Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՊԻ ԿԱՆԱՅՔ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 10,1998 00:00
gorcazurk

Կանայք այնպիսի ժողովուրդ են, որ կուզես տաքցրու, կուզես բամբակների մեջ պահիր, կուզես ուսերիդ դրած ման տուր, միեւնույն է՝ հենց որ մի աննշան բան նրանց սրտով չլինի, միանգամից կբացեն դժգոհության կծիկը։

Սոցապ նախարարության ատյանի դահլիճը երեկ առաջին անգամ այս տարվա մեջ ջեռուցվեց Գենդերային հանձնաժողովի նիստին մասնակցող կանանց պատվին։ Նիստը սկսելուց առաջ սոցապ նախարար Գագիկ Եգանյանը ուշադիր հետեւում էր, որ դահլիճը տաք լինի, ջերմ լինի, որ հայոց կանայք հանկարծ չմրսեն։

Իսկ կանայք ակնհայտորեն ոչ միայն չմրսեցին, այլեւ տաք-տաք եւ խիստ ակտիվ մասնակցեցին կառավարական եւ կանանց կազմակերպությունների խորհրդակցական հանձնաժողովների համատեղ նիստին։ Նիստը երեք օրակարգային կետ ուներ։ Առաջինը նվիրված էր կանանց զբաղվածության խնդիրներին։ Այս թեմայի շուրջ խոսեց հանրապետական զբաղվածության ծառայության պետ Գագիկ Բլեյանը։ Նիստից առաջ, երբ պարոն Բլեյանին հարցրի, թե դժվար չէ՞ այսքան կանանց հետ գործ բռնել, պարոն Բլեյանը պարզաբանեց. «Թշնամիս առանց կանանց թող չմնա»։ Սակայն հանրապետության գործազուրկ կանանց խնդիրները, նրանց աշխատանքով ապահովելուն «լծված» ծառայության կատարածը ներկայացնելն ու կրակի մեջ ընկնելը մեկ եղավ։ Հավուր պատշաճի, պարոն Բլեյանը ներկայացրեց մի քանի թվեր, ասաց, թե քանի՞ կին է աշխատանքով ապահովվել, քանիսն են գործազուրկ, քանիսն են վերապատրաստվել, քանիսն է բարձրագույն կրթությամբ եւ այսպես շարունակ։ Իմացանք նաեւ, որ հանրապետության գործազուրկ կանանց 80 տոկոսը մրցունակ չէ այսօրվա աշխատաշուկայում։ Բարձրագույն կրթության մասին խոսելիս, ասվեց, որ սունկի պես աճած ինստիտուտները հիմնականում իգական սեռն է ավարտում եւ մնում անգործ։

Կանանց հանրապետական խորհրդի նախագահ տիկին Նորա Հակոբյանը նկատեց՝ քանի որ աշխատանքով չեն ապահովվելու, ինչո՞ւ է վերոհիշյալ համալսարաններին լիցենզավորում տրվում։ «Դիպլոմները դարձել են օժիտի մի մասը», բայց օժիտն էլ դեր չի խաղում, քանի որ փեսացուներն հանրապետությունում չեն։ Գործազուրկ կանանց 11,7 տոկոսը բարձրագույն կրթություն ունեն: Տիկին Ալվարդ Պետրոսյանը, որն իր ասելով առաջին անգամ էր մասնակցում նման նիստի, իր ռեպլիկ-ելույթում փորձեց հասկանալ այն բաները, ինչ ասաց պարոն Բլեյանը։ Մասնավորապես ասվեց, որ ինքը չի հասկանում, թե ո՞րն է աշխատաշուկան, եթե պետությունն իր սուղ միջոցներից տրամադրել է, որ այսպիսի ինստիտուտ ստեղծվի, ապա «կարելի էր հստակ տեսակավորել, թե որ աշխատաշուկայում մրցունակ չեն կանայք, տարիքային ո՞ր ցենզը պետք է հաշվի առնվի, մասնագիտական ո՞ր պահանջարկն է ավելի բարձր… այսինքն ես կուզենայի ավելի խորամուխ լինել… մենք ոնց որ սահում ենք, որպեսզի նշանակենք, թե քաղաքակիրթ պետություն ենք եւ այս գործը արեցինք։ … Վիճակագրությունն էլ է շատ կասկածելի Հայաստանում, դա էլ պրոֆեսիոնալ չի։ … Եթե մեզ հրավիրել եք, եւ պիտի լուրջ աշխատենք… Եկեք հենց սկզբից լուրջ աշխատենք։ … Ես միջին ընդունակությունների տեր մարդ եմ, պիտի կարողանայի այստեղից ինչ-որ մի բան հասկանալ։ Ոչ մի բան չհասկացա…»։

Ելույթ-հարցերը հաջորդում էին իրար։ Տիկին Ջեմմա Հասրաթյանը եւս լուրջ ասելիք ուներ այս ամենի մասին։ Նա էլ ասաց, թե աշխատաշուկայի վերլուծություն չի արվում։ Ի վերջո, տիկին Հասրաթյանը պահանջեց պարոն Բլեյանից. «Դուք գիտե՞ք, թե քանի մանկապարտեզ է փակվել, քանի՞ սահմանամերձ գյուղերի դպրոցներում աշխատանքի տեղ կա…» եւ այլն։ … Գագիկ Եգանյանը փորձում էր դրությունը շտկել իր պարզաբանումներով եւ լրացումներով։ Օրը երկու Գագիկների համար օր չէր։ Դե, ո՞ր տղամարդը կդիմանա այսքան խելոք կանանց ճնշմանը, մանավանդ՝ խնդիրների այս առատության պայմաններում։

Նիստը այլ հարցեր եւս քննարկեց, մասնավորապես ներկայացվեց ՄԱԿ-ի զեկույցի՝ հայաստանյան կանանց նվիրված մասը։ Նիստը տարվա վերջին նիստն էր, իսկ ներկա կանայք՝ միակարծիք էին կանանց խնդիրները լուծելու հարցում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031