998 00:00
heydar

Ինչպես հայտնի է, Վաշինգթոնում, Լոնդոնում եւ Երուսաղեմում Է. Շեւարդնաձե – Հ. Ալիեւ տարածքային քաղաքական «հանգույցը» դիտվել է որպես կարեւոր տարր եւ Եվրասիայի ներքին տարածաշրջաններում աշխարհառազմավարական ատլանտիզմի կիրառման պայման։ Այդ երկու քաղաքագետները բավականին երկար ժամանակ օգտվում էին Արեւմուտքի նշանակալից աջակցությունից եւ ազատության որոշակի աստիճան ունեին ինչպես ներքին քաղաքականության մեջ, այնպես էլ միջազգային թատերաբեմում։

Ազատության այդ աստիճանը իրականանում էր Արեւմուտքի հետ ինտեգրացիոն գործընթացներում եւ քաղաքական ընդդիմության վրա «հսկողություն» ունենալու մեջ, ու եթե մինչեւ այժմ Էդուարդ Շեւարդնաձեն մնում է որպես Արեւմուտքի սիրեցյալ, օգտվում է մի շարք արտաքին քաղաքական արտոնություններից եւ համարվում է տարածաշրջանի «արմատական» քաղաքական անձը, ապա Հեյդար Ալիեւի համար բավականին դժվարին ժամանակներ են եկել։

Դեռեւս 1998թ. մայիսին ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Իսրայելի հարաբերություններում առ Ադրբեջանի նախագահը եւ նրա թիմը, ոչ քիչ թվով վերանայումներ ծագեցին։ Հենց մայիսից էլ սկսվեց քաղաքական այն կատակերգությունը, որն առնչվում էր Կոնգրեսում հայկական եւ հրեական լոբբիի պայքարի հետ՝ հանուն 907-րդ հոդվածի ճակատագրի։ Եվ սկսվեցին ամերիկացիների խաղերը թիվ մեկ ընդդիմադրի՝ մեջլիսի նախկին խոսնակ Գուլիեւի հետ, սկսվեցին պարտադրված շփումները ընդդիմության հետ։ 1998թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները նշանավորվեցին ամերիկյան նավթային ընկերությունների եւ «Բրիթիշ Փեթրոլեումի» ղեկավարության միանգամայն սկանդալային հայտարարություններով Բաքու-Ջեյհան ծրագրի տնտեսական աննպատակահարմարության վերաբերյալ։ Դրա հետ մեկտեղ «Բրիթիշ-Փեթրոլեումի» ղեկավարի հայտարարության համաձայն Բաքու-Ջեյհան հին նավթամուղը՝ 12,2 մլն տոննա թողարկային կարողությամբ եւ Բաքու- Նովոռոսիյսկ «հյուսիսային» ուղղությունը՝ 5 մլն տոննա հզորությամբ, ամբողջապես, կբավարարեն Ադրբեջանի տնտեսական կարիքները։ Այսինքն, Ադրբեջանից եւ Վրաստանից խլելով առավել արդյունավետ նավթատրանսպորտային նախաձեռնությունը, նրանց «զարգացման» համար առավել կարճ, բայցեւայնպես մի «տարածություն» է թողնվում։

