Հերթական ոչ լեգիտիմը
ԱԻՄ-ը որոշեց, թե ով է տարվա լավագույն իրավապաշտպանը եւ նրան տվեց 300 հազար դրամ, իսկ ամենավատ լրագրողին՝ սեւ ակնոց եւ մեկ տուփ բամբակ։
Մրցութային հանձնաժողովի անդամներ՝ ոչ ԱԻՄ-ական Պերճ Զեյթունցյանը, Արմեն Հովհաննիսյանը, Լյուդմիլա Հարությունյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը ներկա չէին մրցանակաբաշխությանը։ Ներկա չէր նաեւ Պարույր Հայրիկյանը։ Բայց դրա փոխարեն ներկա էին ԱԻՄ-ականներ Արամ Հարությունյանը, Նորայր Խանզադյանը, Ռուբեն Վարդանյանը, մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանը, Բարձրաշենի թռչնաբուծարանը սեփականելու գործում Պարույր Հայրիկյանի գործընկեր Թոմ Սամվելյանը (այդ համատեղ բիզնեսի առիթով պրն Հայրիկյանը ինձ դատի է տվել), նախորդ տարվա մրցանակակիր Մարգարիտ Գրիգորյանը։ Թերեւս հանձնաժողովի միակ անկախ անդամը «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանն էր։ «Ա1+»-ը մրցանակաբաշխությանը ներկայացրել էր իր աշխատակիցներ Վարդան Վարդանյանին եւ Վիկտորյա Աբրահամյանին։ Իրենց աշխատանքները իրավասու հանձնաժողովին էին ներկայացրել նաեւ Կառլեն Քալաշյանը «Գոլոս Արմենիի»-ից եւ Գեւորգ Հարությունյանը՝ «Երկիր» օրաթերթից։ Ձայների ճնշող մեծամասնությամբ այն հանձնվեց «Ա1+» հեռուստաընկերության «Կիրակի» ծրագիրը վարող Վարդան Վարդանյանին։ Երկու ձայն էր ստացել «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը։
Սեւ ակնոց եւ բամբակ ստանալու մրցույթում հաղթեց «Ար» անկախ հեռուստաընկերության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը, որը ստացավ ընդամենը 3 ձայն։ Շնորհավորում եմ պրն Մարտիրոսյանին, գտնելով, որ իշխանավորի (ՀՀ նախագահի խորհրդականի) դրածոների կողմից բացասական մրցանակ ստանալը լրագրողի աշխատանքի ամենաբարձր գնահատականն է։ Աստված չանի, որ մենք դուր գանք պալատական գործիչներին։ Սակայն իրականում հաղթողը մենք պիտի լինեինք։ Բանն այն է, որ «Առավոտ» օրաթերթը ստացավ երկու ձայն, սակայն մեկական ձայն ստացան մեր թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը եւ ես։ Ըստ էության, «Առավոտը» սեւ ակնոցի եւ բամբակի գծով ստացել էր 4 ձայն, սակայն իմ բոլոր փորձերը՝ վիճարկելու հանձնաժողովի վճիռը եւ հակամրցանակը մեզ շնորհելու, ապարդյուն էին։ Իրավապաշտպան լրագրողին մրցանակ հանձնելը Պարույր Հայրիկյանի համար հերթական առիթն էր՝ անձնական հաշիվներ մաքրելու։
Կարդացեք նաև
Ավելացնեմ, որ ինչպես ընդունված է, նման խեղկատակությանն իր օրհնությամբ ներկա էր Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը։ Այս անգամ՝ տեր Համազասպ քահանան։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