Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում շարունակվում են հալածանքները

Դեկտեմբեր 10,1998 00:00
xaxtum

«Մեր օրերում, երբ ամենուրեք փորձեր են արվում արմատավորելու մարդու իրավունքների պաշտպանության հարցերը, Վանաձորում տեղական իշխանությունների կողմից շարունակվում են կամայական հալածանքները»։

Այսպես է սկսում իր բողոք-նամակը Վանաձորի բնակչուհի Էմմա Նահապետյանը։

1998 թ. օգոստոսի 14-ին Վանաձորի ժողդատարանի վճռով Է. Նահապետյանը վերականգնվել է իր նախկին աշխատանքում՝ քաղաքի թիվ 3 ԲՇՏ-ում (որ կոչվում է «Թագավորանիստ» ՓԲԸ) որպես անձնագրավարուհի։ Մինչ այդ, բնականաբար, նա ազատված է եղել աշխատանքից ոչ թե աշխատանքային պարտավորությունների մեջ թերանալու պատճառով, այլ, որ «1997 թ. փետրվարի 28-ին թիվ 57/2 որոշման 1-ին ա կետով վերակազմավորվել են նախկին բնակարանային ձեռնարկության դուստր-ձեռնարկությունները, այդ թվում նաեւ՝ թիվ 3 ԲՇՏ-ն»։ Աշխատանքից ազատելուց հետո ձեռնարկությունը 28.04.97 թ. Է. Նահապետյանի հետ կնքել է 10-օրյա պայմանագիր, սակայն վերջինս աշխատել է շուրջ 2 ամիս, եւ մինչեւ 1.07.97 թ. «որպես անձնագրավարուհի կատարել է գործողություններ» (ինչպես նշվում է դատարանի վճռում) եւ միայն 2.07.97 թ. է «իմացել, որ ազատված է աշխատանքից»։ Նամակի հեղինակը նաեւ նշում է, որ աշխատանքից ազատվել է այն ժամանակ, երբ որդին գտնվել է զինվորական ծառայության մեջ, իսկ տան միակ աշխատողը ինքն է եղել (ամուսինը թոշակառու է)։ Հատկանշական է, որ պատասխանող կողմի (Վանաձորի քաղաքապետարան) ներկայացուցիչները դատարանում հայցի դեմ առարկել են, սակայն հայցը բավարարվելուց հետո բեկման գանգատ չեն ներկայացրել։

Սա, ըստ երեւույթին, հեռուն գնացող նպատակ է հետապնդել, ավելորդ գլխացավանքի մեջ ընկնելու փոխարեն «տուժողին» հետագայում այնպիսի պայմանների մեջ դնել, որպեսզի նա, ինչպես ասում են՝ «գլուխն առնի՝ փախչի»։ Վերականգնվելուց հետո Նահապետյանի իրավունքները սահմանափակվում են, քանի որ իր փոխարեն արդեն ընդունված աշխատողին դուրս չթողնելու նպատակով նոր հրաման է տրվում ՓԲԸ-ի տնօրենի կողմից (սպասարկվող տարածքը կիսելու պատրվակով), եւ փաստորեն Նահապետյանը վ-եր է ածվում «անբանակ գեներալի»՝ հայտնվելով «խաղից դուրս» վիճակում։ Այս պայմաններում անխուսափելի են 2 աշխատողների միջեւ «տարածաշրջանային» բախումները։ «Ո՞վ է ճշտելու իմ աշխատանքի հարցը»,- գանգատվում է նամակագիրը, նշելով, որ ՓԲԸ-ի տնօրենը թույլ չի տալիս իրեն աշխատել, եւ ավելացնում է. «Այդ ամենի պատճառով ոչ միայն բարոյական եւ նյութական վնաս եմ կրել, այլեւ քայքայվում է առողջությունս։ Մինչեւ ե՞րբ»։

Ամենայն հավանականությամբ, Է. Նահապետյանի դեմ հալածանքները կշարունակվեն, վատագույն դեպքում, մինչեւ նրա կողմից նյարդերի տեղի տալը, լավագույն դեպքում (որ համարժեք է վատագույնին)՝ մինչեւ «պատվավոր» թոշակի ուղարկելը։ Նշենք, որ հիշյալ ՓԲԸ-ԲՇՏ-ում նա աշխատել է 1963 թվականին եւ մինչեւ թոշակի անցնելը դեռ բավական ժամանակ ունի։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031