Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒ ՁՅՈՒՆ Է ԳԱԼԻՍ, ԻՆՉ-ՈՐ ՏԱՔ ՄԻ ՁՅՈՒՆ»

Դեկտեմբեր 15,1998 00:00
ozun

Եղանակի հայաստանյան քմահաճույքները եթե այսպես շարունակվեն, ապա շատ շուտով ձյունը նկարագրելու համար ստիպված ենք լինելու հիշողությանը դիմել։ Ձմեռ է, բայց ձյուն չի գալիս։ Կուզես՝ բաց նամակ գրիր Աստծուն, օդերեւութաբանական կայանին, Ձմեռ պապին, վարչապետին, նախագահին, միեւնույն է՝ ձյունը գալու է իր ուզած պահին կամ՝ չի գալու։

Ու ձյուն չի գալիս։ Մայրաքաղաքից դուրս գտնվող Հայաստանին ձյունն ավելի է հարկավոր։ Դաշտերն ու այգիները անտեր ու չոր են, աշնանացանը՝ անծածկոց։ Սա նշանակում է, որ գյուղացին հուսահատ է, սպասողական, ցորենի վերջին հատիկը (պարտքով, ապառիկ կամ սեփական) պահ տված հողին։

Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը ուր ասես կհասնի։ Այս անգամ հիմնադրամը իր հերթական ծրագիրն էր հանձնում Լոռվա մարզում, ավելի ճիշտ՝ Թումանյանի շրջանում, ավելի կոնկրետ՝ Ծաթեր գյուղում։

ՀՍՆՀ-ի հասարակության հետկապերի պատասխանատուն հայտնում է

Որ Լոռու մարզում հիմնադրամն արդեն իրականացրել է 40 ծրագիր՝ ծախսելով 1 մլն 935 հազար դոլար։ Շինարարական աշխատանքներ են ընթանում եւս ութ բնակավայրերում։ Ծաթեր գյուղի ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1968 թվականին եւ գրեթե ամբողջովին քայքայվել էր։ Ջուրը գալիս է Կարմիր Աղեգի-Ալավերդի ինքնահոս ջրատարից։ Գյուղի ավելի բարձր գտնվող տներին ջուր չէր հասնում կենտրոնում գտնվող ջրամբարից։ Ջրամբարն ինքն էլ շահագործվելու բան չէր այլեւս։ Գյուղի համայնքը մեկ տարի առաջ դիմեց ՀՍՆՀ-ին՝ խմելու ջրի համակարգի վերակառուցման ծրագրով։ Ըստ ծրագրի, կառուցվել է 46425 ջրագիծ, որի մոտ հազար մետրը նոր թաղամասերի ներքին ցանցն է։ Կառուցվել է նաեւ 200 խմ ծավալով օրական կարգավորիչ ջրամբար։ Ծրագրի արժեքը 72440 դոլար է։ Արժեքի տասը տոկոսը դրամով, խողովակներով եւ աշխատուժով ներդրել են գյուղացիները։ Շինարարությունը իրականացրել է «Դելֆին» ՍՊԸ-ն։ Ջրագծի բացմանը ներկա էր ՀՍՆՀ-ի նոր գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը։

Դեմ առ դեմ

Լոռեցիք մի քիչ ավելի լոռեցի են հենց այստեղ՝ ուր երկինքն այնքան մոտ է, ու աշխարհի վերջը՝ կողքիդ։ Դեմ առ դեմ կանգնել կարելի է հենց այստեղ, ուրիշ ինչպե՞ս կանգնես ու նայես աշխարհին, մարդկանց, երկնքին, երբ սարերն իրենք են դեմ առ դեմ ու նրանց բաժանում է (թե՞ միացնում է) նույն խենթը, Դեբեդ անունով։ Ծաթեր հասնելու համար հարկավոր է, որ գլուխդ մի քիչ պտտվի, սիրտդ անհանգստանա, քանի որ անցնելիք ճամփադ ճամփա չէ, օձապտույտ է, օձագալար է սարն ի վեր, «պատն» ի վեր։ Ու երբ նույն Ծաթերում կամ հենց Օձունում ասում են, թե ծննդկաններին ծննդաբերելու համար տանում են շատ մոտիկ՝ Ալավերդի ու հաշվի չեն առնում, թե ի՞նչ ճանապարհ է անցնելիքը, դու ամաչում ես քո գլխապտույտի ու վախի համար։

