Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՖԱ ԳՈՒԼՈՒԶԱԴԵ. ԵԱՀԿ-Ն ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՆՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Դեկտեմբեր 16,1998 00:00
guluzade

Ադրբեջանի արտաքին քաղաքականության գծով խորհրդականի հարցազրույցը «Սնարք» գործակալությանը

-Պրն Գուլուզադե, ինչպե՞ս կմեկնաբանեք Եվրախորհրդի խորհրդարանական համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 16-ին Փարիզում կայանալիք Լեռնային Ղարաբաղի շուրջ լսումներին մասնակցելուց Ադրբեջանի հրաժարվելը։

-Բանը նրանում է, որ Փարիզի լսումները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը նախատեսող ցանկացած այլ միջոցառում, նպատակաուղղված չէ հակամարտության կարգավորմանը։ Ադրբեջանում հստակորեն գիտակցում են, որ հայկական կողմն ընտրել է նմանօրինակ միջոցառումների ճանապարհով միջազգային հասարակայնությանն այն կարծիքը պարտադրելու ռազմավարությունը, որ Լեռնային Ղարաբաղն անկախ է, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ինքնահռչակ Ղարաբաղի Հանրապետությունն աշխարհում ոչ ոք չի ճանաչում եւ չի պատրաստվում ճանաչել, այդ թվում՝ նաեւ Հայաստանի մերձավոր դաշնակից Ռուսաստանը։ Մենք դա հրաշալի հասկանում ենք։ Հասկանում ենք նաեւ, որ երբեք չենք ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ուստի չենք ցանկանում նման հնարավորություն ընձեռել։ Այդ լսումների ժամանակ Լեռնային Ղարաբաղը հանդես կգա պարզապես որպես ինքնահռչակ անկախ հանրապետություն։ Իսկ նման միջոցառմանը Ադրբեջանի մասնակցությունը կնշանակի, որ մենք ճանաչում ենք այդ եւ համաձայն ենք դրան։ Մենք դրա հետ համաձայն չենք եւ դա չենք ճանաչում։ Այդ իսկ պատճառով նմանատիպ միջոցառումներին չենք մասնակցի։

-Կարելի՞ է արդյոք ձեր ասածից եզրակացնել, որ պաշտոնական Բաքուն մտադիր է հրաժարվել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բանակցություններից, որոնց Լեռնային Ղարաբաղը մասնակցում է որպես հակամարտող կողմ։

-Ամենեւին ոչ։ Մենք կողմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բանակցություններին, որովհետեւ 1992 թվականին Մինսկի խմբի տված մանդատն ասում է, որ հակամարտող կողմերն են Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ շահագրգիռ կողմերը՝ Լեռնային Ղարաբաղի հայերն ու ադրբեջանցիները։ Այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներն այնտեղից բռնի կերպով արտաքսվել են, չի նշանակում, որ նրանք իրենց հայրենիքի նկատմամբ իրավունքներ չունեն։ Այսինքն, համաձայնելով ուղիղ բանակցություններ վարել կամ մասնակցել Լեռնային Ղարաբաղի անջատողականների հետ համատեղ միջոցառումներին, Ադրբեջանը թույլ կտար մյուսներին մտածել, որ մենք դրա հետ համաձայն ենք։ Մենք համաձայն չենք դրա հետ։ Իսկ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բանակցություններին մենք մասնակցել ենք, կմասնակցենք՝ համաձայն այդ մանդատի։

Այդ հայկական կողմն էր, որ ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովից հետո ձախողեց բանակցային գործընթացի բոլոր փորձերը, եւ վերջինս փակուղի մտավ, քանի որ միջազգային հանրությունն՝ ի դեմս 53 երկրների, որպես այդ հակամարտության կարգավորման համար իրավական հիմք հաստատեց երեք սկզբունք։ Ես հիշեցնում եմ. դրանք են Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը՝ պայմանավորվածության եւ ինքնիրոշման իրավունքի հիման վրա, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Այս երեք սկզբունքները միջազգային հանրության կողմից հաստատվել են որպես օրինական հիմք։ Սակայն Հայաստանը կտրականապես հրաժարվել եւ հրաժարվում է դրանից այն պատճառով, որ այդ սկզբունքները ներառում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարը։ Ճիշտ է, Տեր-Պետրոսյանը փորձեց այդ ընդունել, սակայն դրա համար նրան ստիպեցին հեռանալ։

