Չնայած 1,5 տարի է մնացել ԱԺ լիազորությունների ավարտին, այնուամենայնիվ, պատգամավորական չորս թափուր տեղեր պետք է լրացվեն։ Այս նկատառումով էլ ԿԸՀ-ն դեկտեմբերի 27-ին նշանակել է լրացուցիչ ընտրություններ։ Հանձնաժողովի դեկտեմբերի 11-ի նիստում ամփոփվեցին հանրապետության 4 ընտրատարածքներում հանձնաժողովների կողմից թեկնածուների գրանցման արդյունքները, հաստատվեցին առաջիկա քարոզարշավում թեկնածուների՝ զանգվածային լրատվության միջոցներից անվճար օգտվելու կարգը եւ քվեաթերթիկների ձեւը։
Աննկատ չմնաց ԿԸՀ նախագահ Մ. Օհանջանյանի մտահոգությունը՝ որոշ ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման գործընթացում ցուցաբերված պասիվության առնչությամբ։ Պրն Օհանջանյանը փաստի մեկնաբանման 2 տարբերակ նշեց.
1. այս խորհրդարանի լիազորությունների ավարտին շատ քիչ ժամանակ է մնում,
2. ԱԺ ղեկավարությունը պատշաճ վերաբերմունք չի դրսեւորել իր իսկ կազմի համալրման խնդրի նկատմամբ։ ԿԸՀ նախագահը միաժամանակ երախտիքի խոսք հղեց ԱԺ պատգամավոր Կ. Ներսիսյանի եւ նրա համախոհների հասցեին, որոնք բավականաչափ օժանդակեցին թեկնածուների առաջադրման գործին։
Կարդացեք նաև
Ի դեպ, 6 թեկնածուներից 5-ը առաջադրվել են քաղաքացիական նախաձեռնությամբ, իսկ մեկը՝ հասարակական կազմակերպության կողմից։ ԿԸՀ նախագահը ներկայացրեց ընտրատարածքային հանձնաժողովների կողմից արդեն գրանցված թեկնածուներին։ Նիստն օրինական համարեց նրանց գրանցումը, նրանց հանձնվեցին վկայականներ։
ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ
Ստեփանակերտ