Մի կով, էն էլ՝ սատկած

Թեպետ բնությունն այստեղ աստվածային է ու հզոր, թեպետ սարերն այստեղ մինչեւ երկինք չհասնեն, չեն հանգստանա, թեպետ այս սարերում ուզում ես, որ ժամանակը կանգ առնի, բայց, միեւնույն է, հայ գյուղացին նույն խեղճն ու անօգնականն է, նույն սերմացու չունեցողն ու տեխնիկայից զրկվածը։ Բնության վեհությունն այստեղ հակառակ համեմատական է բնակչության մեծ մասի կյանքի խեղճությանը։ Ծաթերցիներն ապրում են իրենք իրենցից ու աշխարհից մի քիչ խռով։ Իրենցից՝ որովհետեւ խեղճ են, աշխարհից՝ որովհետեւ իրենց մոռացել է ու միայն հարկ հավաքելուց է հիշում։ «Պարտատերը գանգատ գնաց, քյոխվեն կգա-կծեծի»։ Միայն մի տարբերությամբ՝ «քյոխվի» ծեծելը ոչ տեսանք, ոչ էլ լսեցինք։ Հիմա քյոխվեքն ո՞ւր են, որ։ Հիմիկվանը գյուղապետն է, նա էլ պատմեց, որ Ծաթերը բոլոր գյուղերի պես խեղճ է, գյուղացին ապրուստ չունի։ 430 մարդ է ապրում գյուղում, դպրոցում՝ 64 աշակերտ։ Ուսուցիչները ոչ բոլորն են մասնագետ, ուսուցչի կարիք՝ «շատ»։

Հողը հարյուր տոկոսով սեփականաշնորհված է եւ հարյուր տոկոսով էլ (համարյա) իրեն չի արդարացնում, քանի որ գյուղացին հող պահելու հնարավորություն չունի։ Պարարտանյութ չկա, քիմիկատներ չկան, տեխնիկան վարձելու փորձ չկա, սերմացու չկա, իսկ եթե լինի էլ, ցանում են ու կորցնում։ «Մարդ կա 1,5 հա ցորեն է ցանել, բայց հավաքել է 300 կգ»։

Գյուղի առաջին տան բնակչի սիրտը կոտրված էր, ինքը՝ տարիքից շուտ ծերացած ու հոգնած։ Թեպետ նրա հարեւանուհին անընդհատ ուզում էր գնալ մազերը սանրել, նրան թվում էր, թե հեռուստացույցով իրեն պիտի տեսնեն։ Ոչ անունն ասաց, ոչ էլ խոսելու հավես ուներ, հողի հարկն այնպես էր խեղդել, որ մարդը միայն դրանից էր խոսում. «97 հազար 415 ռուբլի (դրամ -Մ.Ե.) վրես եկել ա։ Կամ տունը տեմ ծախիլ, կամ՝ ինչ կա-չկա տան մեջ։ Ոչ մի անասուն չունեմ, մի կով ունեի, էն էլ վեր ընկավ, սատկեց»։ …Իսկ Ծաթերից Դսեղ ձեռքդ մեկնես կհասնի, գոռաս՝ կլսվի. «Ծաղիկ կովը սատկել ա»։ Իսկ ի՞նչն է փոխվել… Էս ո՞ւր ենք ընկել։

Օձունն ուրիշ է, խնդիրները՝ նույնը

Օձունի եկեղեցին 6-րդ դարի է, պահակը եւ մոմավաճառը հնարավոր է Ձմեռ պապի ազգականն է, նրա նման ճերմակ է ու ինձ թվաց՝ բարի։ Ասում է, թե ժողովուրդը եկեղեցի գալիս է, բայց մոմ առնելու փող չունի։ Եկեղեցու պատին, ինչպես բոլոր եկեղեցիների պատերին, փակցված է նույն ցուցանակը՝ պահպանվում է պետության կողմից։ Այսքանով պետության դերն ու նշանակությունն ավարտվում է։ Մոմը Հայ առաքելական եկեղեցին է տալիս, Էջմիածինը, աշխատավարձը՝ նույնպես։ Հայոց 34-րդ կաթողիկոս Հովսեփ Օձնեցով պահակ-մոմավաճառը հպարտացավ, գյուղի կենտրոնում տեղադրված նրա արձանը ցույց տվեց (հանդիսավոր բացում կլինի), տխրեց, որ թոռանը հոգեւոր կրթության ուղարկելու փափագը չի իրականացել, մոտ երկու տարի առաջ, զորակոչվելուց երկու ամիս առաջ, ուսումնական վարժանքի ժամանակ թոռը զրկվել է մեկ ոտքից։ «Թոռս վիրավոր է, ոչ մի օգնություն ցույց չեն տվել։ Պրոթեզավորման կենտրոն էլ գնում ենք՝ էսօր-էգուց, հիմի էլ մինչեւ մարտ պրոթեզը չեն դնելու (ժամանակավոր պրոթեզի ժամկետը երկու ամիս է, բայց արդեն մեկ տարի երկու ամիս է, չի փոխվում։ Իսկ սոցապ նախարարությունը առիթը բաց չի թողնում ինքնագովերգման՝ «անվճար ենք սպասարկում» -Մ.Ե.), հիմա էլ ասել են մարտի 1-4-ը կգաս»։

Օձունի առողջապահական խնդիրները

Օձունի բժշկական ամբուլատորիայի ՓԲԸ տնօրեն Լաուրա Ջավախյանի հետ զրույցից.

