Կյանքը միանգամից դեպի լավը փոխելու՝ չգիտես ում կողմից հորինված հեքիաթի հանդեպ համարյա մանկական հավատը արդեն վաղուց տարրալուծվել է համարյա տասը տարվա հնություն ունեցող երանավետությամբ լի այն այն մտածումների հետ, որոնց դրդմամբ մենք ձեռնամուխ եղանք «տոտալիտարիզմի կապանքներից ազատագրվելուն» եւ «արժանապատիվ կյանք» կառուցելուն: Հիմա մենք ուրախ եւ անգամ երջանիկ կլինենք գոնե մի փոքր դրական առաջխաղացում տեսնել, բայց դրանք, ավա՜ղ, նույնիսկ ամենազորեղ ակնոցը դնելուց հետո լիովին անտեսանելի են:
Քանի որ նախընտրական օրերի ոչ Քոչարյանի օգտին գրված իմ հոդվածները եւ բազմաթիվ այլ հրապարակումներ ակնհայտ եւ անանուն բազմաթիվ ընդդիմախոսներ ունեին, հիմա, այնուամենայնիվ, փորձելով քրիստոնյա մնալ եւ լավը մտածել նույնիսկ չարակամների մասին սկսում եմ հասկանալ, թե նրանք ինչու էին այդքան կատաղի հարձակվում ինձ վրա: Նրանցից շատերը ըստ երեւույթին անկեղծորեն հավատում էին, որ Քոչարյանի ընտրությամբ իրենց կյանքում իրոք ինչ-որ բան կփոխվի դեպի լավը: Իսկ ես, ստացվում է, իմ թերահավատությամբ, Քոչարյանի ոտքերի ամպոտ լինելու շուրջը «կեղտոտ» կասկածանքներով սասանում էի այդ հավատը, մարդկանց զրկում գոնե մի քիչ էլ խաբված լինելու պատրանքից, քնից փորձում էի արթնացնել հենց այն ժամանակ, երբ երազը դեռ իր երանավետ փուլի մեջ էր, իսկ ապագա մղձավանջները նույնիսկ աղոտ ձեւով չէին գծագրվում հորիզոնի վրա:
Հիշենք. այն ժամանակ վարչապետի կատաղի տրամադրված կողմնակիցների մոտ եթե համարձակվեիր նույնիսկ ենթադրել, թե հենց Քոչարյանի օրոք են բարձրանալու էլեկտրաէներգիայի սակագները, նրանք քեզ ոչ միայն շատ վատ մարդ կհամարեին, այլեւ Քոչարյանի հանդեպ տածվող անսահման սիրուց կարող էին անգամ ճանկռտել աչքերդ: Ես չափից ավելի լավ եմ հիշում գիտությունների մի դոկտորի, որը մինչեւ ընտրությունները կարծես թե նորմալ տղամարդ էր, բայց հենց այդ օրերին սկսեց ապրել ճիշտ այն «բէտէէռ» կանանց սկզբունքով, ովքեր մի ժամանակ աստվածացնում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ հետո…Խոսքն այստեղ, սակայն, մարդկային անոմալիաների մասին չէ…
Չգիտեմ, թե հիմա ինչի մասին են մտածում իմ՝ մեծիվ մասամբ անանուն ընդդիմախոսները (անուն ունեցողների մեջ բացահայտ սրիկաների թիվը մեծ տոկոս էր կազմում եւ հիմա, դեռ հեռվից նկատելով ինձ, նրանք փոխում են մայթը) ու արդյո՞ք կարծում են, թե իրենց կյանքը փոխվել է դեպի լավը: Եթե նրանք ընտրությունների նախօրեին անձնական շահ հետապնդող հետաքրքրություններ չունեին եւ հիմա չեն բազմել փողաբեր աթոռներին, ապա պիտի ընդունեն, որ ինչպես երկրի, այնպես էլ յուրաքանչյուր առանձին վերցրած քաղաքացու կյանքում շատ քիչ բան է փոխվել, եթե չասենք, որ փոխվել է դեպի վատը: Բայց այդ փաստը ազդե՞լ է, արդյոք, նրանց հայացքների վրա, օգնե՞լ է ավելի սթափ գնահատել այն ամենը, ինչ վերջերս տեղի ունեցավ եւ դեռ շարունակում է տեղի ունենալ երկրի կյանքում: Կարծում եմ, հազիվ թե: Ոմանք գոնե արտաքնապես շարունակում էին հավատալ Տեր-Պետրոսյանին նույնիսկ այն ժամանակ, երբ նա ազգը կոտորում էր սովի ու խավարի զենքով: Ըստ երեւույթին, իշխանությունների հանդեպ նման կույր հավատ ունեցող մարդիկ երբեք չեն վերանա: Դա, ընդհանրապես, ցանկացած իշխանության ոսկե ֆոնդն է, նրա թեեւ կեղծ, սակայն հենց թեկուզ սպեկուլյացիայի առումով չափազանց անհրաժեշտ հենարանը, որին եթե նույնիսկ չփորձեն խաբել, ինքը հիմարացնող հաբեր կպահանջի ու առանց վզակոթին հասցված հարվածի կուլ կտա բռերով… Այդպես էր երեկ, նման վիճակ է այսօր, այդպես է լինելու, դժբախտաբար, վաղը. ժողովրդի որոշակի հատվածների մենտալությունը, ի վերջո, մի քանի հարյուր տարին մեկ է փոխվում:
Կարդացեք նաև
…Երբ ԽՍՀՄ-ը դեռ նոր էր կործանվել, իսկ Ռուսաստանը Գայդարի դրոշով արդեն նետվել էր շուկայական հորձանուտը, խորհրդային ժամանակների ռուսաստանյան փիլիսոփա-այլախոհ Գ. Պոմերանցին հարցրին, թե երկիրը դեռ ինչքա՞ն ժամանակ է դեգերելու թշվառության եւ քրեական անհուսության լաբիրինթոսում: Վերջինս, իբրեւ իր ազգությունից չհրաժարված հրեա, նշեց Հին Կտակարանի ժամկետը՝ քառասուն տարի: Եվ բացատրեց, որ հրեա ժողովուրդը Մովսեսի գլխավորությամբ հենց այդքան դեգերեց անապատում, թեեւ վաղուց եւ շատերին քաջ հայտնի ճանապարհը հանգիստ կարելի էր անցնել ընդամենը երկու ամսում:
Պոմերանցը մեծ երկիր ի նկատի ուներ՝ Ռուսաստանը, ուր նույնիսկ 40 տարվա ընթացքում չես վաճառի այն ողջ հարստությունը, որը ժողովուրդը կուտակել է դարերի իր համառ աշխատանքով: Հայաստանի համար այդ ժամկետը վաղուց է լրացել: Կարծես թե ժամանակն է դուրս գալ անապատից, ապրել խոստացված բարեկեցիկ կյանքով, բայց, ինչպես երեւում է, մեր ոտքերը դեռ երկար են խրված մնալու սորուն ավազների մեջ: Եվ ոչ ամենեւին այն պատճառով, որ մեզ դժվարին ու խճճված ճանապարհ բաժին ընկավ: Ինչպես Մովսեսի ժամանակներում, այնպես էլ հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե ո՞վ է առաջնորդում մարդկային ահռելի զանգվածները եւ որքանո՞վ է նրան շահավետ պտտվել նույն տեղում:
Գոյություն ուներ մի միամիտ, որոշ չափով Բագրատյանի կողմից հասարակական գիտակցության մեջ ներդրվող մոլորություն, որ հենց սեփականության վերաբաշխումն ավարտվի, կյանքը նորից նորմալ հուն կմտնի: Ու դարձյալ գտնվեցին մարդիկ, որ հավատացին այս հեռահար ստին եւս ու հիմա ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ, որ թեեւ վերաբաշխումը հիմնականում ավարտվել է, մեր կյանքը դրանից, միեւնույն է, չի լավացել, իսկ գուցե շատ ավելի վատն է դարձել: Իսկ եթե փորձենք հասկանալ, որ վերաբաշխումը, գոնե մեր պայմաններում դադար չունեցող գործընթաց է, որ երկրի նոր տերերը, ինչպես հիմա, անգամ օտարին են փորձելու վաճառել նույնիսկ այն վերջին ծեղը, որի վրա ձեռք բարձրացնելը նախկինում սրբապղծություն էր համարվում, ապա պատրանքներ, թվում է, այլեւս չեն լինի…
Հանուն ինչի՞ է այս ամենը: Եվ ո՞վ իր վրա համարձակություն կվերցնի պնդել, որ այսօր մենք ավելի լավ ենք ապրում, քան երեկ, որ հորիզոնին վերջապես հայտնվել են նորմալ, բարեկեցիկ հասարակություն ունենալու հույսի առաջին ծվենները:
Կարծեմ Բեռնարդ Շոուն է ասել, որ հանուն բարության շատ ավելի արյուն է հեղվել, քան հանուն շահի: Արյուն ու մաղձ, իրոք, շատ է եղել, բայց բարուց կամ բարօրությունից, անվանեք ինչպես ուզում եք, այսօր մենք շատ ավելի հեռու ենք, քան տասը տարի առաջ:
Մի՞թե անապատում դեգերելու ժամկետը ոչ միայն հրեաների համար է քառասուն տարի, եւ մեր հիմնական տառապանքները դեռ առջեւում են: Այդ թվում նաեւ այն ժամանակները, երբ բոլորը պոռնկաբար կնետվեն երկրպագելու Ոսկե հորթին: Իսկ գուցե մենք արդեն սկսե՞լ ենք քանդակել առաջին հայացքից անմեղ թվացող այդ կուռքի արձանը…
ՆԱՐԵԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