Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ընտրելու

Դեկտեմբեր 15,1998 00:00
vova haxverdyan

Թե ինչպես կարող են ընթանալ 1999 թվականի Ազգային ժողովի ընտրությունները, դրա նախանշանները երեւում են այսօրվանից, երբ այս կամ այն ընտրատարածքում ընթանում են պատգամավորական թափուր տեղերի լրացման ընտրություններ։

Այդպիսի մի ընտրություն կայացավ թիվ 40 ընտրատարածքում, որն ընդգրկում է Նոր Նորքի 7, 8, 9 բնակելի զանգվածները։ Հավակնորդների թվում էր նաեւ ԱԺՄ կուսակցության վարչության անդամ, իրավապաշտպանների ակումբի նախագահ Վովա Հախվերդյանը։ Այդ եւ հարակից հարցերի շուրջ է նրա հետ մեր թղթակցի զրույցը։

-Պրն Հախվերդյան, մի քանի խոսքով ի՞նչ կասեիք այդ ընտրությունների մասին, ինչո՞ւ դուք հաջողություն չունեցաք։

-Մենք մեր թիմով ընտրություններին նախապատրաստվել էինք բազմակողմանիորեն։ Ճշտել էինք ընտրողների ցուցակները, կազմակերպել բազմաթիվ հանդիպումներ, տարել բացատրական աշխատանք։ Սակայն մարդկանց հավատն այն աստիճան է ջախջախված ամեն տեսակի ընտրությունների հանդեպ, որ շուրջ 16 հազար ընտրողներից ընտրությանը մասնակցեց երկու հազարից էլ պակաս մարդ։ Այդ մասնակցողներից եթե 580-ը կամովին էին եկել ու ձայները տվել ինձ, ապա մի 700-ի մասնակցությունն ապահովեցին թաղապետարանը, ոստիկանությունը, ԲՇՏ-ները եւ այլ շահագրգիռ տեղական իշխանավորներ, որոնք այդ ձայներն ուղղորդել էին հօգուտ Արայիկ Մուրադյանի։ Դա արվել էր ԱԺ-ի «Երկրապահ» խմբակցության ղեկավարության ցուցումով եւ այդպես ընտրվածը, հասնելով ԱԺ, համալրեց երկրապահների շարքերը։ Սա արդեն առկա նախադեպ է, թե ինչ կերպ կարող են ընթանալ 99-ի ԱԺ ընտրությունները, անկախ նույնիսկ ընդունվելիք օրենքի վերջնական տեսքից։

-Տակավին շարունակվում է շահարկվել ներկա եւ նախկին իշխանություններ հասկացությունը։ Արդյո՞ք դրանք խիստ տարբեր բաներ են։ Դուք ինչպե՞ս կգնահատեք դա իբրեւ իրավապաշտպան։

-Գիտեք ինչ, իմ նախընտրական բակային հանդիպումներում միշտ մի բան էի շեշտում. ժողովուրդը խաղից դուրս է։ Եթե նախկին կոմունիստական վարչակարգի օրոք բանվորը, ծառայողը պետք է աշխատեին, բարիքներ ստեղծեին, որ դրանց մի մասը իշխանավորները յուրացնեին, հիմա այդպես չէ։ Մարդիկ կաշխատեն, չեն աշխատի, սոված կմնան, կկոտորվեն, հայրենիքից կգնան՝ դա իշխանավորներին չի հետաքրքրում։ Որովհետեւ նրանք իրենց ժողովրդի աշխատանքով չէ, որ պիտի հարստանան։ Նրանց բավարարում են դեռեւս առկա պետականության քողի տակ ստացվող վարկերը, որոնց շնորհիվ միանգամից յուրացնում են խոշորագույն գումարներ։ Նրանց բավարարում է ազգային ունեցվածքի փոշիացումն ու շատ կասկածելի վաճառքը։ Այդ ամենում ժողովուրդը խաղից դուրս է։

Հիմա դուք ասում եք նախկին եւ ներկա իշխանություններ։ Այդ ո՞րն է նոր իշխանությունը։ Ուժային կառույցները կան իրենց ղեկավարներով։ Հենց ուժային կառույցներն արեցին, որ մարդկանց մեջ վախ մտցրին, անպատժելիության մթնոլորտ ստեղծեցին։ Մյուս կողմից այդ ուժային կառույցներում կան բավականին պարկեշտ մարդիկ, որոնց հետ հանդիպում եմ գործի բերումով։ Իրենք էլ են զզված այս ամենից, ասում են, երբ պետք է նորմալ, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն գա, որ մենք արժանապատիվ կատարենք մեր գործը։ Այդ նախկին եւ նոր կոչվող իշխանավորները բոլոր կարեւոր պաշտոններում աշխատողներին դարձրել են ստրուկ ու կամակատար, իրենց արարքներով նրանց եւս մղելով հանցագործությունների։ Այս պարագաներում ոչ մի տարբերություն չկա, նույն քաղաքական գիծը շարունակվում է, հիմնականում նույն մարդիկ են աշխատում եւ քաղաքացիներն էլ նախկինի պես մնացել են պաշտոնյաների դեմ նույն անպաշտպանը։

Իրավապահ մարմինները, դատարաններն ամեն ինչ անում են մարդկանց հավատը խորտակելու համար, մարդը այդ ատյաններում անկաշառ պաշտպանություն չի կարող գտնել։ Ապականությունն այլեւս սահման չունի։ Դա է պատճառը, որ մեզ՝ իրավապաշտպաններիս դիմողների թիվը ոչ միայն չի պակասել, այլեւ ավելացել է։ Մենք էլ մարդկանց օգնում ենք ինչով եւ ինչքան կարողանում ենք։ Կլավանա միայն մի դեպքում։ Երբ որ մաքուր ուժ կգա իշխանության, ժողովրդի աջակցությամբ։ Դա կգա, երբ հեղափոխական վիճակ կստեղծվի։ Մաքուր ուժը կարող է ամենքին դնել իր տեղը, պատասխանատվության կանչել երկիրն այս վիճակին հասցնողներին։ Այդ ուժը ԱԺՄ-ն է, մյուս կուսակցությունների եւ անկուսակցական, դեռեւս իրենց չարատավորած գործիչներն են, որոնց ժողովուրդը պիտի որ արդեն ճանաչի այսքան փորձությունից հետո։

-Պրն Հախվերդյան, դուք շատ եք կիրառում հեղափոխություն հասկացությունը, իսկ հնարավո՞ր է արդյոք օրենքի գերակայություն սահմանելով՝ Հայաստանում հաստատել կարգուկանոն։

-Օրենքի գերակայություն ասելով հասկանում ենք, որ օրենքը բարձր է բոլորից՝ նախագահից սկսած մինչեւ ամենահասարակ մահկանացուն։ Դա կարող է լինել միայն մի դեպքում, եթե առողջ ուժը գա իշխանության։ Իմ նախընտրական ծրագրում ես այդպես էլ գրել էի. «Օրինականության, կարգուկանոնի հաստատում»։

-Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն կարող է լինել մեր առաջիկա խորհրդարանը։

-Եթե այսպիսի քաղաքական մթնոլորտում անցկացվեն ԱԺ ընտրությունները, ավելի վատը կլինի մեր խորհրդարանը։ Բայց ես սրանից ավելի վատը չեմ էլ պատկերացնում։ Միշտ լավատես եմ եղել ու հավատում եմ, որ մենք այն ժողովուրդը չենք, որ համակերպվենք այս այլանդակ կյանքին։ Մենք չենք կարող այնպիսի պատգամավորներ «ընտրել», ինչպիսիք այժմ կան ԱԺ-ում։ Մենք այն ժողովուրդն ենք, որ պիտի հային վայել բարեկեցիկ կյանքով ապրենք, հպարտ լինենք, որ հայ ենք։ Ես հավատացած եմ, որ մեր ժողովուրդը այս մղձավանջային վիճակից դուրս է գալու։ Մենք պետք է նորմալ Ազգային ժողով ստեղծենք, իսկ դա կլինի, եթե մեր ժողովուրդն, իրոք, ինքն ընտրի իր ուզած մարդկանց։

Զրույցը վարեց ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031