Հետաքրքիր կլիներ Հրանտ Բագրատյանի տեսակետը
Ինչ հաստատակամությամբ նախկին բարձրաստիճան իշխանավորները պնդում են, որ 1993-ի մարտին կառավարության օպերատիվ կառավարման շտաբի նիստում խոսվել էր 72 հազար տոննա կորած մազութի մասին եւ դրան հետեւել էր պինդ եւ հեղուկ վառելիքի ձեռնարկության տնօրեն ու փոխնախարար Երվանդ Զախարյանի պաշտոնանկությունը, քրեական գործի հարուցումը եւ Հայաստանից նրա երկարամյա բացակայությունը՝ նույն հաստատակամությամբ էլ ներկա իշխանավորները ժխտում են այս ամենը։ Երեւի իրավացի էր մեր գործընկերներից մեկը, երբ եզրակացրեց, որ երկու դեպքում էլ վճռորոշը պատեհապաշտական նկատառումներն են։
Ինչեւէ, այսօր կներկայացնենք արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Գագիկ Մարտիրոսյանի հիշողություններն այդ շրջանի վերաբերյալ։
«1992-ի դեկտեմբերին էր ստեղծվել օպերատիվ շտաբը։ 1993-ից որոշակի նիստեր ես եմ վարել։ Նիստերն ավելի շատ ես էի վարում, ավելի քիչ՝ վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Շտաբի պետը նա էր, ես տեղակալն էի։
Կարդացեք նաև
Մազութի վերաբերյալ նման հստակ թվերով՝ շտաբի նիստ տեղի չի ունեցել։ Կառավարության նախագահության նիստում իրոք քննարկվել է պրն Զախարյանին վերաբերող հարց, որն ուղղակիորեն կապված է եղել, բառացի եմ ասում, էմիսիոն գումարներից աշխատավարձեր վճարելու հետ։ Եվ հանրապետության դատախազին առաջարկվել է ուսումնասիրել էմիսիոն գումարներից աշխատավարձ վճարելու այդ հարցը։
Կրկնեմ, մազութի վերաբերյալ հարցի քննարկում, որը կառնչվեր պրն Զախարյանի աշխատանքային գործունեությանը՝ չի եղել։ Տեղեկատվությունը հիմնազուրկ է։
Իսկ ընդհանրապես օպերատիվ շտաբի այդ բոլոր նյութերը մեծ փաթեթով տրված են հանրապետության դատախազությանը։ Ուսումնասիրություններ են կատարվում պրն Սադոյանի արծարծած թեմայի շրջանակներում։ Եվ դատախազության ուսումնասիրություններն ավարտելուց հետո կարելի է նաեւ Ձեր հարցերը ճշտել եւ ստույգ տեղեկատվություն ներկայացնել»։
Ի դեպ, այդ տարիներին հանրապետություն վառելիք ներկրելու որոշ փաստերի առնչությամբ Արշակ Սադոյանի հայտարարությունների հիման վրա դատախազության սկսած քննությունը այս հարցի նախանձախնդիրները բավարար չեն գնահատում։ Մասնավորապես այն պատճառով, որ քրեական գործերը՝ հարուցվել, որոշ մարդիկ արդեն պատասխանատվության են ենթարկվել էներգետիկայի ոլորտի համար սովորական, առօրյա խնդիրների եւ հիմնականում՝ 1996-ից հետո կատարվածի համար։ «Բայց շատ ավելի կարեւոր է 1992-93-ի իրողությունների վերաբերյալ պատասխաններ տալը, այլապես այս ամենն ուշադրություն շեղելու է նմանվում»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։
…Իհարկե, կնախընտրեինք ուշացած եւ անձնավորված բացատրությունների փոխարեն փաստաթղթերի ծանոթանալ, որոնք կբացառեին պատեհապաշտական մոտեցումը։ Սակայն, ցավոք, կառավարության նիստերի արձանագրությունները փակ են մամուլի համար։ Ուստի ստիպված ենք ապավինել բացառապես նախկին ու ներկա պաշտոնյաների ընտրողական հիշողությանը։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