Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑԻՆ ՇԱՐԺՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՅՈՎ

Դեկտեմբեր 11,1998 00:00
mayr ator

Երբ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, եւ նրան հետեւեցին իր բազմաթիվ թիմակիցները, քաղաքական դիտորդները նշում էին, որ ինչ որ կերպ հրաժարական է տալու նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն: Սակայն քանի որ Հայ Առաքելական եկեղեցու կանոնադրությունը կաթողիկոսի հրաժարականի մեխանիզմ չի ենթադրում, պետք էր սպասել այլ զարգացումների: Դրանք երկար սպասեցնել չտվեցին: Այս տարվա սկզբներին կաթողիկոսը բուժման նպատակով մեկնեց ԱՄՆ, եւ վերջերս հայտնի դարձավ, որ նա իր փոխանորդ (եւ ոչ տեղապահ) է նշանակել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոսին: Սակայն մի քանի տողով արժե անդրադառնալ Հայ Առաքելական եկեղեցու վերջին տարիների զարգացումներին: Խորհրդային տարիներին կարծես ամեն ինչ հստակ էր՝ գոյություն ունեին Մայր աթոռը եւ Դաշնակցության համակիր Կիլիկիո կաթողիկոսությունը:

Խ.Միության փլուզումից հետո, ազգային զարթոնքի բուռն տարիներին սկսեցին խոսել նաեւ հոգեւոր ոլորտում ստեղծված վիճակը կարգավորելու, Առաքելական եկեղեցու պառակտումը վերացնելու մասին: Վազգեն Ա-ի գործունեության վերջին տարիներին, կարծես, դրա նախադրյալները կային. Էջմիածինը եւ Անթիլիասը անց էին կացնում համատեղ «միջոցառումներ», դադարել էր միմյանցից թեմեր խլելը՝ «թեմական պատերազմը», կարծես կարգավորվում էին նաեւ Պոլսի եւ Երուսաղեմի Պատրիարքարանների հետ հարաբերությունները: Բացի այդ, խորհրդային վարչակարգի փլուզումից հետո հաստատված իրողությունները, խղճի ազատության հռչակումից ի վեր կրոնական տարբեր համայնքների, աղանդների սանձարձակ գործունեությունը, Ղարաբաղյան պատերազմը ընդարձակ ասպարեզ էին բացում համատեղ գործունեության համար: Վազգեն Վեհափառի մահվանից հետո, սակայն, մանավանդ կաթողիկոսի ընտրության ընտրարշավում ի դերեւ ելավ իրականությունը: Բուռն ընտրարշավը ցույց տվեց, որ արտաքին փայլի տակ մեր հոգեւոր իշխանությունը բազում չբացված, չերեւացող ծալքեր ունի:

Հայոց պատմության, եւ մասնավորապես 301թ. հետո, երբ պաշտոնապես քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն, Հայ եկեղեցին, պետք է ասել, երբեք էլ միասնական չի եղել: Դեռեւս քրիստոնեության ընդունման առաջին տարիներին սուր է եղել պայքարը Տիրոջ գահի համար մի կողմից բնիկ հայ Աղբիանոսների, մյուս կողմից օտարազգի Գրիգորյանների միջեւ: Վերջիններս, ստանալով Հայաստանի ոչ բնիկ նախարարական տների աջակցությունը, գլխովին ոչնչացնում են Աղբիանոսներին եւ հաստատում իրենց գերիշխանությունը, որը երկար ժամանակ արտահայտվում էր գահը ժառանգաբար փոխանցելով:

Այդ ժամանակներից սկսյալ, ինչը նաեւ հետեւանք էր անկախ պետականության դարավոր բացակայության, եկեղեցին առանձնահատուկ դեր է խաղացել մեր ժողովրդի պատմության մեջ: Եւ քանի որ այդ դերը չափազանց մեծ է եղել, ըստ այդմ եկեղեցու պատմությունը լի է թե իրապես փառավոր, թե խայտառակ իրադարձություններով: Եւ քանի որ մեր երկիրը նաեւ մշտապես կիսված է եղել տարբեր կայսրությունների միջեւ, պատմական ողբերգությունների հետեւանքով հայերը հոծ խմբերով ցրվել են աշխարհով մեկ, եկեղեցին էլ չէր կարող անմասն մնալ իր երկրի ու ժողովրդի ճակատագրից: Դրանով կարելի է նաեւ բացատրել այն բանը, որ պատմության տարբեր շրջադարձերում եղել են մի քանի կաթողիկոսություններ, պատրիարքություններ եւ այլն:

Խորհրդային Միության գոյության օրոք եկեղեցին հասել էր յուրահատուկ ստատուս-քվոյի՝ երկու կաթողիկոսություն՝ Մայր աթոռ եւ Անթիլիաս, ինչպես նաեւ Կ.Պոլսի եւ Երուսաղեմի պատրիարքարաններ: Հայ եկեղեցու երկու մասերի միջեւ խուլ քաղաքական-գաղափարական պայքար էր ընթանում, որն արտահայտվում էր հիմնականում «թեմական պատերազմի» տեսքով: Մայր աթոռի ետեւում կանգնած էին Խորհրդային պետությունը իր տարբեր «հատուկ» եւ «հասարակ» ծառայություններով, Ռամկավար ազատական կուսակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, զանազան կառույցներ: Դրանից բացի, տարբեր երկրներում գտնվող եկեղեցական թեմերը նաեւ «սեփական» կապերն ունեին այդ երկրներում: Անթիլիասի ետեւում ՀՅ Դաշնակցությունն էր իր կառույցներով, Արեւմուտքը: Եւ երբ Վազգեն Վեհափառի մահվանից հետո պետք է ընտրվեր նոր կաթողիկոս, այս ամենը ջրի երես ելավ:

1995թ. կաթողիկոսի ընտրության հիմնական հավակնորդներն էին Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոսը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոսը, Մոսկվայի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոսը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ եպիսկոպոսը, Մեծի Տանն կաթողիկոս Գարեգին Բ-ն: Վերջինս իշխանությունների թեկնածուն էր, եւ ամենաքիչ հնարավորություններն ուներ հաղթելու: Այդ ժամանակ ՀՀ իշխանությունները կանգնած էին ընտրության առաջ: Նախ, Երուսաղեմի առաջնորդը, որը Վազգեն Ա-ի մահվանից հետո կաթողիկոսի տեղապահն էր եւ լայն հեղինակություն ուներ: Սակայն նրա գործունեությունը մթագնվում էր Երուսաղեմի Պատրիարքարանի գործերի վիճակով: Հայկական մամուլը բազմիցս անդրադարձել է թե այդ ժամանակ, թե դրանից հետո Պատրիարքարանի վիճակին, եկեղեցապատկան կալվածքների վաճառքին, որի հետեւանքով Իսրայելի կառավարությունը հնարավոր էր դարձնում իր օրինական ներկայությունը պաղեստինյան գրավյալ տարածքներում:

Ասում են, Պատրիարքը պայքարում էր դրա դեմ, սակայն ի վիճակի չէր կանխել: Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոսի հնարավորությունները ամենաբարձրն էին գնահատվում: Բացի նրանից, որ Արարատյան թեմը առանձնահատուկ տեղ ունի մյուս թեմերի համեմատ, Գարեգին Սրբազանը նաեւ վայելում էր Սփյուռքի ազդեցիկ կառույցներից Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությունը: ՀԲԸՄ օգնությամբ, ինչպես նաեւ իր բուռն հոգեւոր-եկեղեցական գործունեության շնորհիվ Գարեգին սրբազանը բարեկարգեց իր թեմը, բազմաթիվ դրական գործեր կատարեց: Նրա ընտրությանը խանգարեց, ըստ տարբեր տեղեկությունների, իշխանությունների, մասնավորապես այն ժամանակվա ուժային կառույցների միջամտությունը: Պետք է նկատել, որ ընտրություններից հետո ՀԲԸՄ-ն գրեթե դադարեցրեց ֆինանսական օգնությունը Հայաստանին, սրվեցին նրա ղեկավարների եւ ՀՀ իշխանությունների հարաբերությունները:

Տիրան արքեպիսկոպոսի համար եւս բարեխոսներ եղան. Ռուսաստանի խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Շումեյկոն մի քանի անգամ կապվել էր Հայաստանի ղեկավարության հետ եւ հայտնել, թե Ռուսաստանը Մայր աթոռում կուզեր տեսնել Տիրանին: Այս ամենը ակնհայտ էր դարձնում այն իրականությունը, որ Հայոց կաթողիկոսի ընտրությունը այնքան էլ ներազգային խնդիր չէր. դրան մասնակից էին զանազան երկրների բարձր ղեկավարները: Այս պայմաններում Հայաստանի ղեկավարները գնացին մի տեսակ փոխզիջման՝ պաշտպանելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս արեգին Բ-ին: Ընտրությունը հիմնավորվում էր Եկեղեցու միասնության, առկա արատավոր երեւույթները վերացնելու անհրաժեշտությամբ: Սակայն ընտրություններից հետո իրավիճակը ոչ միայն դեպի բարելավում չգնաց, այլեւ շարունակվեց ինչպես «թեմական» պատերազմը, այնպես էլ ներեկեղեցական խուլ պայքարը: Վատացան գործերը նաեւ Պոլսի եւ Երուսաղեմի Պատրիարքարաններում: Իսկ վերջերս էլ Մայր աթոռի բարձրաստիճան սպասավորը ձերբակալվեց եւ մեղադրվում է աշխարհիկ բավական տհաճ մեղքերի մեջ:

Ինչպես նշեցինք, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո շատերն էին խոսում Գարեգին կաթողիկոսի հեռացման մասին: Նոր նախագահի երդման արարողությանը արտասանելով իր փայլուն մաղթանք-ճառը, կաթողիկոսը կարծես կամովին հեռացավ ասպարեզից: Դրան էին ձգտում հատկապես մի քանի բարձրաստիճան հոգեւորականներ: Արդեն երկար ժամանակ կաթողիկոսը արտերկրում է՝ բուժվելու նպատակով, եւ նրա բացակայությամբ փոխանորդ է նշանակվել Արարատյան թեմի առաջնորդը: Սովորաբար նման հոդվածների վերջում խոսում են այն մասին, որ եկեղեցին մեր ժողովրդի կյանքում մեծ դեր ունի, եւ այն միշտ պետք է հոգեւոր մխիթարություն տա իր հոտին, հեռու պահի գայթակղությունից ու չարությունից: Եւ միշտ պետք է լինի զորեղ, ազգաշահ, եւ այլն: Սրանք իսկապես վիճարկելի խոսքեր չեն: Եւ Աստված առողջություն եւ երկար կյանք տա Գարեգին կաթողիկոսին. այլապես Առաքելական եկեղեցին չի դիմանա նոր ընտրությունների այս ժամանակներում:

ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031