-Բայց չէ՞ որ Լիսաբոնում իրավական ուժ ունեցող փաստաթուղթ չընդունվեց։ Դա լոկ ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունն էր։

-Այն պաշտպանել են 53 պետությունների ղեկավարներ։

-Եթե, ինչպես դուք պնդում եք, բանակցային գործընթացը ձախողել էր Հայաստանը, ապա համաձայնեք, այժմ այն, ավելի ճիշտ՝ նրա վերսկսումը վիժեցնում է Ադրբեջանը՝ հրաժարվելով համանախագահների նոր առաջարկություններից…

-Ոչ, հարցն այն է, որ համանախագահությունն այժմ տանջալի գործընթաց է ապրում՝ նախապատրաստել այնպիսի հիմք, որն ընդունեն հակամարտող կողմերը։ Երկու փուլում էլ հրաժարվեց Հայաստանը. դուք հրաժարվեցիք եւ փաթեթային առաջարկությունից, եւ փուլ առ փուլ կարգավորումից։ Այդ պատճառով, երբ համանախագահությունը բռնեց համաշխարհային պրակտիկայում գոյություն չունեցող այնպիսի սկզբունքների հայտնագործման ճանապարհը, ինչպես ընդհանուր պետության գաղափարը, ապա մենք հրաժարվեցինք դրանից։ Մենք չենք պատրաստվում որեւէ մեկի հետ բանակցություններ վարել ընդհանուր պետության գաղափարի հիման վրա։ Մենք հստակորեն դա բացատրեցինք համանախագահներին։ Եվ այն հանգամանքը, որ ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունված փաստաթղթերից եւ ոչ մեկում չի հիշատակվում ընդհանուր պետության գաղափարը, նշանակում է, որ ԵԱՀԿ-ն լիովին համաձայնել է Ադրբեջանի հետ այդ սկզբունքի աննպատակահարմարության հարցում։

Ի դեպ, ես չգիտեմ, թե արդյոք ձեզ հայտնի է, որ այդ առաջարկություններն ամբողջովին եւ լիովին նախապատրաստել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ առանց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի եւ Ֆրանսիայի արտգործնախարարության որեւէ մասնակցության…

-Սակայն ոչ ԱՄն-ի, ոչ Ֆրանսիայի համանախագահները չեն հերքել իրենց համահեղինակությունը…

-Երբ Ռուսաստանն առաջարկել է դա եւ համոզել նրանց, որ այն կարող է գործել, նրանք ասել են. «Ինչ կա որ, եկեք փորձենք»։ Ահա այսպիսի իրավիճակ է եղել։

-Իսկ ինչո՞ւ է այդ դեպքում Ադրբեջանի ղեկավարությունը դժգոհություն հայտնել հենց ամերիկյան համանախագահ Դոնալդ Կայզերի դիրքորոշման առնչությամբ։

-Մենք Դոնալդ Կայզերի դիրքորոշման առնչությամբ ոչ մի դժգոհություն չենք հայտնել։ Ամենեւին։ Մենք դժգոհություն չենք հայտնել համանախագահներից ոչ մեկի դիրքորոշման առնչությամբ՝ ոչ Կայզերի, ոչ Յուկալովի, ոչ Վոժիեի։ Մենք ոչ մեկին կոնկրետ այդ դժգոհությունները չենք ներկայացրել, քանի որ այդ առաջարկություններն իրոք ներկայացվել էին ԵԱՀԿ համանախագահների կողմից։ Մենք պարզապես մեր վերաբերմունքն ենք արտահայտել։

(«Սնարք» գործակալության կողմից- «Թուրան» գործակալության հաղորդման համաձայն, հանրապետական Ջոզեֆ Պիտերի գլխավորած ԱՄՆ-ի կոնգրեսականների խմբի հետ դեկտեմբերի սկզբին Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը «դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից ՄԽ համանախագահ Դոնալդ Կայզերի դիրքորոշման առնչությամբ, որն անտարբերություն է դրսեւորել՝ մատների արանքով նայելով ընդհանուր պետության սկզբունքի վրա հիմնված առաջարկությանը»)։

