Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ԻՐ ՄԻՏՔՆ ԱՂԱՎԱՂՎԵԼ ԷՐ

Դեկտեմբեր 15,1998 00:00
Albert Bazeyan

Հարգելի պրն Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի 11.12.1998 թ. 238 համարում՝ «Տրամաբանական եզրակացություն» վերնագրի ներքո, խեղաթյուրված է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Խոռխոռունու սպանության առթիվ լրագրողներից մեկի հարցադրմանը տրված իմ պատասխանը (շեշտում եմ, որ եղել է հնչած հարցադրմանը պատասխան, այլ ոչ թե հայտարարություն)։ Իսկ Ձեր թերթի վերը նշված համարում կարդում ենք. «Անդրադառնալով Վ. Խոռխոռունու սպանության խնդրին ԱԺ փոխնախագահ Ա. Բազեյանը «Երկրապահի» ճեպազրույցում հայտարարեց, թե այն հանգամանքը, որ սպանությունը կատարվել է Խոռխոռունու տան շքամուտքում, ցույց է տալիս՝ կատարվածը չի առնչվում Պաշտպանության նախարարությունում նրա գործունեությանը»։

Դեկտեմբերի 11-ին լույս ընծայված մյուս թերթերը՝ խորհրդարանական ճեպազրույցները լուսաբանող իրենց հրապարակումներում ավելի անաչառ են եղել՝ օբյեկտիվ ներկայացնելով իմ ասելիքը եւ թյուրիմացություններից զերծ պահելով իրենց ընթերցողներին։ Ահավասիկ «Հայոց աշխարհ» օրաթերթի 11.12.1998 թ. 228 համարում լրագրողի հարցը եւ իմ պատասխանը տպագրված է բառացիորեն.

«Հարց- Ձեր կարծիքով, դա կապված չէր պաշտպանության նախարարությունում նրա աշխատանքի հետ։

Պատասխան- Չեմ կարող դա հատկապես կապել ՊՆ-ում նրա գործունեության հետ։ Պետք է փաստել, որ Վ. Խոռխոռունին այնուամենայնիվ սպանվել է իր տան շքամուտքում։ Նա կարող էր աշխատել նաեւ մեկ այլ գերատեսչությունում։ Գուցեեւ հետագայում կգտնվեն, այսպես ասած տվյալներ կամ կապեր, բայց այդպիսի ենթադրություններ անելուց առայժմ ձեռնպահ կմնամ»։

Դեկտեմբերի 10-ի ճեպազրույցում հենց այս բովանդակությամբ հարց ու պատասխան են հնչել։ Եվ առնվազն տարօրինակ է, որ «Առավոտ» օրաթերթում ներկայացվում է ճեպազրույցում իմ պատասխանի ընդամենը մեկ դրվագը՝ այն էլ թեմայի բովանդակությանը անհարիր հեգնանքով։ Ավելին, «Առավոտ» օրաթերթի արդեն հաջորդ՝ 12.12.1998 թ.-ի 239 համարում, Ձեր ստորագրությամբ տպագրված ռեպլիկում փորձել եք մեկնաբանություններ կատարել թերթի նախորդ օրվա՝ արդեն իսկ հիշատակված ապատեղեկատվության հիման վրա։

Պրն Աբրահամյան, կարծում եմ, որ ճեպազրույցում իմ խոսքի թյուրըմբռնումը եւ Ձեր թերթի դեկտեմբերի 11-ի եւ 12-ի մեկնաբանությունները արդյունք են կամ օրաթերթի խորհրդարանական թղթակցի եւ գլխավոր խմբագրի կանխակալ վերաբերմունքի, կամ էլ լրագրողի «բարձր պրոֆեսիոնալիզմի» եւ թերթի գլխավոր խմբագրի անփութության։ Խորհուրդ եմ տալիս իմ անալիտիկ ընդունակությունները գնահատելուց առաջ հետեւել օրաթերթի լրատվությանը, որպեսզի այն լինի օբյեկտիվ, իսկ դրանց հիման վրա պատրաստված վերլուծական հոդվածներն ու մեկնաբանությունները՝ հիմնավորված։

Հարգանքով Ա. ԲԱԶԵՅԱՆ

Թե որքանով է տարբերվում «Առավոտի» մեջբերած լուրը «Հայոց աշխարհից» մեջբերած պատասխանից, թողնում ենք ընթերցողի դատին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031