«Հայրենիք» պատգամավորական խմբի ճեպազրույցում Սոս Գիմիշյանը լրագրողներին հաղորդեց հետեւյալը. «Հայրենիք» խումբն արդեն հասցրել էր քննարկել Վահրամ Խոռխոռունու սպանության հարցը։ Իրենք սպանության հանգամանքներում տեսնում են քաղաքական երանգներ։ Մտահոգություն արտահայտվեց, որ հանրապետությունում ստեղծվել է լարված իրավիճակ. «Չի բացառվում, որ ամեն ինչ զարգանա արագացված տարբերակով։ Վիճակը ծանր է։ Մեկ ամանի մեջ երկու գլուխ չի եփվի։ Կամ՝ կամ։ Առավել եւս, որ այդ երկու գլուխների հետեւում ժողովուրդ չկա»։ Բացահայտելով երկու գլուխների ինքնությունը՝ Սոս Գիմիշյանն ասաց, թե խոսքը ՀՀ նախագահի եւ պաշտպանության նախարարի մասին է։
ԹԵԺ ԴԵԿՏԵՄԲԵՐ
Դեկտեմբերի 11-ին կհրավիրվի արտահերթ նստաշրջան, որպեսզի շարունակվեն պետբյուջեի քննարկումները։ Դեկտեմբերի 21-ին մի նոր արտահերթ նստաշրջան կհրավիրվի ընտրական օրենսգիրքն ընդունելու համար։ Իսկ բյուջեի ընդունման համար գումարվելիք արտահերթ նստաշրջանը նախատեսվում է դեկտեմբերի վերջին։
ԵՐԵԿ ՎԵՐՋՆ ԷՐ
Կարդացեք նաև
Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի լիազորությունները դեկտեմբերի 10-ին ավարտվեցին։ Հանձնաժողովի անդամները մտադիր են սպասել 10 օր։ Եթե այդ ընթացքում, արտահերթ նիստով իրենց հաշվետվություն ներկայացնելու հնարավորություն չտրվի, ապա ձեռքի տակ եղած փաստերը կհրապարակվեն մամուլի ասուլիսում։
ԿՈԼԵՍՆԻԿՈՎԻ ՌԵՊՈՐՏԱԺԸ ԳՅՈՒՄՐԻԻՑ
Դեկտեմբերի 8-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված է Անդրեյ Կոլեսնիկովի հոդվածը Հայաստանի մասին, որում մասնավորապես գրված է. «Եթե դատելու լինենք մակրոտնտեսական ցուցանիշներից, Հայաստանը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից… Երկրում սկսվել է տնտեսական աճը, տարեկան սղաճը, հավանաբար, կազմելու է ընդամենը 2%, հարկային ծրագրերը գերակատարվում են, իսկ ազգային դրամը… բավականաչափ կայուն է»։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ քանակությամբ է պրն Կոլեսնիկովը խաշ կերել Գյումրիում։