-Եթե միջնորդների վերջին առաջարկություններն Ադրբեջանի համար անընդունելի են, ապա պաշտոնական Բաքուն ինչպիսի՞ փոխզիջում է տեսնում։

-Ես ուզում եմ, որ Հայաստանում լավ իմանան. այն, որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին բարձր մակարդակի ինքնավարություն տրամադրել իր տարածքում, մեծագույն զիջում է։ Չէ՞ որ Հայաստանում Ադրբեջանի եւ ադրբեջանցիների համար ոչ մի ինքնավարություն չի ստեղծվում։

-Բայց Հայաստանում ադրբեջանական ոչ մի ինքնավար կազմավորում երբեք չի եղել։

-Չէ՞ որ դուք հայ եք, դուք հրաշալի գիտեք, որ Ադրբեջանի տարածքում Խորհրդային Միության կողմից Հայաստանի համար ինքնավարություն ստեղծելն աղաղակող անօրինականություն էր։ Որովհետեւ Խորհրդային Միությունում ինքնավարություններ ստեղծվում էին այն ժողովուրդների համար, որոնք ապրում էին իրենց տարածքում. թաթարների համար՝ նրանք ապրում էին Թաթարստանում, չեչենների համար՝ նրանք ապրում էին Չեչնիայում, ուդմուրտների համար՝ նրանք ապրում էին Ուդմուրտիայում։ Սակայն նրանք ինքնավարություն չստեղծեցին ռուսների համար, որոնք ապրում էին Ադրբեջանում, վրացիների համար՝ որոնք ապրում էին Ադրբեջանում։ Իսկ ինչո՞ւ ինքնավարություն ստեղծեցին Ադրբեջանում ապրող հայերի համար։ Չէ՞ որ դա ադրբեջանական տարածք է։ Ինքնավարությունը ստեղծվել էր ապօրինաբար։ Եվ այն, որ այժմ Ադրբեջանը պատրաստ է հանուն խաղաղության համաձայնել Լեռնային Ղարաբաղի համար պատվավոր հիմունքով բարձր մակարդակի ինքնավարություն տրամադրելուն, մեծագույն զիջում է։ Այդ պատճառով, երբ մեզ ասում են, թե էլ ինչպիսի զիջում պետք է կատարի Ադրբեջանը, ես զարմանում եմ։ Ավելի մեծ զիջում չի կարող լինել։

-Պրն Գուլուզադե, ես Ձեզ հետ պատմության շուրջ վիճաբանություն չեմ սկսի…

-Եթե խոսքն այն մասին է, որ քննարկենք Ադրբեջանի կազմում այդ ինքնակառավարման կամ ինքնավարության մանրամասները, ապա հարկավոր է, որ Հայաստանն ընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք սկսենք մշակել այդ հարաբերությունների մանրամասները։ Այս է հարցի էությունը։

-Արդյո՞ք Ձեզ չի թվում, որ Փարիզում նախատեսվող ղարաբաղյան լսումներին մասնակցելուց Ադրբեջանի հրաժարվելը կարող է բացասաբար անդրադառնալ Ձեր երկրի՝ Եվրախորհրդին անդամակցելու գործընթացի վրա։

-Կարծում եմ, որ դա ոչ մի կերպ չպետք է անդրադառնա Ադրբեջանի՝ Եվրախորհրդին անդամակցելու հարցի վրա, քանի որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Եվրախորհրդի համար գերակա չէ։ Հնարավոր է, որ այն առաջնային է Ռուսաստանի համար՝ Հայաստանում պլացդարմ ունենալու առումով, սակայն ոչ Եվրախորհրդի համար։ Եվրախորհուրդը ղեկավարվում է ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի սկզբունքներով։ Այնտեղ գիտեն, որ Ադրբեջանի տարածքի 20%-ը բռնազավթված է, եւ որ շուրջ 1 մլն ադրբեջանցիներ փախստական են սեփական երկրում։ Դուք ինչ է, կարծում եք, թե Եվրախորհուրդը պետք է պատժի՞ Ադրբեջանին այն բանի համար, որ Ադրբեջանը չի ցանկանում խոսել անջատողականների հետ…

