Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՈՂՆԵՐԻՆ ՔՉԱՑՆԵՆՔ

Դեկտեմբեր 11,1998 00:00
Artur bagdasaryan

Հարցազրույց պետաիրավական հանձնաժողովի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ

-Մեր հանձնաժողովը դեռեւս մի քանի ամիս առաջ որոշել էր լսումներ կազմակերպել մի շարք հարցերի շուրջ։ Դրանք վերաբերում էին ինչպես մարդու իրավունքների պաշտպանվածությանը, դատական համակարգին, տեղական ինքնակառավարմանը, այնպես էլ ստուգումների պաշտպանվածության գործընթացներին։ Խորհրդարանում այսօր գոյություն ունի ստուգումների անցկացման կարգի վերաբերյալ օրենսդրական երեք նախագիծ, որոնցից մեկը մեր հանձնաժողովի անդամներն են ներկայացրել, մյուսը՝ «Հայրենիք» խումբը, իսկ երրորդն էլ «Երկրապահը»՝ «Պետական վերահսկողության մասին» վերտառությամբ։ Մեր հանձնաժողովը, քննարկելով հարցը, նպատակահարմար համարեց, որպեսզի մոտ օրերս խնդրո առարկայի շուրջ լսումներ կազմակերպվեն։

– Իսկ այդ դեպքում, պարոն Բաղդասարյան, խնդրում եմ պարզաբանեք, թե ի՞նչ հիմքով առաջացավ լսումներ կազմակերպելու անհրաժեշտությունը, որ միաժամանակ երեք, այսպես ասենք, «սուբյեկտ» նույնատիպ նախաձեռնությամբ հանդես եկավ։

– «Հայաստանի Հանրապետությունում ստուգումներ անցկացնելու կարգի մասին» օրենքի նախագիծը շրջանառության մեջ է շուրջ 3-4 ամիս, եւ այս դեպքում հարցը պարզապես կարեւորվել է։

– Իսկ ի՞նչ է նախատեսելու օրենքը։

– Խոսքը նրա մասին է, թե օրենքն ում կարտոնի, որպեսզի ստուգումների անցկացման լիազորություններ ունենա։ Կնախատեսվեն նաեւ ստուգումների անցկացման մեխանիզմները։ Այսօր ուժի մեջ է ՀՀ նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի հրամանագիրը՝ հիմնարկություններում եւ ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու կարգի մասին։ Օրենսդիրները հիմա պարզապես նպատակահարմար են համարում հրամանագիրը փոխարինել օրենքով, որպեսզի հստակ սահմանվի, թե ՀՀ-ում ստուգելու իրավասությամբ ինչպիսի պետական մարմիններ են օժտված։ Ասենք՝ ՆԳ եւ ԱԱ նախարարությունն իր իրավասությունների շրջանակներում ինչպիսի՞ ստուգումներ անցկացնելու իրավունք ունի։ Կսահմանվի նաեւ, թե ստուգումներն ի՞նչ ժամկետում պետք է ավարտվեն, եւ ի՞նչ իրավունք ունի ստուգվողը։ Այսինքն՝ հստակեցվելու է խնդրո առարկային վերաբերող ողջ իրավական դաշտը։

– Ճի՞շտ է, որ ՆԳՆ-ին ստուգումներ անցկացնելու շատ սահմանափակ լիազորություններ է տալու օրինագիծը։

– Դա պարզ կդառնա խորհրդարանական քննարկումների ժամանակ։ Ներկայացված նախագծերով թեպետ տարբեր լուծումներ են նախատեսվում, սակայն, բոլոր դեպքերում, քննարկումները հստակություն կմտցնեն՝ որ պետական մարմինը ստուգման ո՞ր փուլում ի՞նչ լիազորություններ է ունենալու։ Դա միանշանակ է։ Ես մի օրինակ բերեմ՝ Վայքում, ասենք, այսօր կա 8 հազար բնակիչ, բայց 14-ից ավելի ստուգող կազմակերպություն, որոնց ղեկավարների հիմնական մասը երեւանաբնակներ են։ Նրանց միայն աշխատավարձը չի բավականացնի, որպեսզի ամսական գոնե երկու անգամ հասնեն մայրաքաղաք, իրենց ղեկավարներին զեկույցներ ներկայացնեն, քննարկեն աշխատանքային խնդիրներ ու վերադառնան։ Ակնհայտ է, որ ստուգողների այսպիսի մեծ բազմության առկայությունը չի նպաստում գործարարության զարգացմանը։ Ու եթե հաշվի առնենք նաեւ, որ աշխատավարձն էլ է ցածր, ուրեմն պարզ կդառնա, որ նրանք հիմնականում գոյատեւում են տեղի բնակչությանը, տնտեսվարող սուբյեկտները ստուգելու արդյունքում։ Բնականաբար, ժողովրդի դժգոհությունները շատ են։ Օրենսդրական նախաձեռնությունների նպատակը խնդրի հստակեցումն է, ինչպես նաեւ ստուգող կազմակերպությունների թվի նվազեցումը։

– Իսկ, պարոն Բաղդասարյան, որո՞նք են այդ 14 կազմակերպությունները։

– Սկսենք թվարկումը՝ նախագահի վերահսկողության ծառայությունը, վարչապետի վերահսկողական ծառայությունը, ԱԺ վերահսկիչ պալատ, ՆԳ եւ ԱԱ նախարարության համապատասխան ստորաբաժանումները, հարկային տեսչությունը, հարկային տեսչության օպերատիվ ծառայությունը, հրշեջ ծառայությունը, սանէպիդ կայանները, ագրարային տեսչությունները, քաղաքապետարանների, մարզպետարանների վարչությունները եւ այլն։ 14-ը դեռեւս սահման չէ, իսկ այդ թիվը դեռեւս մեծանում է։ Այն մի օր պետք է մի տեղ կանգնեցնել։ Անհատ ձեռներեցը, տնտեսվարող սուբյեկտը, ի վերջո, պետք է հստակ իմանա, թե իր գործունեությամբ ո՞ր սուբյեկտի առաջ է պատասխանատու, օրենքը պետք է հստակ մատնանշի պետական մարմնի իրավասություններն այս բնագավռում։ Օրենքով պետք է ամրագրվի, որ պետությունը եւս պարտականություններ ունի եւ միայն քաղաքացիները չէ, որ պետության, մանավանդ նրա պաշտոնյաների նկատմամբ պարտավորություններ ունեն։ Այսօր առաջացել է այնպիսի մի վիճակ, երբ օրենքները պետական մարմիններին առատորեն իրավունքներ են տալիս, իսկ պարտականությունների մասով փաստաթղթերը խիստ սակավախոս են։ Պաշտոնատար անձանց պատասխանատվության մեխանիզմները շատ թերի են։

– Պարոն Բաղդասարյան, Ձեր ստեղծած «Օրինաց երկիր» կուսակցության գործունեության վերաբերյալ, կարծես, որեւէ նոր տեղեկատվություն չկա՝ երկար ժամանակ…

– Մենք արդեն ստեղծել ենք 35-ից ավելի տարածքային կազմակերպություն։ «Օրինաց երկրի» շուրջ համախմբվել է մոտ 5200 մարդ։ Մեծ հետաքրքրություն կա կուսակցության նկատմամբ, մենք զբաղված ենք ներքին կանոնակարգային խնդիրների լուծմամբ, իսկ դեկտեմբերի 18-ին կհրավիրենք կոնֆերանս։ Օրակարգային հարցերը կներառեն ինչպես կազմակերպչական, այնպես էլ առաջիկա անելիքներին վերաբերող խնդիրներ։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել