Երեկ Ժուռնալիստի տանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսպիսի մի զենք տվեց իր ասուլիսին ներկա լրագրողներիս ձեռքը։ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի պատվերով «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը հարցում է կատարել 400 փորձագետների, որոնք «կամ իրենք գործ ունեն օրենքի հետ, կամ օրենքներն՝ իրենց հետ»։ Փորձագիտական հարցման ամփոփագիրը կոչվում է «Սահմանադրության փոփոխումները»։ Այն աշխատանքները, որ Սահմանադրության փոփոխության ուղղությամբ կատարում է ՀՀ նախագահին առընթեր համապատասխան հանձնաժողովը, չեն բավարարում Ահարոն Ադիբեկյանին։ Նախ այն պատճառով, որ դրա անդամները ոչ մասնագետներ են, եւ մեր Սահմանադրությունն էլ վերմակի տեղ են դրել, ու ամեն մեկն իր վրա է այն քաշում։
Իսկ Սահմանադրությունը «փոփոխումների» պետք է ենթարկել, քանի որ պրն Ադիբեկյանը չգիտի՝ «Քոչարյանը նախագա՞հ է, թե՞ վարչապետ», որտեղ է վերջանում Քոչարյան-նախագահը եւ սկսվում Քոչարյան-վարչապետը։ Դարբինյանի կարգավիճակն էլ առանձնապես պարզ չէ։ Անհրաժեշտ է հստակեցնել նրանց երկուսի լիազորությունները, որ «իմանանք՝ ում ականջը պիտի քաշենք, ինչի համար»։ Հենց այս՝ դեռեւս հնագույն ժամանակներից հայտնի եւ խիստ արդյունավետ պատժամիջոցի կիրառման ճիշտ հասցեատիրոջը պարզելու համար հարցերի շարքում եղել է նաեւ հետեւյալը՝ իշխանությունների բաշխման ո՞ր տարբերակն եք համարում առավել ներգործական մոտակա 5-10 տարիների համար։ Տարբերակներն են՝ իշխանությունների հավասարակշռված նախագահական համակարգ, կիսանախագահական, նախագահական, պառլամենտական, ոչ նախագահական (վարչապետական կամ կիսավարչապետական)։ Այս անունները նշելիս պրն Ադիբեկյանը համոզված չի եղել, որ իր փորձագետները կհասկանան՝ ինչի մասին է խոսքը եւ մի ամբողջ էջ սխեմաներ է ներկայացրել (ինքը խոստովանեց)։
Դատական համակարգն էլ կատարյալ չէ, «մեր ամենաթույլ կողմն է», այն էլ պիտի ընտրովի դարձնել։ Հետո արդեն Ազգային ժողովի անկատարությունների մասին խոսելիս Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ «մենք պատրաստ չենք դեմոկրատական ընտրությունների»։ Այդ պատճառով, ինչքան էլ կատարելագործվի ընտրական օրենսգիրքը, միեւնույն է, խախտումներ լինելու են։
ԱԺ-ում էլ հանձնաժողովներն այնքան շատ են, թե ո՞ւմ են պետք։ Հալալ չի՞ Ամերիկային, մի քանի հանձնաժողով կա Կոնգրեսում ու լիքը ենթահանձնաժողովներ ունի։ Ընդ որում, վերջիններս անվճար են աշխատում։ Պրն Ադիբեկյանն ԱԺ ենթահանձնաժողովներին առաջարկում է անվճար աշխատել, սակայն իր քաղաքացիական պարտքի «գումարը» շատ ավելի քիչ է, քան նման հետազոտություն անցկացնելու համար է պահանջվում։ Այնպես որ, նրան բնավ էլ չեն հետաքրքրում կոնյակի գործարանի եւ այլ աղմկահարույց վաճառքների մասին փորձագետների կարծիքները։ Այ, կպատվիրի՞ Խոսրով Հարությունյանը (եփած հավի ծիծաղն էլ կգա, եթե պատվիրի), Ահարոն Ադիբեկյանն էլ կհետազոտի։
Կարդացեք նաև
Բա լրագրողնե՞րն ինչ են, ի՞նչ են հասկանում, տեսնես՝ ինչո՞վ են զբաղված։ «Նախագահի 200 օրը այնքան լավ նյութ էր, իսկ դո՞ւք…»,- հանդիմանեց պարոնը։ Թե Հայրիկյանի հանձնաժողովն ինչքան կօգտվի այս ամփոփագրի եզրակացություններից, ինչպես բնորոշվեց, իրենց «ղսմաթն» է։ Սակայն սա լրագրողների էլ «ղսմաթը» դուրս եկավ, ավելի ճիշտ՝ լուրջ զենքը։ Եթե Սահմանադրության շուրջ դատողություն անենք սեփական անունից, ոչ ոք մեզ բանի տեղ չի դնի, իսկ հենց վկայակոչենք Ադիբեկյանի 400 փորձագետներին, ավտոմատ կերպով մեր ասածները կդառնան հավաստի։
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