Փաստում է Լոռվա մարզպետը
Մինչ մեր կենտրոնական իշխանությունները հաստատում են պետության բյուջեն, մեր իմացած Լոռու մարզն այլեւս թագավորություն է, իսկ թագավորը Հենրիկ Քոչինյանն է։ Նման պնդումների համար հիմք են հանդիսանում երեկ Ժուռնալիստների միությունում հնչած Հենրիկ Քոչինյանի հայտարարությունները։ Մասնավորապես, խոսելով մարզի լրատվամիջոցների մասին՝ պրն Քոչինյանն ասաց, թե երբ ինքը մարզպետ նշանակվեց, երեք հեռուստաընկերություն կար, որոնցից մեկը եթեր էր դուրս գալիս մետրային, իսկ մյուս երկուսը դեցիմետրային հաճախականությամբ։ Ինքը կանչել է հեռուստաընկերությունների տնօրեններին եւ ասել. «Իմն եք» եւ առաջարկել բաժանել 5 ժամանոց եթերաժամանակը։ «Նրանք կռվեցին եւ չկարողացան բաժանել։ Վերջում թագավորն ասաց իր խոսքը։ Այժմ երեքն էլ եթեր են դուրս գալիս մետրային հաճախականությամբ»,- հաշտարարի իր դերը բացատրեց Հենրիկ Քոչինյանը։
1988 թ. երկրաշարժը Լոռու մարզում իր ազդեցությունը թողեց 292 հազար մարդկանց վրա։ Բնակչության 50%-ն ապահովվել է բնակարաններով։ Առողջապահության ոլորտում ապահովությունը հասնում է 90%-ի։ Ավերված 150 դպրոցներից առայժմ փայտաշեն են 53-ը։ Համարյա ոչինչ չի արվել մշակույթի օջախները վերականգնելու ոլորտում։ 16 հազար ընտանիք բնակարանի կարիք ունի, որից 9800-ն իրենց բնակարանները կորցրել են հենց երկրաշարժի ժամանակ։ Սպիտակի տարածաշրջանում բնակարան չունի 4 հազար մարդ։ Դրա փոխարեն Վանաձորում կառուցվում է մարզային ոստիկանության քառահարկ շենք, որի երկու հարկն արդեն պատրաստ է։ Դատախազությանը եւս հատկացված է քառահարկ հարմարեցված շենք։
Վիճակն առանձնապես չի տարբերվում նաեւ գյուղերում։ Գյուղացիների համար կառուցվել են բնակարանների հիմքերը, սակայն նրանք հնարավորություն չունեն շինարարությունը շարունակելու։ Մարզպետարանը այդ գյուղացիներին տրամադրում է վարկեր։ Արդեն դիմում են ներկայացրել 1000-ից ավելի մարդիկ, սակայն տարեկան հնարավոր է վարկավորել առավելագույնը 50-ին։ Մարզպետը կարեւորում է այդ վարկերի արդարացի բաշխումը, քանի որ ճնշում կա «թե՛ վերեւից, թե՛ ներքեւից»։ Քաղաքներում բնակարանային հարցը լուծման առավել նպատակահարմար տարբերակ է համարում ոչ թե բնակարանաշինությունը, այլ մարզպետարանի կողմից ազատ բնակարանների գնումը եւ դրանց անվճար բաշխումը քաղաքացիներին։ Եթե երեք սենյականոց բնակարանի կառուցումն արժե 15-20 հազար դոլար, ապա Վանաձորում նույն 3 սենյականոցն արժե 3-7 հազար։
Կարդացեք նաև
Գյուղատնտեսության ոլորտում մարզպետն առանձնացրեց երեք հիմնական պրոբլեմ՝ ոռոգում, աշխատանքի մեքենայացման եւ մեխանիզացիայի դժվարություններ եւ պատրաստի արտադրանքի իրացում։ Ըստ Հենրիկ Քոչինյանի, մարզում կա գյուղատնտեսական արտադրանքի գերարտադրություն, որի իրական պատճառը քաղաքային բնակչության գնողունակության ցածր լինելն է։ Դրա փոխարեն արդյունաբերության ոլորտը առանձնանում է իր անգործությամբ։ Պրն Քոչինյանն էլ առաջիկա տարիների ընթացքում ծրագրում է վերագործարկել քիմիական մանրաթելերի կոմբինատը, քիմիական գործարանը եւ ջերմոկայանը, որոնք միասին կապահովեն 200 մլն-ի արտադրանք։ Արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկումը կստեղծի նոր բարդություններ, ինչպես Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի վերագործարկումը։ «Երբ կոմբինատն աշխատում էր, մեր դեղձը չէր որդնում, այժմ որդնում է։ Հասկանալի է, որ նույնիսկ որդերը չեն ուզում այդ օդը շնչել»,- խոսելով Ալավերդու էկոլոգիական խնդիրների մասին, ասաց մարզպետ Քոչինյանը։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