Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԼՔՎԱԾ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԿԻՐՃԸ»

Դեկտեմբեր 11,1998 00:00
erexa

Ընդունված է ասել, որ կանայք են լքում իրենց երեխաներին, եւ ոչ, ասենք՝ մայրն ու հայրը երեխային թողեցին ծննդատանը։ Սա գուցե անտրամաբանական է, սակայն միանգամայն բնական. կնոջ մեջ մայրական բնազդը շատ ավելի ուժեղ է, քան տղամարդու մեջ՝ հայրականը։ Դրա համար էլ լքված փոքրիկի հանդիպելիս շտապում ենք դատապարտել «անսիրտ» մորը եւ մոռանում «անջիգյար» հայրիկի մասին։ Սակայն եթե նույնիսկ անարգանքի սյունին էլ գամենք վերջինիս, լքված երեխան դրանից ավելի երջանիկ չի դառնա։

Իսկ ինչպե՞ս, ինչո՞ւ եւ հաճա՞խ են մարդիկ հրաժարվում իրենց լույս աշխարհ բերած զավակներից։ Եթե ընդհանրապես հնարավոր է ստանալ նման հարցերի պատասխանները, գուցե թե՝ միայն ծննդատներում։

Երեւանի կենտրոնական ծննդատներից մեկում, իհարկե, չհաջողվեց «բռնացնել» այդպիսի կնոջ, սակայն բժիշկները բավականաչափ բաներ պատմեցին։ Ընդ որում՝ իրարամերժ։ Ասենք, ընդունարանի վարիչը դժգոհում էր, որ հիմա մեզ (հավանաբար՝ հայերիս) համար շատ, նույնիսկ շատ-շատ են թողնում երեխաներին։ Մինչդեռ մեթոդբաժնի վարիչն ասում էր, որ դեպքերը քիչ թե շատ հաճախացել են միայն այն ծանր տարիներին։ Իսկ վերջին երկու տարիներից միայն երկու դեպք հիշեց։ Ծնողները մի նորածնի պետությանն էին հանձնել, որովհետեւ փոքրիկն արատով էր ծնվել՝ կիսատ ձեռքով։ Մյուսի ընտանիքում էլ անհաշտություն է եղել, եւ վեց ամիս պայմանական ժամանակով թողած երեխան այդպես էլ մնացել է մանկատանը։ Միշտ չէ, որ բնածին արատով երեխան մնում է առանց ծնողների. թեթեւ պլաստիկ վիրահատությամբ հնարավոր է վերացնել «գայլի երախ», «նապաստակի շրթունք» պաթոլոգիաները։

Այն, որ Կենտրոնի այդ ծննդատուն իր երեխային թողնելու մտադրություն ունեցող կինը չի գնում, բաժնի վարիչը բացատրեց իրենց հիմնարկության՝ էլիտար լինելու հանգամանքով։ Մինչդեռ գլխավոր բժիշկը բոլորովին այլ բան էր ասում։

Երկրաշարժից հետո առաջին մի քանի տարիներին ծննդաբերող կանանց տարիքային ցենզը շատ բարձր է եղել, եւ ոչ ոք չի լքել իր երեխային։ Իսկ վերջին երկու-երեք տարիներին նորածիններից հրաժարվելու դեպքերի աճի միտում է նկատվում։

Սա էլ է պրոցեդուրա

Ծննդատների պրակտիկայում գոյություն ունի «հրաժարման բլանկ»։ Սա երկու տեսակ է լինում՝ ժամանակավոր (վեց ամսով) եւ (մյուսը հատուկ անուն էլ չունի), այսպես կոչված՝ մշտական հրաժարման։ Երկու դեպքում էլ երեխային ուղեգրով հանձնում են մանկատուն (արատներով եւ այլ շեղումներով երեխաներն ուղարկվում են Գյումրիի հատուկ մանկատուն)։ Այս նորածինների անկետաները (այսպես կոչված, иммитация родов) պահվում են հատուկ չհրկիզվող պահարաններում, որտեղից, անհայտ է, թե ինչ դեպքերում կարելի է այն դուրս բերել։ Կան մարդիկ՝ հիմնականում կանայք, որոնք տարիներ հետո իրենց ծննդյան պատմության մեջ մութ ու անորոշ դրվագներ նկատելիս, դիմում են ծննդատուն՝ ճշմարտությունն իմանալու հույսով։ Իսկ թե օրենքով ինքն իրավունք ունի՞, թե՞ ոչ այդ մարդկանց ցույց տալու իրենց ծննդյան անկետաները, գլխավոր բժիշկը չգիտի, եւ նրան այդ կարծես առանձնապես չէր էլ հուզում. «Ձգձգում ենք, մի քանի օր, շաբաթ տանում-բերում ենք։ Համոզում, որ մայրը նա չէ, ով ծնել է, այլ՝ պահող-մեծացնողը»։ Համոզման նույն մեթոդը չի գործում իր զավակից հրաժարվող մոր համար։ Բժիշկներից ոմանք գտնում են, որ եթե կինը հասել է այդ աստիճանին, ապա ամեն ինչ ավելորդ եւ անիմաստ է։

