Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԻՋԵՎԱՆ. «ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ»

Դեկտեմբեր 15,1998 00:00
naxichevan

Անդրկովկասի եւ Հյուսիսային Կովկասի ռազմաքաղաքական ընդհարումների, որոշ տարածքներում խոշոր տերությունների բացակայության աճի եւ ռեգիոնալ գեոտնտեսական նախագծերի բացակայության ֆոնին Նախիջեւանը «աշխարհաքաղաքական արգելոց» է մնում, որն իր հերթին լարված է սպասում գլոբալ վերաբաժանման ընթացքին։

Նախիջեւանի տվյալ «արգելոցային» վիճակը ոչ միայն Ադրբեջանի հետաքրքրություններով է բացատրվում, որն ի վիճակի չէ պաշտպանել այս առանձնացված շրջանը եւ շահագրգռված է, որ այս տարածքում զինված գործողություններ չտարածվեն, ինչպես նաեւ Հայաստանի, որը ադրբեջանաղարաբաղյան ընդհարմանը «չխառնվելու» մասին է հայտարարում, այլ քաղաքական յուրահատուկ կարգավիճակով։ Հանդես գալով որպես Ադրբեջանական հանրապետության «սահմանադրական» մասնիկ, Նախիջեւանը փաստորեն Թուրքիայի պրոտեկտորատն է, ինչը 1921թ. մարտի 16 ռուս-թուրքական դաշինքով է պայմանավորված։ Զինված ընդհարման սկզբից, այսինքն՝ 1990թ. հունվարից ադրբեջանական եւ տեղի՝ նախիջեւանյան կառավարությունները հմտորեն օգտագործում են տվյալ կարգավիճակի առավելությունները՝ այս շրջանի անվտանգությունն ապահովելու նպատակով։

Նախիջեւանի աշխարհաքաղաքական վերականգնումը հնարավոր է միայն նրան նոր աշխարհատնտեսական հաղորդակցության նախագծերում ներգրավելու կամ կովկասյան-մերձարեւելյան շրջանի գլոբալ վերաբաժանման երկրորդ փուլին մասնակցելու դեպքում։ Դա հնարավոր կլինի շրջանի տերություններից մեկի սկզբունքորեն թուլանալու դեպքում։ Բայց, չնայած տվյալ հեռանկարի ենթադրականությանը, անհրաժեշտ է իմանալ եւ պատկերացնել պրոցեսները, որոնք տեղի են ունենում այս պահին այդ շրջանում։

Նախիջեւանի տնտեսական վիճակը մինչեւ 1995թ. համեմատաբար լավ էր։ Շրջանի պետական բյուջեն 1991-1995թթ. 55-75%-ով լրավճարային էր, Բաքուն պարտքերը դուրս էր գրում արդյունաբերական եւ գյուղատնտեսական ձեռնարկություններին, այսպիսով երեք տասնյակ մետաղե ապրանքներ արտադրող թեթեւ արդյունաբերության ոչ շահութաբեր տեղական ձեռնարկությունների գոյությունն ապահովելով։ 70-80թթ. արտադրանքի ներմուծման տեսակարար կշիռը օգտագործման ծավալով Նախիջեւանում 31,4% էր կազմում (ԼՂԻՄ-ում 18,5)։ Նախիջեւանի ազգային եկամտի արտադրանքի արդյունաբերական մասը կազմում էր ընդամենը 15,9%(ԼՂԻՄ-ում 50%)։ Նախիջեւանում ներդրումներ, հատկապես արտադրական, միշտ էլ բնորոշվել են որպես ծայրահեղ ապարդյուն։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում, այսինքն՝ 40-45 տարվա ընթացքում Նախիջեւանում ներդրումների ծավալը 1,55 անգամ գերակշռում էր Լեռնային Ղարաբաղին։ 80-ականների սկզբին Նախիջեւանի արդյունաբերական արտադրանքի 64,5%-ը կազմում էր սննդի, իսկ 18%-ը թեթեւ արդյունաբերությունը, ինչը տնտեսության կառուցվածքային անկախությունն էր շեշտում։

Ներկայումս Նախիջեւանի ներքին համախառն արտադրանքի ծավալը չի անցնում 45-55մլն դոլարը, գյուղատնտեսական արտադրանքը՝ 25-30 մլն դոլար, արդյունաբերական արտադրանքը՝4,2 մլն դոլար։ Ադրբեջանի ազգային համախառն արտադրանքի մեջ Նախիջեւանի մասը կազմում է 1,4%, գյուղատնտեսականը՝ 3,6%, արդյունաբերականը՝ 0,13%։ 1995թ. կեսից, այսինքն՝ երբ Ադրբեջանն ընդունեց ՄԱՀ-ի պայմանները, ըստ որոնց պետք է վարվի քաղաքականություն՝ ուղղված բյուջետային դեֆիցիտի նվազեցմանը, Նախիջեւանը դարձավ բառիս բուն իմաստով տնտեսական անապատ։

Անկման մեջ է գյուղատնտեսությունը, որի արտադրանքի ֆիզիկական ծավալը նվազել է 8-9 անգամ։ Փլուզված է ոռոգման համակարգը։ Պարենամթերքի 80-85%-ը ներմուծվում է։ Գյուղատնտեսական ապրանքների արտադրանքը պահպանվել է միայն Սադարակի (Նորաշենի) շրջանում, Օրդուբադի եւ Շահբուզի շրջաններում այդ արտադրանքն ընդհանրապես բացակայում է։ Սպառվող հացամթերքի 85-90% ներկրվում է, ինչպես նաեւ կարտոֆիլն ու բանջարեղենը։

1991թ. հետո Նախիջեւանում բավականին հզոր գազատուրբինային տիպի ջերմաէլեկտրակայան էր կառուցված, որը 475,6 կվտ/ժ էլեկտրաէներգիա է արտադրում։ Սակայն Բաքվից բերվող հեղուկ վառելանյութի թանկ լինելու պատճառով այս էլեկտրակայանը չի գործում։ Էներգակիրները Իրանից եւ Թուրքիայից են բերվում։

Այս ամենը բերեց Նախիջեւանից բնակչության մասսայական արտահոսքի։ Ադրբեջանական ընդդիմադիր մամուլի տվյալներով, շրջանը լքել են բնակչության 35-45%, ինչը 110-140 հազար մարդ է կազմում։ Հարկ է նշել, Նախիջեւանի էմիգրացիան յուրահատուկ է։ Ի տարբերություն Ադրբեջանի էմիգրանտների զգալի մասի, որոնք իրենց ժամանակավոր գաղթական են համարում, Նախիջեւանի բնակչությունը ընտանիքներով եւ տոհմերով են լքում հայրենիքը, ինչը հաստատվում է տների ու անասունների մասսայական վաճառքով։ Ընդդիմադիր գործիչների հաշվառմամբ՝ 5-7 տարի հետո Նախիջեւանում մոտ 80-90 հազար մարդ է բնակվելու։

Ներկայումս Նախիջեւանի կենսագործունեությունը գրեթե միայն Իրանից է կախված, որը արդյունաբերության եւ էներգոռեսուրսների հիմնական մատակարարողն է։

Աշխարհում Իրանի դիրքի լուրջ փոփոխությունները, Եվրոպայի եւ Չինաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը, միաժամանակ Հայաստանի դիրքի ուժեղացումը իսլամական աշխարհում, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հակասությունների անխուսափելի աճը, անկասկած, նպաստում են գլոբալ վերաբաժանման մոտեցմանը եւ այժմ գոյություն ունեցող պետությունների տարածքում նորերի ստեղծմանը։

Ինչ վերաբերում է վերջերս շոշափվող հիմնահարցերին, որոնք կապված են Հայաստանի եւ Նախիջեւանի միջեւ տնտեսական կապերի հնարավոր հաստատման հետ, ապա հարկ է նշել հետեւյալը. շրջանի տարածությունը շուկայական պայմաններում կարող է տնտեսապես ինքնաբավ լինել միայն 90-110 հազար բնակչի համար։ Այս շրջանի ցանկացած տնտեսական զարգացումը կարող է կենսագործունեության միայն այդ մակարդակն ապահովել։ Այստեղ գոյություն ունեցող 300 հազարանոց բնակչության տնտեսական բազայի վերականգման մասին խոսք լինել չի կարող։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031