Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանկ Օտտոմանից» մինչեւ Եհովայի վկաներ

Դեկտեմբեր 15,1998 00:00
pahpanoxakan

Վազգեն Սարգսյանի՝ «Հանրապետական» կուսակցության խորհրդի նիստում «ծայրահեղ լիբերալիզմի» վտանգի դեմն առնելու մասին խոսելուց մի քանի օր շուտ նույն միտքը փոքր-ինչ այլ առոգանությամբ «Ա1+»-ի եթերում արտասանեց Ազգային պահպանողական կուսակցության խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանը։

Հայաստանի ազգային պահպանողական կուսակցությունը (ՀԱՊԿ) ստեղծվեց 1991-ին Հայ ազգային երիտասարդական միության հիմքի վրա, եւ երրորդն էր, որ գրանցվեց Արդարադատության նախարարության կողմից։ 1992 թ. ՀԱՊԿ առաջնորդ Վահան Հարությունյանի կողմից ղեկավարվող զինված խմբի հարձակումը Ներքին Շենգավիթի թաղամասում ինկասատորի վրա դաշնակների «Բանկ Օտտոմանի» վրա գրոհելուց եւ Կամոյի թիֆլիսյան «էքսպրոտիացիաներից» հետո թերեւս երրորդ աղմկալից դեպքն էր, երբ սեփական գաղափարներն իրականացնելու համար հայ հեղափոխականները դիմում են բանկային կապիտալի «օգնությանը»։ Եթե դաշնակները գնացին այդ քայլին հանուն ազգային հեղափոխության, Կամոն՝ հանուն համաշխարհային հեղափոխության, ապա Վահան Հարությունյանը՝ ընդդեմ համաշխարհային հեղափոխության, որի արդյունքում, ըստ պահպանողականների, Հայաստան են ներմուծվում օտար գաղափարներ։

Դաշնակների եւ Կամոյի դեպքում արդյունքները քաջ հայտնի են, իսկ Վահան Հարությունյանի հարձակման արդյունքում սպանվեց մեկ ինկասատոր, մյուսը՝ հաշմանդամ դարձավ։ 21 տարեկան հասակում սպանվեց նաեւ Վահան Հարությունյանը, միայնակ թողնելով հղի կնոջն ու երեխային։ Կուսակցության մի քանի անդամներ ձերբակալվեցին, մյուսները՝ փախուստի դիմեցին։ ՀԱՊԿ-ը լուծարվեց, քանի որ ազգային բուրժուազիան, որի շահերը պետք է պաշտպանի կուսակցությունը, չէր ձեւավորվել, եւ չէր պաշտպանում ու ֆինանսավորում կուսակցությանը։ 6 տարի անց նորից ՀԱՊԿ անունը հայտնվեց հայկական մամուլում։ Կուսակցության նախագահ է ընտրված Միքայել Հայրապետյանը, որը երբեւէ չի եղել կուսակցության անդամ։

Երկրապահական ընտրական օրենսգրքի ընդունումից հետո, այս կուսակցության վերաստեղծումը հասկանալի է եւ բնական։ Ազգային պահպանողականության անբաժանելի մասն են կազմում փոքրամասնությունների եւ հատկապես «Եհովայի վկաների» դեմ արշավները։ Այդ առիթով պահպանողականները դեկտեմբերի 10-ին ցույց կազմակերպեցին Արարատյան թեմի առաջնորդարանի, ՆԳ եւ ԱԱ նախարարությունների դիմաց։ Սակայն նշյալ նախարարության առաջ խղճի ազատությունը սահմանափակելու, մարդու իրավունքների դեմ արշավ սկսելու պահանջ դնելը ավելորդ զբաղմունք է, քանի որ հիշյալ նախարարությունը սեփական նախաձեռնությամբ է իրականացնում այդ գործը։ Միքայել Հայրապետյանը եւ նրա ուղեկիցներն ավելի ճիշտ կանեին, եթե ցույց կազմակերպեին պաշտպանության նախարարության դիմաց։ Այնտեղ պետք է որ ավելի լավ զբաղվեն, մասնավորապես, կրիշնայականների եւ Եհովայի վկաների ազգային-հայրենասիրական դաստիարակությամբ։

Հասարակության որոշակի խավերի եւ շերտերի նկատմամբ հալածանքներ եւ ճնշումներ սկսելու պահանջի համապատասխան արձագանք չստանալը կարող է վտանգել մեր անկատար եւ փխրուն ժողովրդավարությունը, իսկ ճնշելու այս կոչերից չեն հապաղի օգտվել նրանք, ում պատվերով այսօր ցույցեր են կազմակերպվում։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031