Այսպես, թե այնպես՝ Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի 1998թ. ապրիլի վերջին Տրապիզոնում տեղի ունեցած հանդիպումը արդեն իսկ ցուցադրում էր Բաքու-Ջեյհան նախագծի անվստահելիությունն ու անորոշությունը։ Այնպիսի մի քաղաքագետ, ինչպես Հեյդար Ալիեւն է, չէր կարող զգաստ ու անգործ սպասել ակնհայտ «տապալմանը»։ Նա 1998-ի հունիս-հուլիսին ձեռնարկեց այլընտրանքային քաղաքականության մշակումը։ Առավել եւս, որ նրա համար միանգամայն պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների նպատակը հենց ինքն է։ Ամռանը Մոսկվայում հայտնվեց Հ. Ալիեւի անձնական ներկայացուցիչը (երիտասարդ, եռանդուն, հույսեր ներշնչող մի քաղաքագետ)՝ ինչպես պաշտոնյաների, այնպես էլ ազդեցիկ ընդդիմադիրների հետ շփումներ հաստատելու նպատակով։ Շփումներ տեղի ունեցան Բ. Ելցինի, Բ. Բերեզովսկու, ԱԳՆ Անվտանգության խորհրդի, ուժայինների, ինչպես նաեւ Յու. Լուժկովի մարդկանց հետ։ Շփումներ կայացան նաեւ ՌԿԿ-ի հետ։ Կիրառվեց Մոսկվայում լավ ծանոթ ալիեւյան «ճոճանակաձեւ լոբբիացումը»՝ ինչպես «ձախերի», այնպես էլ հրեական շրջանակների մասնակցությամբ։ Դրանով հանդերձ Հ. Ալիեւը ամերիկացիներին ցույց է տալիս, որ ինքը նաեւ «այլընտրանքային» հյուսիսային տարբերակ ունի։

Սեպտեմբերին Բաքվում լավատեսական հույսեր ծնվեցին առ այն, որ ամերիկացիները եւ անգլիացիները հրաժարվել են շանտաժի իրենց նպատակներից կամ Հ. Ալիեւին մեկուսացնելուց, որը իբր «ընդգծվում» էր Հ. Ալիեւի նկատմամբ ցուցաբերվող քաղաքավարի վերաբերմունքով։ Նման ներկայացում, անշուշտ, ամերիկացիների կողմից բեմադրվում էր, սակայն դրա պատճառները պետք էր որոնել նախագահական ընտրարշավի ժամանակ, Ադրբեջանում ներքաղաքական իրադրության ապակայունության տագնապների մեջ։ Ներկա պահը բացահայտորեն բարենպաստ չէր Արեւմուտքի համար իրադրության ապակայունացման տեսակետից։ Ներկայումս Հ. Ալիեւին հասցվող հիմնական հարվածը հմտորեն քողարկված է քաղաքական հզոր շանտաժի նպատակով։ Ի՞նչն է կովկասյան քաղաքականության պատրիարքի հանդեպ ցուցաբերվող անբարյացակամության պատճառը։

Չնայած տարածաշրջանում Է. Շեւարդնաձեի եւ Հ. Ալիեւվի քաղաքական ազդեցությունների նմանությանը, առկա են նաեւ սկզբունքային տարբերությունները։ Է. Շեւարդնաձեի պարտականությունների մեջ են մտնում Արեւմուտքի մի շարք ռազմաքաղաքական կառույցներում տարածաշրջանի ինտեգրացիան, առաջին հերթին ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի կողմից, ամբողջ Կովկասի տարածական քաղաքականության անցկացումը, տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի քաղաքական ապահովությունը, աշխարհաքաղաքակրթված հակամարտության այդ «մարգինալ» գոտում լիբերալ-քաղաքական կարգուկանոնի նախադրյալների ստեղծումը։ Վրաստանի աննշան պաշարների ապահովվածությունը եւ «արժեքը». նրա ռազմաքաղաքական հնարավորությունների սահմանափակությունը փոխհատուցվում է նրա յուրօրինակ աշխարհառազմավարական դրությամբ եւ նշանակությամբ։ Հավանաբար, դա վիճելի լինի, սակայն Հ. Ալիեւի կողմից ամրագրված այդ պարտավորությունները նրա անմիջական դերակատարությամբ եւս փոքր-ինչ թույլ են արտահայտված։ ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Իսրայելի հանդեպ Ադրբեջանի արդիական աշխարհառազմավարական խնդիրը եւ «պարտքը» որոշակի ուղղվածությամբ հակաիրանական քաղաքականության անցկացումն է։