-Արդյոք պաշտոնական Բաքուն կպաշտպանի՞ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ից ՄԱԿ-ի կառույցներ տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի մի շարք քաղաքական ուժերի պահանջները։

-Ես իմ մակարդակով ցանկանում եմ Ձեզ ասել, որ դրանք միանգամայն անիրազեկ հայտարարություններ են։ Ես ԵԱՀԿ-ը համարում եմ օգտակար գործիք, որը կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը։ Ամեն բան կախված է կողմերի կամքից, հատկապես՝ Հայաստանի կամքից, քանի որ ոչ թե Ադրբեջանն է բռնազավթել հայկական տարածքները, այլ Հայաստանը՝ ադրբեջանական տարածքները։

-Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պատվիրակություններն այսօր մեկնեցին Փարիզ՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումներին։ Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այն բանին, որ դրանք, այնուամենայնիվ, կարող են կայանալ առանց Ադրբեջանի։

-Ոչ մի կերպ, քանի որ այդ լսումները Լեռնային Ղարաբաղի համար ոչ մի նշանակություն չեն կարող ունենալ։ Լեռնային Ղարաբաղին հարկավոր է Բաքվի մասնակցությունը, որպեսզի հետո հայտարարեն այն մասին, թե իրենք հակամարտության համահավասար կողմ են, եւ Բաքուն ընդունում է դա։ Այնտեղ լսելու ոչինչ չկա։ Կան քաղաքական շրջանակներ, կա ԵԱՀԿ Մինսկի խումբ, որտեղ կարելի է շարունակել բանակցություններ վարել։ Իսկ լսումները Փարիզում, Լոնդոնում եւ այլուր ոչինչ չեն տա։ Դա պարզապես քարոզչական քայլ է, որը նպատակաուղղված է մեր շահերի դեմ։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում՝ Ջուլֆայում, գտնվող հին հայկական գերեզմանատունն ավերելու, ոչնչացնելու եւ հայկական միջնադարյան խաչքարերն այնտեղից դուրս բերելու փաստը։

-Ես այդ մասին առաջին անգամ ձեզանից եմ լսում։ Ես կփորձեմ տեղեկանալ դրա մասին, բայց ամեն դեպքում, իհարկե, միանգամայն անընդունելի եմ համարում որեւէ հուշարձանի կամ գերեզմանատան ավերումը։ Քանի որ զոհվածների եւ հանգուցյալների մասին հիշատակը հավերժ է, դրա դեմ որեւէ գործողություն ձեռնարկելը բացարձակ անմտություն է։ Չեմ կարծում, որ մեզ մոտ նման բան տեղի ունենա, որովհետեւ դա մեր քաղաքականությանը չի համապատասխանում։ Ի դեպ, Բաքվի հայկական գերեզմանատունը հիանալի վիճակում է։ Ես տեղյակ եմ, չեմ ուզում անուններ նշել, որ հարազատների շիրիմներն այցելելու նպատակով Բաքվում եղել են Հայաստանի բավականին բարձրաստիճան անձինք։

-Դեկտեմբերի առաջին օրերին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարել է, որ իրեն հաջողվել է միջնորդներին համոզել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նոր առաջարկություններ մշակելու անհրաժեշտության մեջ։ Դուք չէի՞ք կարող ասել, թե միջնորդները երբ են խոստացել դրանք հակամարտող կողմերին ներկայացնել։

-Եթե կողմերը չեն ընդունել միջնորդների վերջին առաջարկությունները, բնականաբար, նրանք կաշխատեն նորերի վրա։ Երբ Հայաստանը հրաժարվեց երկու փուլով կարգավորումից, նրանք, ինչպես տեսնում եք, գնացին եւ էլի ինչ-որ բան բերեցին։ Նրանք, անշուշտ, կմշակեն եւ կբերեն էլի ինչ-որ առաջարկություններ։

-Ե՞րբ։

-Ժամկետների շուրջ մեր միջեւ պայմանավորվածություն չի եղել։

ԳԱՅԱՆԵ ՄՈՎՍԵՍՅԱՆ

«Սնարք», հատուկ «Առավոտի» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031