Լրահոս
Օրվա լրահոսը

Դիկտատուրայի կարոտախտը

Դեկտեմբեր 10,1998 00:00
nostalgia

Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում գտնվող Հայաստանը ասես սֆինքս լինի, այնքան, որ անհասկանալի եւ առեղծվածային է նրա հստակ դիրքորոշումն արեւմտյան առաջադիմական արժեքների նկատմամբ։ Առանձնապես անհասկանալի է նրա որդեգրած քաղաքականությունը հատկապես պետության լիբերալացման եւ դեմոկրատական գործընթացների առավել հետեւողական իրականացման ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ անցումը շուկայական հարաբերոությունների ուղեկցվեց, այսպես կոչված, կապիտալի նախնական կուտակման տենդագին գործողություններով, որը, ի վերջո, ընդունեց կամայական բնույթ։

Արեւմտյան քաղաքագետները եւ տնտեսագետները շատ լավ հասկանում են փլուզված կայսրության անջատված մասերի, Մոսկվայի հետ նրանց քողարկված սերտ կապի, նրանց միջեւ խմորվող գործնական փոխհարաբերությունների ունիվերսալ պրոցեսների ռեալ բնույթը։ Եվ այս առումով միանշանակ չէ նրանց պնդումը, մասնավորապես, Հայաստանում պետության եւ քաղաքացու, ժողովրդավարության, մարդու իրավունքների կոնկրետ գործընթացների շարունակական խորացման վրա։ Բայց մինչեւ պետության, որպես այդպիսինի, որպես իրավական եւ քաղաքական սուբյեկտի կարգավիճակի, ինչպես նաեւ նրա եւ քաղաքացու փոխհարաբերությունների, փոխադարձ պարտավորությունների եւ պարտականությունների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ձեւավորումը, ՀՀ-ն եւ նրա իշխանավորները հարկ է, որ անցնեն բարոյական վարքագծի գիտակցված արժեքավորման որոշակի ուղի։

Ժողովրդավարության հաստատման, քաղաքացիական հասարակության կայացման համար սրանք էական նախադրյալներ են, որոնք դեռեւս չեն անցել ինքնաճանաչման, հասունացման գոնե տեսական հիմնավորումների քննադատական ճանապարհ (այլ բան է այդ խնդիրների նկատմամբ կամայական մոտեցման հարցը), եւ բնականաբար այդ մոդելների ոչ բոլոր տարբերակներն են իրագործելի (անգամ ընդունելի) մեր իրականության մեջ։ Եվ այդ առումով արեւմտյան պետությունների անուղղակի ճնշումներն այդ ուղղությամբ հանդիպում են լուրջ խոչընդոտների։ Այդպիսի կամայական մոտեցումը հատուկ է նոր կայացող պետությանը, որի ինտուիտիվ եւ վոլյունտար վարքագիծը հատկապես պայմանավորված է հասարակությանը, առանձին անձին պասիվ օբյեկտի վերածելու հատկանիշով։ Այս պարագայում մենք ավելի շուտ գործ կունենանք պետության քաղաքական, քան քաղաքացիական վարքագծի դրսեւորման հետ, որը, ի վերջո, կվերաճի պետության՝ որպես ինքնանպատակ սուբյեկտի կայացման տենդենցի։

Այսպիսի միտումը հոգեհարազատ է ռազմատենչ եւ ուժային քաղաքականության հակված պետության ոգուն, որի արժեքային համակարգում ծանրության կենտրոնը ակներեւաբար տեղաշարժվում է դրական եւ առաջադիմական գաղափարների անտեսման անխուսափելի մտայնության առաջացման օգտին։ Եվ այս պարագայում հասարակությանը անդեմ ամբոխի վերածելու՝ հայ իշխանավորների ջանքերը ինքնանպատակ չեն, հետապնդում են որոշակի քաղաքական նպատակ, եւ այն դեպքում, երբ ժողովրդավարության կայացման վերաբերյալ կուսակցությունների դիրքորոշումը անկայուն է, ոչ իրատես։ Այստեղ էական դեր են խաղում նաեւ ազգային միասնության եւ նպատակների շահարկումները, ժողովրդի ստվար հատվածի ունեզրկման գործոնը։

Գոյության պայքարի հորձանուտ նետված ժողովրդի լայն զանգվածներն ավելի շուտ ընդունակ են կործանելու, քան օժանդակելու համամարդկային առաջադիմական արժեքների զարգացմանը։ Հասարակության ստորին, սովալլուկ շերտերը ոչ միայն անընդունակ են պայքարելու իրենց ամենատարրական իրավունքների համար, այլեւ բարոյապես օժանդակելու իրենց իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող կուսակցությունների (կազմակերպությունների) եւ կամ առանձին անհատների։ Եվ սա անկասկած քաղաքականացված պետության կողմից ժողովրդի ինտելեկտուալ զարգացումը խոչընդոտելու նպատակի հետեւանքն է։ Այս դեպքում ավելի են անջրպետվում պետության եւ ժողովրդի փոխհարաբերությունները, ընդունում խիստ ընդգծված թշնամական բնույթ։ Պետության, իշխանավորի օտարումն իր սեփական ժողովրդից, ի վերջո, տանելու է պետության եւ նրա օրենքների նկատմամբ անվստահության, անհանդուրժողականության առաջացմանը եւ դրանով իսկ պետության ինքնօտարմանը, որի դեպքում պետության, իշխանության գոյությունը կդառնա ինքնանպատակ։

Այս պայմաններում ավելի դյուրին է անցումը բռնապետության, քան ժողովրդավարության։ Միայն դեմոկրատական խորը վերափոխումների տեւական եւ անընդհատ պրոցեսների ճանապարհով ընթանալու դեպքում կհաջողվի ստեղծել բարգավաճ եւ առաջադիմական պետություն։ Սակայն այս խնդիրների եւ ծրագրերի լիարժեք իրականացման գլխավոր խոչընդոտը, որքան էլ անցանկալի լինի, Ռուսաստանից ռազմական եւ քաղաքական կախվածությունն է (ի տարբերություն արեւմուտքից տնտեսական կախվածության), մի հանգամանք, որը բացասաբար է անդրադառնում հանրապետության բնականոն, օրինաչափ զարգացման վրա։ Այս հանգամանքը տեղական կառավարողներին ստիպում է խուսանավել, ռազմական եւ տնտեսական խնդիրներ իրականացնելիս կողմնորոշվել դեպի Ռուսաստան։ Կասկածից դուրս է, որ հայ իշխանավորները մեկընդմիշտ որդեգրել են ռազմաքաղաքական ուժեղ պետություն ստեղծելու գործելակերպ. այդ նպատակի համար օգտագործելով հնարավոր ամեն բան, շահարկելով անգամ մեր նահատակված նախնիների հիշատակը։

Այդօրինակ քաղաքականությունը չի արդարացվում նույնիսկ տնտեսության վերականգնման պատճառաբանված բացատրությամբ, որը, ըստ իս, բարոյական չլինելով, առավելապես թելադրված է ԱՊՀ ռազմաքաղաքական եւ տնտեսական շահերով։ Այդ մասին է վկայում ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի եւ նրա նախկին գաղութների միջեւ կնքված ռազմաքաղաքական նոր դաշինքի հաստատման փաստը։ Արեւմուտքի հետ ֆինանսատնտեսական ինտեգրացման (հատկապես վարկային ներդրումների ոլորտում), քաղաքականությունը հետեւողականորեն իրականացվում է Ռուսաստանի, եւ ճշգրտորեն ընդօրինակվում է ազգային հանրապետությունների կողմից։ Հռչակելով զարգացման քաղաքականություն, մասնավորապես Հայաստանի իշխանավորներն ավելի են ակտիվացրել ֆինանսավարկային ներդրումների ներգրավման գործընթացները՝ դրա մեջ ներառելով հայկական սփյուռքը։

Հասարակական-տնտեսական կայուն եւ հավասարակշռված հարաբերություններ հաստատելու փորձերի անհաջողությունը, որքան էլ դրանք պայմանավորված լինեն ներքին կամ արտաքին պատճառաբանված գործոնների ազդեցությամբ, արդյունք են եւ հետեւանք պետական քաղաքականության մեջ առկա տարերայնության եւ կամայականության։ Այս երեւույթը բացատրվում է պետական ապարատի բարոյական այլասերվածությամբ, երբ հենց այդ ապարատի շնորհիվ (պետական բյուջեն համալրելու պատճառաբանությամբ) Հայաստանը վերածվել է բացօթյա աճուրդասրահի, որտեղ վաճառվում է ամեն ինչ…

Այս պայմաններում, իրոք, արդարացվում է ժողովրդի դժգոհությունը, որի տրամաբանական հանգուցալուծումը քաոսային իրավիճակների շարունակական անընդհատությունն է՝ քաղաքացիական անհնազանդության եւ կամ բռնապետության հաստատման ելքով։

Կգնա՞ Հայաստանը այդ ճանապարհով, թե՝ ոչ, դժվար է ասել, բայց որ սոցիալական եւ տնտեսական առկա վիճակի հետագա վատթարացումը իշխանությունների հաջորդափոխությունների անընդհատություն կապահովի, անկասկած է։

ՍԱՄՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Նախկին քաղբանտարկյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031