Հ. Ալիեւը Իրանի դեմ բավականին սադրիչ քաղաքական ծրագրեր իրականացրեց։ Բաքվում բազմիցս հավաքվեցին թուրքական հատուկ ծառայությունների կազմակերպած զանազան համագումարներ ու կոնֆերանսներ ընդդեմ իրանական «անջատողականների»։ Եվրոպայում Թուրքիայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունները միասին անց էին կացնում հակաիրանական միջոցառումներ։ Վերջերս Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ծագած դիվանագիտական բախումը Հ. Ալիեւի հակաիրանական գործունեության վառ դրսեւորումն է։ Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ Թուրքիայում անջատողական շարժումների կազմակերպման հարուստ փորձ ունեցող Հ. Ալիեւը հիանալի հասկանում է շահագրգռված երկրների հնարավոր արձագանքը։ Սակայն, Ադրբեջանում Իրանի մի շարք պատասխան միջոցառումները զգուշացրին նրան. մասնավորապես Թալիշստանում ծավալված աշխատանքը, ինչպես նաեւ իրանական բանակի տեղաշարժը դեպի հյուսիս-արեւմտյան սահմանները։ Բաքվում ցնցող տպավորություն առաջացրին իրանցիների ռազմական գործողությունները իրանաաֆղանական սահմանում՝ ընդդեմ Թալիբանի։ Բաքվում զգացին, որ Ադրբեջանը նկատելիորեն ավելի մեծ չափով խոցելի է, քան անգամ Վրաստանն ու Հայաստանը։ Հակաիրանական գործողությունները արգելակվեցին ու դադարեցին, որը բացասական ազդեցություն առաջացրեց ԱՄՆ-ում եւ Իսրայելում, ինչպես նաեւ Անգլիայում։

Ամերիկացիներն ու իսրայելցիները սկսեցին Հ. Ալիեւի փոխանորդին փնտրել, սակայն ընտրությունը ավելի քան պարզունակ էր՝ Աբուլֆազ Էլչիբեյը, մի քաղաքագետ, որը բառացիորեն շիզոֆրենիկի պես անընդհատ բարբառում է «Մեծ Ադրբեջանի» մասին, որը նշանակում է Իրանի անդամահատում։ Սակայն դա պարզապես ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար է գտնված թեկնածու։ Ոչ ոք չի հավատում «Մեծ Ադրբեջանին», սակայն դա մնում է որպես հզոր շանտաժ Իրանի դեմ եւ նրան ճնշելու միջոց։ Հենց իրանական թեման է հիմնականում ընկած Բաքվի եւ եվրոպական շրջանակների հակահայկական «հանգույցի» միջեւ։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Հայաստանում Իսրայելի քաղաքական ակտիվության պատճառը հենց Հ. Ալիեւի շանտաժն է եւ ձգտումը՝ իրեն հակաիրանական «գահին» վերադարձնելու համար։

Այս սյուժեները բացահայտորեն ցույց են տալիս, որ նավթը չէ բոլոր դժբախտություններից զերծ մնալու դարմանը։ Նավթային նախագծերը քաղաքական լծակներ են դառնում այն դեպքում, երբ դրանք որպես օբյեկտներ են հանդես գալիս, իսկ պետությունները՝ որպես սուբյեկտներ։ Սակայն երբ պետություններն են օբյեկտ դառնում, իսկ նավթային նախագծերը՝ միջազգային քաղաքականության սուբյեկտներ, սթափություն է պատում։ Ինչպիսի՞ն է քաղաքական հեռանկարը Ադրբեջանում։ Ամերիկացիների օգնությամբ ընդդիմության կողմից ընդհանուր իրավիճակի տատանումներից բացի, քաղաքական լուրջ բախումներ են սպասվում Լեզգիստանում, Թալիշստանում։ Նախիջեւանում անջատողական տրամադրությունների աննախադեպ ուժեղացում է ակնկալվում, իսկ Ղարաբաղում չի բացառվում տեղային զինված բախման հնարավորությունը։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031