Մայր աթոռ սբ. Էջմիածին-Անահիտ Ֆերջուլյան գործի մանրամասները վաղուց հայտնի են հանրապետությանը եւ նրանից դուրս։ Սփյուռքի մի քանի թերթեր եւս մեր հրապարակումներն օգտագործելով (առանց աղբյուրը նշելու), անդրադարձել են խնդրին մի քանի օր առաջ։ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ նշանակված Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընդունեց Ֆերջուլյաններին եւ գործի փաստաբան Հայկ Ալումյանին։
Հանդիպումն անցավ «պրոտոկոլի» պահպանմամբ՝ փոխադարձ ժպիտներ, շնորհակալություններ, սիրալիրություններ, սակայն իրականում հարցը մնաց առավել մութ եւ խճողված։ Ֆերջուլյանները հույս ունեին, որ կաթողիկոսի տեղապահն ավելի սրտամոտ կվերաբերվի իրենց խնդրին եւ հարցին կտա դրական եւ ճիշտ լուծում։ Ցավոք, հույսերը չիրականացան, եւ Ֆերջուլյանները հերթական անգամ հիասթափվեցին եկեղեցուց։ Վեհափառ հայրը հանդիպման ընթացքում ապավինեց միմիայն դատարանին, դույզն-ինչ չկասկածելով, թե մեր դատարանն ամենաարդարն է եւ ամենաազնիվը։ Այդպե՞ս է արդյոք։ Հոգեւոր հայրը չթաքցրեց էլ, որ հանդիպումը զուտ ձեւական բնույթ է կրում։ Դե ինչ, մնում է սպասել դատական առաջիկա նիստերին։
Մ. Ե.