Քաղաքական խորհուրդը տեւական ընդմիջումից հետո հաջողեց նախագահին առընթեր մի նիստ անցկացնել։ Որոշվեց մասնավորապես ՔԽ-ի գործադիր քարտուղարի ընտրության հարցը։ Հրանտ Խաչատրյանի վերընտրության հարցում լիակատար փոխհամաձայնության չեկան, իսկ ձայների մեծամասնությամբ գործադիր քարտուղար ընտրված ՀՍՈՒՄ-ի ատենապետ Ռուբեն Լենդրուշի Խուրշուդյանը հետո լրագրողի հարցին, թե այդ նիստի ընթացքում արդյոք անդրադարձե՞լ են Վահրամ Խոռխոռունու սպանությանը, բացասաբար պատասխանեց. «Մենք չհասցրինք ուղղակի անդրադառնալ այդ հարցերին։ Չնայած պրն նախագահն ասաց, որ ինքը հաճույքով կքննարկեր այդ հարցերը»։
ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Անդրադառնալով Վահրամ Խոռխոռունու սպանության խնդրին՝ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը «Երկրապահի» ճեպազրույցում հայտարարեց, թե այն հանգամանքը, որ սպանությունը կատարվել է Խոռխոռունու տան շքամուտքում, ցույց է տալիս՝ կատարվածը չի առնչվում Պաշտպանության նախարարությունում՝ նրա գործունեությանը։
ԵՐԿՐՈՒՄ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՌՈ՞ՐԸ
Կարդացեք նաև
Թիվ 61 դպրոցի տնօրեն, Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վանյանը դեկտեմբերի 10-ին, աշխատասենյակ մտնելով հայտնաբերել է, որ իր պատուհանին կրակոցների հետքեր կան։ Պրն Վանյանը կատարվածի վերաբերյալ սեփական բացատրությունն ուներ, որ կրակոցները նախազգուշական էին եւ Նորք-Մարաշի համայնքապետ, «Երկրապահ» խմբի անդամ Արմենակ Արմենակյանի հետ իր լարված փոխհարաբերությունների հետեւանքն են։ Դեպքի վերաբերյալ տնօրենը դիմել է իրավապահ մարմիններին։ Ըստ ամենայնի, կրակոցները հնչել են դարձյալ դեկտեմբերի 9-ի՝ լույս 10-ի չարաբաստիկ գիշերվա ընթացքում։