Հիմա էլ Տեր-Սահակյանի դատը
Երկրորդ օրն է, ինչ Վճռաբեկ դատարանի 2-րդ հարկի դահլիճում սկսվել եւ շարունակվում է Արմեն Տեր-Սահակյանի եւ 9 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քր. գործի դատաքննությունը։ Դատական նիստը նախագահում է ԳԴ նախկին անդամ, այսօր արդեն Խորհրդային շրջանի ժողդատարանի դատավոր պրն Տարիել Մանուկյանը։ Պետական մեղադրողն է՝ Ռուդիկ Գրիգորյանը։
Սույն քր. գործի մեղադրական եզրակացությունը 95 թերթից էր, իսկ գործը՝ 7 հատոր։
Գործով «կանցնեն» 8 տուժող, 2 տուժողի ներկայացուցիչներ, իսկ վկաները՝ 83-ն են…
Կարդացեք նաև
Ամբաստանյալներից մեկը՝ կին է։
Երեկ դատարան էր ներկայացել տուժող ճանաչված Վանիկ Սախկալյանը, որը հենց սկզբից հայտարարեց, թե նախկինում դատապարտվել է հափշտակության համար եւ որ.
– Ես գողերի հետ ախպեր եմ։ Ժամանակին գողցող եմ եղել։ Համ օրգանի հետ եմ լավ եղել, համ հանցագործ աշխարհի…
Մինչ նա կպատմեր «դեպքի մանրամասները»՝ կապված իր վրա գազի ատրճանակ պահելու, հարձակվելու մասին, դատավոր Մանուկյանը այդ պահին կասկածելով, թե քարտուղարուհին հասցնո՞ւմ է սղագրել «տուժողի» ցուցմունքները, հարցրեց.
– Դու հասկանո՞ւմ ես, այ աղջիկ։
– Կիսատ-պռատ…
Ավելի հետաքրքիր էր տուժողի մենախոսության այս հատվածը «Գիդաս՝ ֆիդայի աշխատելը շատ հե՞շտ ա…»։
Այն հարցին, թե նա ճանաչո՞ւմ է Արմեն Տեր-Սահակյանին, մոտավորապես պատասխանեց.
– Չէ, տելեվիզրով եմ տեսել…
Իսկ «տեսե՞լ է, թե Ավալը ինչպես հեռացավ տնից» հարցին էլ պատասխանեց, թե «հարեւանները սլուչայնո տեսել են…»։
Դատաքննության սկիզբը ուղեկցվեց ուրախ տրամադրությամբ…
Վերջը բարի լինի։
Ռ. Մ.