«Մուշտարու» սպասելիս

Ժամանակավոր հրաժարման բլանկներ լրացնում են հիմնականում այն կանայք, ովքեր մտադիր են ոչ թե պարզապես լքել իրենց զավակներին, այլ «այդ գործից», մեղմ ասած, շահույթի ակնկալիքներ ունեն։ Ուղղակի մինչեւ ծննդաբերությունը չեն հասցրել «գնորդ» գտնել եւ հույս ունեն գտնել վեց ամսվա ընթացքում։

Այդ ծննդատանն ընդամենը երեք օր առաջ լրացվել է մի հրաժարման բլանկ, պատրաստվել է նաեւ մանկատան ուղեգիրը։ Հանկարծ կինը «փոշմանել» է, վերցրել երեխային եւ դուրս գրվել։ Հետո ծննդատանը իմացել են (թե ինչպես, այդպես էլ չասացին), որ «մայրը» «գնորդ» է գտել իր երեխայի համար։

Ժամանակավորապես իրենց երեխաներից հրաժարվում են նաեւ այն կանայք, որոնց ընտանիքում ինչ-որ հարցեր կան լուծելիք (հիմնականում՝ ամուսիններին կամ սկեսուրներին համոզել, վերցնել, ասենք՝ հինգերորդ աղջիկ-զավակին)։

«Ձեզ գնորդներ չե՞ն դիմում»

Այսպիսի հարցով գլխավոր բժշկին դիմել է մի գեղեցիկ երիտասարդ կին՝ մի երեխայի (յոթ տարեկան) ձեռքից բռնած, մյուսը՝ դեռեւս կրծքի տակ։

Բժիշկը չժխտեց (չհաստատեց էլ), որ «գնորդներ» իրենց իսկապես դիմում են, սակայն նման գործարքի մեջ մտնելը քրեորեն պատժվում է, եւ բժիշկներն իհարկե բացեիբաց գործելուց հրաժարվում են։ Սա չի խանգարում, որ իր «հարեւան հիանալի զույգին, որը տարիներ շարունակ երեխա չի ունենում», ծննդատան բժիշկը հայտնի, որ մի կին պատրաստվում է հրաժարվել իր երեխայից։ Հասկանալի է, որ նման լավություններն առանց մաղարիչի չեն արվում, մաղարիչն էլ տարբեր չափերի է լինում։ Ի դեպ, երեխաներ «առնելն» ավելի հեշտ է, քան հետեւելով օրենքի տառին, փորձել օրինապես որդեգրել նրան։ Առողջության, բնակարանային պայմանների, աշխատանքի առկայության եւ աշխատավարձի չափերի մասին տեղեկանքներն անհրաժեշտ է ներկայացնել համայնքի ղեկավարություն, Երեւանում՝ քաղաքապետարան։ Որդեգրման հանձնաժողովը, որ ամիսը մեկ-երկու անգամ է հավաքվում, համապատասխան փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո, կտա թույլտվություն՝ քաղաքապետի ստորագրությամբ։ Կամ չի տա։ Իսկ դա տեւում է ամիսներ։

Այս ամենով հանդերձ, դարձյալ շատ են մարդիկ, որոնք երեխա են ուզում որդեգրել եւ ձեւերի մեջ էլ արդեն ընտրություն չեն անում։

«Սա մաքսանենգ ապրանք չէ»

Ծննդատանը պատմում են, որ երեխա վերցնելու համար իրենց դիմում են նաեւ արտասահմանցիները։ Նրանց թույլտվության հարցն արդեն կառավարության կոմպետենցիայի մեջ է։ Իրենց դիմած մի քանի կանադացիների եւ իրանահայերի գլխավոր բժիշկը ցույց է տվել ՀՀ կառավարության ճանապարհը։ Այնտեղից նրանք այլեւս «չեն վերադարձել»։ Ենթադրվում է, որ մերժվել են։ Ծննդատանն ասում են, որ արտասահմանցիները հաճախ երեխային դրսում վաճառում են՝ կամ «ամբողջությամբ», կամ «մաս-մաս» (որպես զանազան օրգանների բաժանորդների)։

Իմացած լինեք

Վերջին տարիներին իրենց երեխաներից հրաժարվում են ոչ միայն այն կանայք, ովքեր մտադիր են վաճառել նրանց, այլեւ ռուսաստաններում իրենց ընտանիքների հոգսը հոգացող տղամարդկանց կանայք (իհարկե, ոչ բոլորը)։ Գլխավոր բժիշկը սա էլ (երեխա ունենալը, ո՛չ հրաժարվելը) մարդկային համարեց. «Ջահել կանայք են, ամուսինները գնում են, տարիներով չեն գալիս։ Նրանք էլ ուրիշի հետ են կապվում»։

Վերջում

Մի կին մտավ մետրոյի վագոն եւ այնպիսի մի «բուրմունք» տարածեց շուրջը, որ մենք նստած մնացինք բացառապես բարեկրթությունից դրդված։ Նույն տեսքն ու «բույրն» ուներ նաեւ նրա երեխան։ Պարզվեց, որ այդ կինը ամիսը 500 դրամ վարձ տալով, ինչ-որ խցում է ապրում, չոր սպիրտի վրա ճաշ եփում։ Իսկ երեխային մանկատուն չի հանձնում, որովհետեւ «իմ ուրախությունն ա, էլ ինչի՞ եմ բերել»։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031