Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երանի հոգով աղքատներին

Դեկտեմբեր 10,1998 00:00
mardu iravunqner

Իրավապաշտպան գործունեությունն անշնորհակալ եւ բարդ գործ է։ Մանավանդ այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, ուր քո կատարած գործի արդյունքը քիչ շոշափելի է։ Մինչդեռ մարդու իրավունքներ ոտնահարելը շատ ակնհայտ եւ տեսանելի է։

Կա Մարդու իրավունքների միջազգային հռչակագիր, եւ յուրաքանչյուր ոք կարող է որոշել, թե այդ հռչակագրի որ կետն է ինքը խախտել կամ մարդու կոնկրետ որ իրավունքն է ոտնահարված։ Այդ իրավունքների ամենամեծ պաշտպանները Հայաստանում ծնվում են քաղաքական գործիչների եւ լրագրողների միջավայրում։ Նրանք փութաջանորեն պաշտպանում են մարդու իրավունքները եւ փոխանակ իրենց գործունեության արդյունքներով գոհանալու, սպասում են, որ դրանք գնահատվեն։ Իրեն մարդու իրավունքների պաշտպան հռչակած Պարույր Հայրիկյանը (այսօր ՀՀ նախագահի խորհրդական) յուրաքանչյուր դեկտեմբերի 10-ին մրցանակներ է շնորհում այդ իրավունքների պաշտպանության գործում իրենց անձնուրաց դրսեւորած լրագրողներին։ Լրագրողներն էլ, քանի որ չեն կարող մարդու իրավունքները պաշտպանել նախագահի նստավայրում կամ Ստրասբուրգում, գոհանում են ստացած մրցանակով։

1998 թվականը տարելից է. լրանում է Մարդու իրավունքների հռչակագրի 50-ամյակը։ Սակայն մրցանակը տրվելու է, չգիտես ինչու, ոչ թե իրավապաշտպան լրագրողի, այլ ընտրական օրենսգրքի քննարկումները օբյեկտիվորեն մեկնաբանողին։ Ինչո՞ւ է Պարույր Հայրիկյանն այս անգամ նման նշանակալի առիթը բաց թողնում կրկին խոսելու մարդու իրավունքների մասին։ Պատճառը թերեւս ակնհայտ է։ Պարույր Հայրիկյանը այլեւս համոզված է, որ ինքը բազմիցս խախտել է Մարդու իրավունքների հռչակագիրը։ Առնվազն հայտնի է, որ Պարույր Հայրիկյանը փորձել է բռնություն գործադրել լրագրողի նկատմամբ (բարեբախտաբար, անհաջող՝ ֆիզիկապես թույլ գտնվեց)։ Մարդու իրավունքների պաշտպանը խոսքին բռունցք է հակադրել։ Այդ մասին հայտնի է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների։ Դրա մասին կգրվի «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության տարեկան հաշվետվությունում։

Պրն Հայրիկյանը դատի է տալիս ինձ՝ պահանջելով մուծել 2 մլն 500 հազար դրամ, որպես բարոյական վնասի հատուցում։ Չնայած օրենքի տառին եւ ոգուն համապատասխան «Առավոտը» նույն հարցով տպագրել էր նաեւ նախագահի խորհրդականի կողմնակիցների տեսակետը, որտեղ առատորեն էին ներկայացված իմ հասցեին ընտիր հայհոյանքները։ Պարույր Հայրիկյանի գործունեության մասին մամուլում նախկինում եւս քննադատական հոդվածներ են տպագրվել։ Սակայն նա դատարան է դիմում միայն հիմա, օգտագործելով բարձրաստիճան իշխանավորի վերջերս ձեռք բերած իր լծակները։ Նախագահի խորհրդականի եւ հանձնաժողովների նախագահի պաշտոնները նրան հնարավորություն են տալիս առանց դատարանի վճռի ԱԺ-ում հայտարարել, որ ինքը հաղթել է՝ դրանով, հնարավոր է, կանխորոշելով դատարանի վճիռը։ Ինչո՞ւ նա դատի չտվեց Վիգեն Խաչատրյանին, որը ԱԺ-ում հեռուստալսարանի առաջ նրան «ստահակ» անվանեց։ Պարզապես Վիգեն Խաչատրյանն այն ժամանակ ավելի մոտ էր կանգնած իշխանությանը։

Այսօր Պարույր Հայրիկյանի դրածոները որոշելու են. ինչն է լավը, ինչը՝ վատը։ Ով է լինելու այն լրագրողը, ով է նախագահի խորհրդականից վերցնելու 250 հազար դրամանոց մրցանակը, որը պրն Հայրիկյանը տասնապատիկ չափով փորձում է հետ վերցնել մեկ այլ լրագրողից։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031