Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՈՐԵՎԷ ՀԱՐՑ ԼՈՒԾՈՂ ՉԵՆՔ, ՄԵՆՔ ՀԱՐՑԻՆ ԸՆԹԱՑՔ ՏՎՈՂ ԵՆՔ»

Դեկտեմբեր 16,1998 00:00
Paruyr Hayrikyan

 Երեկ տեղի ունեցավ ՀՀ նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովի հերթական նիստը։

Թե ինչ հարցի ընթացք տվեց նիստը, պարզ չէր, թերեւս միայն այն, որ որոշվեց հաջորդ նիստի օրը։ Որեւէ գործ տապալելու ամենակարճ ճանապարհը հանձնաժողովներ ստեղծելն է։ Այս միտքը պրոլետարիատի առաջնորդինն է, իմը չէ։ Այսօր հանրապետությունում այնքան հանձնաժողովներ կան, որ կարելի է մտածել, թե մի քանի գործեր տապալելու գործընթացն արդեն սկսված է։

Նիստի ամենակարեւոր հարցի՝ մարդու իրավունքների պաշտպանության մասին օրենքը ԱԺ ներկայացնելու ընթացքի մասին հարցն այդպես էլ չլսվեց, քանի որ հարցը ներկայացնողը՝ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ պարոն Գասպարյանն այդպես էլ չներկայացավ։

Հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը հանդարտ ներկայացրեց իր տպավորությունները Ֆրանսիայից, Մարդու իրավունքների հռչակագրի 50-ամյակին նվիրված հանդիսությունից (ավելի ճիշտ՝ գրեթե գիտաժողովից)։

Հուրախություն պարոն Հայրիկյանի, նույն օրերին, անսալով իր առաջարկին, ՀՀ նախագահը հանդես է եկել հատուկ ուղերձով։ Այսինքն՝ մարդու իրավունքներն ինչ-որ ձեւով նշվել են նաեւ Հայաստանում։ Իսկ Ֆրանսիայում Պարույր Հայրիկյանը հրավիրյալների ամենաբարձր կարգում է եղել, թեպետ հյուրերի դասակարգումը գնահատվեց «անարդար եւ անազնիվ»։ Հենց Ֆրանսիայում էլ պարզվել է, որ «ազատ խոսքի պահանջ ավելի շատ ունեն նրանք, ովքեր նաեւ սոցիալապես են ճնշված»։ Իսկ «21-րդ դար մենք մտնում ենք որպես մարդու իրավունքների դարաշրջան»։ Ի լրումն ասվեց նաեւ, որ պարոն Հայրիկյանը չի մասնակցել «Ելիսեյան պալատում հրավիրված ճաշկերույթին, որովհետեւ ես ավելի շատ ուզում էի ինֆորմացիա ստանալ եւ գործնական հանդիպումների մասնակցել»։

Ներկայացված հուշերից ամենահետաքրքիրը թերեւս այն է, որ մի ադրբեջանցի հյուր, լսելով Հայրիկյան ազգանունը, մոտեցել է եւ հարցրել. «Կարո՞ղ է դուք Պարույր Հայրիկյանի ազգականն եք»։ Պարզ է, որ պարոն Հայրիկյանն այդ փաստը ժխտել չէր կարող։ Իսկ ընդհանրապես, հայ-ադրբեջանական հարաբերությունները Ֆրանսիայում ավելի ջերմ են եղել, քան՝ հայ-վրացականը. «մոտեցել էին, չէին հեռանում»։

Մարդու իրավունքների հանձնաժողովը հերթական նիստը բարեհաջող ավարտեց, մնաց մարդու իրավունքների հարցի լուծմանը համընթաց պաշտպանել նաեւ նիստը լուսաբանելու հրավիրված լրագրողների պրոֆեսիոնալ եւ մարդկային իրավունքները։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031