Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐԿԱՅԻՆ ԻՇԱԲԵՌԻ» ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ

Դեկտեմբեր 15,1998 00:00
namak

Ու խմբագրության ստացած պատասխանը

Ցանկացած «հոդվածագրի» հաճելի է, երբ իրեն պատասխանում են։ Հատկապես հաճելի է, երբ պետական ատյանից է պատասխան ստացվում։ Դա նշանակում է, որ այդ պետական ատյաններում հարգում են մամուլը եւ «ՀՀ օրենքը զանգվածային լրատվության միջոցների մասին»։ Նույն օրենքը մամուլին պարտավորեցնում է պատասխանը զետեղել իր էջերում եւ առաջին հրապարակման ծավալի չափով։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից ստացած պատասխանն առնվազն 2,25 անգամ ավելի մեծ է իր ծավալով։ Որպես բարի կամքի դրսեւորում «Առավոտը» պատասխանը հրապարակում է ամբողջությամբ։ Մյուս կողմից՝ մամուլի մասին օրենքը չխախտելու նպատակով վերջում «հոդվածագիրն» իրեն պարտավորված է զգում սույն առաջաբանում եւ հրապարակման վերջում ամեն կերպ փորձել «կոմպենսացնել» հոդվածի եւ պատասխանի ծավալների միջեւ եղած բացասական հաշվեկշիռը։

Ա. Գ.

Սույն հրապարակման շարժառիթը «Առավոտ» օրաթերթի սույն թվականի դեկտեմբերի 2-ի 232 համարում տպագրված «Մեր տնտեսության հարկային իշաբեռը» հոդվածն է։ Հոդվածագիր Արա Գալոյանի մտորումներին ծանոթանալուց հետո մնում է հուսալ, որ որոշ հոդվածագրերի մոտ ժամանակի զգացողության կորուստը պայմանավորված չէ հարկային ճնշմամբ կամ հոդվածագրի ընկալմամբ՝ «հարկային իշաբեռի» ազդեցությամբ։ Ցանկալի կլիներ, որ տնտեսության զարգացման եւ նրա ստվերային հատվածի կրճատման ուղղությամբ հարկման հարաբերությունների փոփոխության ազդեցությունը համարժեք ազդեցություն թողներ նաեւ համանման նյութերի հեղինակների վերլուծական կարողությունների վրա։ Այդ դեպքում կարելի կլիներ հուսալ, որ տեղի ունեցող իրադարձությունները կլուսաբանվեին ըստ էության եւ ընթերցողը զերծ կլիներ մոլորության մեջ հայտնվելու վտանգից։

1992 թվականից ի վեր՝ ԱՊՀ ձեւավորումից հետո հարկային հարաբերություններն իրենց բնականոն զարգացումն են անցել ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ մեր հանրապետությունում։ Դրանք մեծապես նման են եղել զարգացման վաղ շրջանում, սակայն հետագայում կրել են էական փոփոխություններ եւ ներկայումս սկզբունքորեն տարբերվում են միմյանցից։ Զուգահեռներ անցկացնելուց առաջ հարկ կհամարեինք ընդգծել, որ իրավիճակն ամենեւին էլ այնպիսին չէ, ինչպես ներկայացվել է վերը նշված հոդվածում։ Ըստ Արա Գալոյանի կողմից վկայակոչված «փորձագիտական գնահատականների», Ռուսաստանին «հաջողվել» է հակազդել միջազգային կազմակերպությունների ճնշմանը եւ սահմանել «պահանջվածից» ավելի ցածր հարկեր։ Միեւնույն ժամանակ, ենթադրվող ցածր հարկերով Ռուսաստանում հարկերը եւ տուրքերը կազմում են համախառն ներքին արդյունքի 40-60%։ Չվիճարկելով հոդվածագրի կողմից բերված տվյալների հավաստիությունը, հետաքրքիր կլիներ պարզել, թե ինչպե՞ս է մեր հարեւան երկրին հաջողվում ցածր հարկերի պայմաններում դրանց միջոցով հավաքագրել երկրում ստեղծված նոր արժեքի կեսից ավելին։

Դա այն դեպքում, երբ այդ ցուցանիշը 40% կազմելու դեպքում միջազգային պրակտիկայում արդեն իսկ ենթադրվում է տնտեսությանը պետական միջամտության բարձր աստիճան։ Ինչ վերաբերում է հոդվածագրի այն պնդմանը, թե նման ցուցանիշները ՀՀ-ում երբեւէ չեն հրապարակվում, ապա չզլանալու դեպքում նրա համար դժվար չէր լինի ծանոթանալ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին, որի համաձայն, ինչպես նախորդ տարվա հաշվետվությունը, այնպես էլ հաջորդ տարիների բյուջետային ցուցանիշները ներկայացվում են նաեւ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համեմատությամբ։ Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովում ներկայացված «Հայաստանի Հանրապետության 1999 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի բացատրագրում նշված է պետական բյուջեի 1998 թ. հարկային եկամուտների նախատեսվող մեծությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ՝ 13,02% եւ նույն ցուցանիշի կանխատեսումը 1999 թ. համար՝ 13,37%։

Անհրաժեշտ ենք համարում նաեւ հոդվածագրի կողմից օգտագործված որոշ տվյալների ճշտումը, որպեսզի ընթերցողը կարողանա ճիշտ պատկերացում կազմել երեւույթների իրական պատկերի մասին։ Այսպես, Ռուսաստանի Դաշնությունում ավելացված արժեքի հարկի ներկա դրույքաչափը կազմում է 20, իսկ որոշ ապրանքատեսակների համար՝ 10%։ Իսկապես առկա է հոդվածում ներկայացված դրվագը. քննարկվում է հարկի դրույքաչափը 14% դարձնելու հնարավորության հարցը։ Սակայն ընդհանուր պատկերը տարբերվում է լոկ այդ դրվագի դիտարկումից. դրույքաչափի նման փոփոխությանը զուգահեռ նախատեսվում է ներդնել նաեւ շրջանառության հարկ, որի դրույքաչափը կկազմի 5%, իսկ առանձին ապրանքատեսակների համար՝ 10%։

Պատասխանի շարունակությունը՝ հաջորդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031