Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏԺԵԼՈԻ «ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ»

Դեկտեմբեր 15,1998 00:00
Aram Abrahamyan

Քանի որ «պատիժների» թեման շարունակում է քննարկվել մեր հասարակության տարբեր խավերում, հիշենք, որ գոյություն ունի հասարակական չարիքների դեմ պայքարելու երկու ձեւ՝ բոլշեւիկյան եւ քաղաքակիրթ:

Բոլշեւիկյանը բոլորս գիտենք՝ արգելել, պատժել, ջարդել, փշրել: Որոշ սահմաններից դուրս այդ եղանակն անարդյունավետ է. հնարավոր չէ, օրինակ, ամեն շքամուտքում ոստիկան կանգնեցնել, որպեսզի քաղաքացիներն այնտեղ չկեղտոտեն: Պարզապես քաղաքակիրթ երկրներում գիտեն, որ շքամուտքում միզելը տգեղ է, հակագեղագիտական, անպարկեշտ: Ճիշտ այնպես, ինչպես կոմունիստ լինելը կամ այլազգիներից «թշնամու կերպար» սարքելը: Նորմալ չէ կոմունիստների կամ ազգայնականների գործունեությունը արգելելը. հավատում ես պրոլետարիատի դիկտատուրային կամ վստահ ես, որ քո բոլոր դժբախտությունների պատճառը հրեաներն են /թուրքերը, չեչենները, ռուսները, հայերը, նեգրերը/, քո գործն է, հավատա եւ քարոզիր: Սակայն զարգացած երկրում այդ քո քարոզը ոչ մի արձագանք չի ունենա եւ լավագույն դեպքում կընկալվի որպես զառանցանք:

Այո, «այնտեղ» ամեն ինչ որոշում է Հայաստանում այսօր ոչ մի բնագավառում չգործող /եւ այդ պատճառով, հավանաբար, ամենօրյա անեծքների արժանացող/ շուկայական մեխանիզմը, ըստ որի, տվյալ նյութական կամ հոգեւոր արտադրանքի արժեքը եւ նշանակությունը որոշվում է այդ ապրանքը գնելու ցանկություն ունեցողների թվով: Հնարավորություն ունե՞ս, միլիոնավոր տպաքանակով արտադրիր, ասենք, Վիլյամ Սարոյանի հայ չլինելու մասին բրոշյուրներ՝ ոչ ոք քեզ չի արգելում: Այդ բրոշյուրի լավագույն եւ ճշգրիտ գնահատականը կլինի նրա գնողների քանակը: Արտադրանքդ գնելով՝ քեզ կքաջալերեն, չգնելով՝ կպատժեն: Սա է ամենադաժան եւ ամենաարդար պատիժը:

Մի քանի օրինակ: 1994 թվականի միտինգներում Աշոտ Մանուչարյանը միանգամայն իրավացիորեն հարձակվում էր մեր կյանքն ապականող «տոնտոն-մակուտների» վրա /այդպես էին կոչվում Հայիթիում ժողովրդին կեղեքող զինվորականները/: Այսօր, ոմանց կարծիքով, նույն «մակուտները» ստեղծում են իրենց կուսակցությունը, մեծամասնություն ունեն ԱԺ-ում, ջախջախիչ հաղթանակ են տանելու նոր խորհրդարանական ընտրություններում եւ տիրապետել են բազմաթիվ տնտեսական լծակների: Պրն Մանուչարյանը, սակայն, Թատերական հրապարակ դուրս չի գալիս: Հավանաբար, նա գտնում է, որ «տոնտոնները» ինչ-որ հրաշքով չքացել են կամ էլ կախարդական փայտիկի շարժումով վերափոխվել են Ձյունանուշիկների եւ սպիտակ կարապների:

Պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանն իր ամբողջ գիտական կարիերան կառուցել էր Դաշնակցությանը փնովելու վրա: Այսօր նա «ազգային գլխավոր գաղափարախոս», ՀՅԴ ճանաչված գործիչ Էդվարդ Հովհաննիսյանի անպաշտոն տեղակալն է «գիտական գծով»: Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն իր գրական առաջին քայլերն էր անում Ստալինին գովերգելով: Հիմա նա բազմաչարչար հայ ժողովրդի դառը ճակատագրի գլխավոր քնարերգուներից մեկն է:

Քաղաքակիրթ երկրներում նման մարդկանց ոչ թե արգելում են գրել կամ խոսել՝ գրելն ու խոսելը նրանց անառարկելի իրավունքն է, որի վրա ոչ մեկը չի կարող բռնանալ: Պարզապես նման վարքագծի հետեւանքով այդ գործիչների հասարակական վարկանիշն այնքան է ընկնում, որ նրանց գրքերն այլեւս ոչ ոք չի առնում, չի կարդում նրանց ասածն այլեւս ոչ ոք բանի տեղ չի դնում: Իսկ եթե նրանք շարունակում են մեր հասարակության կողմից ընկալվել որպես իմաստուններ եւ «աքսակալներ», ապա նրանց փոփոխվող հայացքները շարունակում են լայն սպառում ունենալ, եւ այստեղ տվյալ մարդկանց մեղքը չկա:

Ճիշտ նույնն է պատգամավորների հարցը. պետք չէ օրենսդրորեն արգելել նրանց առնետությունը: Պարզապես քաղաքակիրթ երկրում ընտրողները հետ են կանչում այն պատգամավորներին, ովքեր 2,5 տարի մտնում էին նախագահի, մեղմ ասած, աչքը, իսկ այս տարվա փետրվարին հանկարծ պարզեցին, որ նույն նախագահը «պարտվողական դավաճան» է եւ «սպիտակ ջարդ կազմակերպած ժողովրդի թշնամի»: Հաջորդ անգամ նման գործիչներին, բնականաբար, չեն ընտրի եւ, ընդհանրապես, նման դավանափոխների քաղաքական կարիերայի վրա խաչ է քաշվում: Բայց քանի որ հաջորդ ԱԺ-ի ցուցակն արդեն կազմված է /կամ շուտով կկազմվի/ համապատասխան ուժային նախարարություններում, ճշմարիտ «շուկայական մեխանիզմն» այստեղ էլ չի գործի: Գործելու է «բազարի մեխանիզմը»՝ ով ավելի հաջող ձեւով կմտնի ներկա ղեկավարության, մեղմ ասած, աչքը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031