Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆ ԴԵՄՔԻ ՊՐՈԲԼԵՄԸ

Դեկտեմբեր 10,1998 00:00
demq

Սուտ է այն, թե իր մեջ ճշմարտության ինչ-որ նշույլներ է պարունակում, բայց մանկուց ինձ հանգիստ չի տալիս մի պատմություն, որն առանց խղճի խայթի կարելի է նաեւ լեգենդ անվանել: Ժամանակին, ասում են, կազմակերպել են Չառլի Չապլինին կրկնօրինակողների համաշխարհային մրցույթ: Ծպտվելով, այդ մրցույթին մասնակցել է նաեւ ինքը՝ մեծն Չապլինը, սակայն նույնիսկ առաջին տասնյակում տեղ չի գրավել…

Ինքնըստինքյան հարց է առաջանում. եթե երկար ժամանակ հետեւես մեկին եւ ջանասիրաբար կրկնօրինակես այն ամենը, ինչ յուրահատուկ է նրան, ապա կարո՞ղ է ստացվել այնպես, որ այս տարօրինակ կյանքում նույնիսկ իրենից հաջող ներկայացնես իր իսկ անձը: Եվ եթե նման բան հանկարծ տեղի ունենա, դրանից հետո նա՞ պիտի կապկի քեզ, թե՞ դու՝ իրեն: Հարցին կարելի է նաեւ այլ ձեւակերպում տալ. եթե մի օր պարզվի, որ ժողովրդավարության հարցերում մենք առաջ ենք գնացել յոթ մղոնանոց քայլերով, ապա դրանից հետո կարո՞ղ է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Բիլ Քլինթոնը, ասենք, ստիպված լինի կապկել Արշակ Սադոյանին:

Սա, ինչ խոսք, աշխարհի գլխին կախված ռեալ վտանգ է, բայց քանի որ առաջադեմ մարդկությունը նույնիսկ չի կասկածում, թե վաղը-մյուս օրը ինչ փորձանք կարող է գալ իր գլխին, շարունակում է առաջնորդվել հին չափանիշներով: Առանձնապես երես առած Ամերիկան, օրինակ, արդեն բացահայտորեն երկրորդական է համարում բոլոր այն երկրները, որոնք չեն ապրում ժողովրդավարության արեւմտյան մոդելի օրենքներով: Նշանակում է, համաշխարհային նոր հեգեմոնի աչքերում արժանավոր տեսք ունենալու համար հարկավոր է առնվազն արտաքնապես նմանվել արեւմտյան ժողովրդավարներին, ձեւացնել, թե նրանց օրենքները քո արեւելյան հոգու ամենավառ արտահայտված բաղձանքներն են: Իսկ թե իրականում ինչպիսին ես ինքդ քո եւ ուրիշների հանդեպ, այնքան էլ կարեւոր չէ: Թեատակին խնամքով պահված քարը՝ նույնպես: Խոսքը, սակայն, միշտ չէ, որ ստիպողական կրկնօրինակման մասին է: Մեր կյանքը երբեմն կարգավորում են կամավոր կապկողները, օրինակ, առաջին զորակոչի լիբերալները, որոնք դեռ մինչեւ վերջերս հպարտանում էին, որ դրսի ժողովրդավարի կերպարի, սրտի ու հոգու պատճենահանման գործում մեծ հաջողությունների են հասել եւ, ամենայն հավանականությամբ, աշխարհում առաջինն են:

Բայց հնարավո՞ր է, որ, ընտրելով ժողովրդավարական զարգացման նույն ուղին, Հայաստանի եւ, ասենք, Զիմբաբվեի ժողովուրդը միեւնույն բնօրինակին կապկելով այնքան նմանվեն իրար, որ առաջին հայացքից նույնիսկ չզանազանվեն: Որպեսզի «Զիմբաբվե» բառը տհաճ ցնցումների մեջ չգցի մարդկանց, եւ հարցը ավելի հաճո լինի նրանց սրտին, ձեւակերպեմ այն այսպես. եթե աներկբայորեն հետեւենք (հասկանում եմ, որ «կապկել» բառը նույնպես այնքան էլ ձեր սրտովը չէ) Արեւմուտքին, կարո՞ղ ենք, արդյոք, մի օր երկրորդ Գերմանիա կամ Ֆրանսիա դառնալ: Նման հարցեր տալով ինքն իրեն, ականավոր ռուս փիլիսոփա, մի ժամանակ՝ խորհրդային այլախոհ, բայց հիմա Գերմանիայում ապրող եւ Ռուսաստանի ներկա իշխանությունների թերեւս ամենախիստ քննադատ Ալեքսանդր Զինովեւը այսպիսի օրինակ է բերում: «Ենթադրենք, որ բոլոր գերմանացիները հեռանում են երմանիայից, իսկ նրանց տեղը բնակություն են հաստատում ճիշտ նույն քանակությամբ ռուսներ: Նրանք գրավում են բնակարանները, տները, աշխատատեղերը եւ այլն: Երկու տարի անց երկիրը լիովին կործանված կլինի: Յուրաքանչյուր մարդկային նյութ չէ, որ համապատասխանում է ցանկացած նյութական մշակույթի»:

Մեր սրտին ու կաշվին մի քիչ ավելի մոտիկ օրինակ: Փորձեք արեւմտյան ցանկացած ժողովրդի համար այնպիսի դժոխային պայմաններ ստեղծել, որոնք մեզ մոտ գոյություն ունեին ոչ հեռավոր անցյալում: Համոզված չե՞ք, որ ոչ մեկը չէր դիմանա: Ասենք, ինչու՞ այդքան հեռու գնալ, եթե մեզ հետ նույն երկրում ու նույն պայմաններում տասնյակ տարիներ շարունակ ապրած ռուսները չեն դիմանում: Վլադիվոստոկում մի քանի օր լույս չեղավ, ժողովուրդը շուռ էր տալիս ղեկավարների ծառայողական ավտոմեքենաները: Իսկ մենք…ուրիշ ենք: Մեր գեներում վերապրման հազարամյա ստրուկ բջիջներ են ապրում…

Եթե անգամ մի կողմ դնենք ամենակարեւոր արգելքը (մենք, այնուամենայնիվ, արեւելյան ժողովուրդ ենք, իսկ ժողովրդավարությունը հասարակական կյանքի կազմակերպման մաքուր արեւմտյան մտքի արգասիք է), բազմաթիվ պատճառներ կունենանք պնդելու, որ արեւմտյան արժեքների ներդրումից մեզ մոտ ոչինչ չի ստացվի: Ինչպես ասում են, այն ժողովուրդը չենք: Իսկ Զինովեւը կավելացներ. մեր պատմությունն ուրիշ է:

Սրանք հանրահայտ ճշմարտություններ են եւ եթե հիմա հիշվում են, ապա զուտ այն պատճառով, որ իրատեսության փոխարեն դարձյալ ինչ-որ պատրանքներ են փորձում փաթաթել մեր պարանոցներին: Իսկ ես անվերջ հիշում եմ 96-ի սեպտեմբերյան այն դժբախտ օրը, երբ օպերայի մոտակայքում քաղաքացիական զգեստ հագած տղան ավտոմատը այնպիսի կատաղությամբ ուղղեց մեր կողմը, կարծես պատրաստ էր կրակել: Հիմա ես փորձում եմ հիշել նրա դեմքը, չեմ կարողանում եւ շատ եմ ափսոսում դրա համար: Քանի որ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում, հնարավոր է, նաեւ այդ տղան է հանդես գալու իբրեւ ամենաժողովրդավարական բլոկի թեկնածու: Իսկ ժողովուրդը պարզապես պարտավոր է լավ հիշել իր հերոսների դեմքերը, որքան էլ դրանք անօգուտ կապկումից աղճատված լինեն…

ՆԱՐԵԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել