1994 թ. դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան առաջին հզոր պայթյունը տեղի պիտի ունենար ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ամառանոցում։ Ապա հաջորդաբար թիրախ էին դառնալու պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը։ ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն իր մահկանացուն պիտի կնքեր նախագահական կորպուսին տրամադրված ինքնաթիռում, ինչը կատարվելու էր հակաօդային փոխադրական «Իգլա» տեսակի հրթիռով։
1994 թ. դեկտեմբերի 2-ին, առաջին պայթյունից ճիշտ ութ օր առաջ, գործի դրվեց ԱԱՊՎ-ի պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանի «ահաբեկչության դեմ պայքարի» արդեն ծրագրված միջոցառումը։ ԱԱՊՎ-ի մեկուսարաններում նորից հնչեց կարճ ժամանակով դադարեցված հեղափոխական երգերի շարքը։ 1994 թ. դեկտեմբերին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը սպանվեց, այսպես կոչված, անհայտ անձանց կողմից, իսկ ԱԱՊՎ-ի համապատասխան բաժիններում գրանցվեց իբր ՀՅԴ-ի կողմից պատասխան քայլ։ Ձերբակալված որոշ դաշնակցականներ «հանձն առան», որ իրոք, կազմակերպված էր ահաբեկչությունների շարքը, ինչպես նաեւ նախկինում արդեն կատարված ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանի, ՀՀ նախագահի անվտանգության ղեկավարի խորհրդական Գագիկ Սահակյանի եւ այլոց սպանությունները։ Քիչ ուշ, սկսված «30+1» գործով նույնպես գտնվեցին մարդիկ, որոնք իրենց դիմումներում՝ ուղղված ՀՀ նախագահին, խնդրեցին ներել իրենց անխոհեմության համար, ուղղակի հանձն առնելով ներկայացված մեղադրանքները։ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ ԱԱՆ մեկուսարանում գտնվող Վահան Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ, ինչպես նշել էր Վազգեն Սարգսյանը՝ Վահան Հովհաննիսյանը չժխտեց իր մասնակցությունը Համբարձում Գալստյանի սպանության գործում։
1995-ի փետրվարի 2-ին իմ ձերբակալվելուց հետո, ԱԱՊՎ-ի մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ ունեցած առանձնակի հարցազրույցի ընթացքում մտավախություն հայտնվեց «Դրո»-ին «ոսկյա սկուտեղով» մատուցելու հանգամանքը։ Մեղադրել նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին «Դրո»-ի գործով, սա զավեշտական է։ Նախագահին ներկայացված է եղել «Դրո»-ի եւ այլ «Դրո»-ների փաթեթները «փուլ առ փուլ»։
Այն ժամանակ ԱԱՊՎ-ի պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանի գրասեղանը ողողված էր ՀՅԴ-ից հոսող հաղորդագրություններով, որոնց մեկ մասը ներկայացնում էին ՀՅԴ-ի որոշ «Երդվյալ ընկերները»։ Հաղորդագրություններ լինում էին եւ այլ տարածաշրջաններից՝ նույն բովանդակությամբ։ «Դրո»-ի անդամների ձերբակալություններից հետո նոր միայն ի հայտ եկան արխիվներում տեղ զբաղեցրած փաստաթղթերը, ինչը ներկայացնում էին Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) եւ այսպես կոչված «Դրո»-ի հետ համատեղ Կարսի հյուսիսային տարածքներում ապագա համագործակցության ուղղությամբ տարվող խորհրդակցությունների մասին տեղեկություններ, ինչը հետագայում պատճառ հանդիսացավ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից կոմպրոմիսային քաղաքականությանը ՀՅԴ-ի հետ։ Բայց արդեն հետախուզական տեղեկությունների վրա հիմնված 1994 թ. դեկտեմբերի 28-ի ելույթը ողողվել էր անգամ ՀՀ սահմաններից դուրս, իսկ որոշ ՀՅԴ «ընկերներ» մաշկափրկության համար պնդում էին «Դրո»-ի մեղսակից լինելու հանգամանքը, փրկելով 1994-ի դեկտեմբերի 28-ի Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը։
Կարդացեք նաև
Կուլիսների հետեւում տեղի ունեցած բանակցային կլոր սեղանների շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն իրենց գաղտնիությամբ պահպանվեցին մինչեւ վերջ։ ՀՀ Գերագույն դատարանի վճիռն արդեն «քրեականացված» «Դրո»-ից անջատեց «հերոսացվածներին», որոնք քիչ ուշ ազատ արձակվեցին իբր ազգային գաղափարների համար հալածվածներ, իսկ մյուս մասին «Դրո»-ին ներկայացրեցին իբր հասարակության համար խիստ վտանգավոր անձերից կազմված բանդա, դատապարտելով ծանրագույն պատիժների չափով։ Ճիշտ է, 1994 թ. դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան, առաջին հզոր պայթյունը տեղի չունեցավ նախագահ Տեր-Պետրոսյանի ամառանոցում եւ ոչ էլ դրան հաջորդաբար ուղեկցող ահաբեկումները։
ՀՀ ներքին կյանքում ոչինչ չփոխվեց, բացառությամբ ՀՀ նախագահի հերթափոխությանը եւ ապագայում քավության նոխազների քանակական կրճատման առումով ահաբեկումների «վերաորակավորումը ինքնասպանությունների «շոուի»։ Իսկ արտաքին քաղաքականության հողի վրա, Կարսի հյուսիսային տարածքներում գործունեություն սկսելուն, արհեստավարժորեն բարտերացվեց Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման փաթեթի հետ, ապա 1994-ի դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան պայթյունին եկավ փոխարինելու 1996-ի «տաք» սեպտեմբերի պայթյունը։ Դեռեւս ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանն իր ելույթներից մեկի ժամանակ չէր թաքցրել այն միտքը, որ ով էլ որ լինի նախագահի աթոռին, կատարելու է այն, ինչը կատարում է ինքը։
Ոչ, պարոնայք, հայ ժողովրդի փրկության ճանապարհը Եվրոպայից չի անցնում, քանզի Թուրքիայի փրկության ճանապարհն անցնում է Երեւանից։
Ա. Լ. ՄՆՋՈՅԱՆ