«Միշտ ճշմարիտն ասեք։ Ճիշտ բաներ շատ ասեք։ Շատ ավելի ճշմարիտ բաներ ասեք, քան ձեզնից սպասում են։ Երբեք չասեք ամբողջ ճշմարտությունը»,- ուսուցանում են մարքեթինգի դասագրքերը։
Մեր տնտեսական ղեկավարությունը, հավանաբար, հրաշալի յուրացրել է այս միտքը։ Եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մի հատվածը՝ «երբեք չասեք ամբողջ ճշմարտությունը» խորհուրդը։ Արդեն մի քանի ամիս է՝ փորձում ենք պարզել, թե վերջապես սեփականաշնորհման քանի վաուչեր է բաժանվել բնակչությանը։ Դրանք, ինչպես հայտնի է, ուժի մեջ են մինչեւ 1999թ. հունվարի 1-ը։
Սեփականաշնորհման առաջին փուլի եւ առաջին ծրագրի համար հաշվարկված վաուչերները չորս տարի մնացին շրջանառության մեջ եւ «սպասարկեցին» սեփականաշնորհման երկրորդ ու երրորդ փուլ ծրագրերը։ 20 հազար դրամ անվանական արժեք ունեցող այդ արժեթուղթն իր գործունեության միայն վերջին շրջանում սկսեց արդարացնել իր վրա դրված բարձր պարտավորությունը։ Միայն վերջին ամիսներին սեւ (կամ սպիտակ) շուկայում սերտիֆիկատի արժեքը մոտեցավ հայտարարված անվանական արժեքին։ Այսօր եւս վաուչերի արժեքը շուկայում շարունակում է անհասկանալի տատանվել։ Վերջին օրերին այն կտրուկ իջել է։ Երեւանի «ամենաբորսային» թաղում՝ կինո «Երեւանի» հարեւանությամբ գործող տարադրամի փոխանակման կետերը երեկ վաուչերի գնման գին սահմանել էին 18500 դրամ, սակայն չէին գնում։ Վաուչեր գնող միակ կետն այն գնում էր 18 հազար դրամով։ Վաճառքի գինն ընդհանուր նույնն էր՝ 19 հազար դրամ։ Մի քանի օր առաջ գները 600-800 դրամով բարձր էին։ Գների նվազումը հնարավոր է, որ շուկայական բացատրություններ ունի։
Ամենեւին էլ պետք չէ կասկածել, որ մեր տնտեսական մեծ ու փոքր պաշտոն զբաղեցնող ղեկավարները կկարողանան բացատրել այս տատանումը։ Հնարավոր է, որ այդ բացատրության ընթացքում ճիշտ բաներ շատ ասեն։ Սակայն երբեք չեն ասի այն, ինչ սպասում են նրանցից։ Նրանք այսօր մի մեծ ու շատ լուրջ խնդիր ունեն։ Դեռ երկու ամիս առաջ պետական լրատվամիջոցներով տարածած խրոխտ ու հպարտ հայտարարություններով նրանք բոլորիս բացատրում էին, որ սեփականաշնորհման սերտիֆիկատների հետ ոչ մի մութ պատմություն չկա։ Մանրամասն պատմում էին, թե ինչ խնամքով ու գուրգուրանքով են ոչնչացրել ներդրված ամեն մի վաուչեր, ինչ լուրջ ու խիստ հաշվառում-հսկողություն են իրականացրել այդ գործի նկատմամբ։ Արժեթղթերի մասին ցանկացած դասագրքում կարելի է կարդալ հետեւյալ խորհուրդը. արժեթղթեր թողարկողը կարող է վստահ լինել, որ դրանց 3-5%-ը սովորաբար կորչում է։ Այսինքն, չի ներկայացվում մարման։ Հայաստանում մի քիչ դժվար է պաշտոնական միանշանակ պատասխան ստանալ, թե ի վերջո քանի վաուչեր է դրվել շրջանառության մեջ։ Ի վերջո, պաշտոնապես հայտարարվող թվերից ամենամեծը 3 մլն 187 հազար 387-ն էր։ Երբ մարվող վաուչերների քանակը սպառնագին մոտենում էր այս պաշտոնական ցուցանիշին, մեր պաշտոնատարները հորինեցին մի պատասխան, թե հայ ժողովուրդը ուրիշ ժողովուրդ է։
Կարդացեք նաև
Հայը խիստ ուշադիր է իր ունեցվածքի նկատմամբ։ Փաստորեն, անցած չորս տարիների ընթացքում ոչ մի հայ չի կորցրել իր սեփականաշնորհման վաուչերը, ոչ մի հրդեհված բնակարանում այն չի այրվել, ոչ մի ջրում չի թրջվել։ Բոլորը մեկիկ-մեկիկ ներկայացվել են մարման։ Այս բացատրությունը փառահեղորեն գոյատեւեց մեկ-երկու ամիս՝ մինչեւ նոյեմբերի 15-ը։ Այդ օրը պարզվեց, որ արդեն մարվել է 3 մլն 187 հազար 333 հատ։ Այսինքն՝ պաշտոնապես հայտարարվեց, որ շրջանառության մեջ մնացել է ընդամենը 54 հատիկ վաուչեր։ Նոյեմբերի 15-ից հետո վաուչերային սեփականաշնորհումը, բնականաբար, շարունակվում է, եւ այսօր չկա պաշտոնական որեւէ պատասխան, թե անցած օրերի ընթացքում քանի վաուչեր է մարվել։
Փաստորեն, արդեն մարվում է ավելի շատ վաուչեր, քան պաշտոնապես բաժանվել է։ Կինո «Երեւանի» թաղի փոխանակման կետերից մեկում կար 141 հատ սեփականաշնորհման սերտիֆիկատ։ Ճիշտ է, պետական հեռուստատեսությունն այլեւս չի շտապեցնում տնօրինել դեռեւս չներդրված արժեթղթերը՝ ինչպես մի ամիս առաջ, սակայն դրանք, բնականաբար, մինչեւ հունվարի 1-ը ներդրվելու են։ Փաստորեն, մեր պաշտոնատարների առջեւ համարյա անլուծելի խնդիր է դրված։ Մոտ օրերս հարկավոր է հորինել արհեստավարժ, բայց հոդաբաշխ մի բացատրություն այդ մասին։ Ընդ որում, հորինվածքի մեջ խոսք անգամ չպետք է լինի այն մասին, որ ֆինանսների նախարարությունը եւ «Հայխնայբանկը» թույլ են տվել «մարված» վաուչերների կրկնակի շրջանառություն։ Իսկ առանց այս «տհաճ» մտքի հնարավոր չէ բացատրել վաուչերների «ավելցուկի» փաստը։ Չնայած չի կարելի բացառել հնարավոր այն տարբերակը եւս, որ պաշտոնապես չի հրապարակվի, թե քանի արժեթուղթ է մարվել դեկտեմբերի 1-ի եւ 15-ի եւ 1999 թ. հունվարի 1-ի դրությամբ։ Իսկ հունվարի 1-ից գլխից էլ կազատվենք, գլխացավից էլ։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ
Բարև ձեզ, որ խնդրեմ կասե՞ք ինչպես կարող եմ այդ նշված վաուչերից վաճառել։
Հարգելի Սոֆի, 1998 թվականի հրապարակում է։