-Սպասարկում ենք Օձունը եւ նրան հարակից չորս գյուղեր՝ Ամոճ, Հագվի, Այգեհատ եւ Արդվի, մոտավորապես 6 հազար բնակչի սպասարկում ենք երկու բժշկով՝ տեղամասի վարիչ եւ մանկաբույժ։

-Ինչպե՞ս եք իրականացնում 6 հազար մարդու սպասարկումը երկու հոգով։

-Երկու բժիշկ ենք եւ տասնվեց բուժքույր։ Հիմնական սպասարկումը մեզ մոտ պետական պատվերի շրջանակներում է, մեզ վրա է դրված նաեւ հղիների սպասարկումը, որը եւս պետպատվեր է։ Օձունը ծննդատուն չունի, այստեղից Ալավերդի 10 րոպեի ճանապարհ է, հասնում են այնտեղ։ Բայց հղիների հսկողությունը կատարվում է Օձունում, Ալավերդուց գինեկոլոգ է գալիս։ Շատ ծանր վիճակ է, բնակիչը չի կարողանում վճարել, գյուղացին շատ աղքատ է։ Օրինակ՝ գիշերային կանչը որոշված է 1500 դրամ, ցերեկայինը՝ 1200 դրամ։ Ես մի տարվա մեջ, ենթադրենք, հարյուր կանչ եմ ունեցել, էդ հարյուրից ընդամենը տասը հոգի են վճարունակ եղել։ Չնայած սոցիալապես անապահովների հատուկ ցուցակ կա, բայց այդ ցուցակից դուրս էլ շատ անապահովներ կան։

-Գյուղեր գնալու համար տրանսպորտ եւ այլ հնարավորություններ ունե՞ք։

-Այսօրվա վիճակով մի հատ «УАЗ» մեքենա ունենք, բայց չի աշխատում։ Հիվանդը գալիս է, իր մեքենայով տանում։

-Իսկ ով որ մեքենա չունի՞…

-Դե, ով որ չունի, երեւի հարեւանին է խնդրում։

-Դեղորայք ինչպե՞ս եք ճարում։

-Օրինակ, 1997-98 թթ., դրանից առաջ էլ «Անքոր» կազմակերպությունը բավականին օգնեց մեզ, էս տարի դեռ չենք ստացել, բայց մնացած «պոչը» տալիս ենք գյուղացիներին։ Կարմիր խաչի կողմից ենք դեղորայք ստացել, ձրի տվել ենք բնակիչներին, Լոռու մարզից նույնպես օգնություն դեղորայք ենք ստացել։

-Արտակարգ դեպքեր, շտապ վիրահատություններ, ինչպե՞ս եք իրականացնում։

-«Չէպէ» չկա, 0-1 տարեկան երեխայի մահացություն չունենք։ Օձունում էսքան տարի դեռ դեպք չի եղել, որ մեր պատճառով մարդ տուժի։ Ժամանակին ուղարկում ենք Ալավերդի։

-Աշխատավարձը ժամանակի՞ն եք ստանում։

-Մեր կոլեկտիվն այս տարի մինչեւ օգոստոսը ստացել է, բայց, մինչեւ օգոստոս, ութ ամիս չէինք ստացել։ Հիմա նորից չենք ստանում։

-Շենքային պայմանները կարծես թե…

-Շենքային պայմանները շատ վատն են, 26 թվի շենք է, ապակիները ջարդված, ոչինչ չունենք։ Մի անգամ մի թեթեւ վերանորոգվել է 1994-ին։ Բուժարանը ջուր չունի։

-Վարակիչ հիվանդություննե՞ր…

-Չէ, չկան։ Վերջին քանի տարին մենք ինֆեկցիոն հիվանդություններ չենք ունեցել։ Էս տարի թեթեւ լուծեր եղել են 1-2 օր եւ վերջ։

-Բնակչության կյանքի տեւողությո՞ւնը…

-Երկարակյաց են, երեկ 108 տարեկանի մի մահ ենք ունեցել։ Մեր մահվան «ժուռնալը» որ նայում եք, մեծ մասամբ ծերունական մահեր են։

-Ասում են, գյուղերում տատմերեր են հայտնվել, տանը ծննդաբերողները շատացե՞լ են։

-Էս տարի չի եղել, հիմնականում գնում են Ալավերդի։ Բայց դե լավ կլինի, Օձունն էլ ծննդատուն ունենա։ Ծնունդները շատ պակասել են, մինչեւ մեկ տարեկան 100 երեխա ունենք, 1590 երեխա՝ մինչեւ 15 տարեկան։ Էն Լոռու ձորն էր Ժամանակն այնքան արագ է անցնում, երբ ստիպված ես վերադառնալ։ Իսկ եթե մնացողն ու ապրողն ես, հողը մշակողն ու արարողը՝ ժամանակը կանգ է առնում։ Խնդիրների ծանրությունից, հոգսի բեռից, «կա ոչ»-ի դառնահամից։ Մարդ Աստծո, էս ո՞ւր ես սարերն ելել, եթե սարերն ես ելել, ինչո՞ւ արծվի պես չես ապրում: …Իսկ պետությունն այստեղ է, ներքեւներում, ինչ-որ տեղ՝ ցածում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031